Print this page
25/08/2019 - 13:20

ՖԻԴԷ-ի արձագանքը Հայաստանի եռակի չեմպիոնին Թուրքիայում մրցաշարի մասնակցութիւնից զրկելու փաստին

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԷ) արձագանքել է շախմատի կանանց Հայաստանի հաւաքականի անդամ Մարիա Գէորգեանի՝ Թուրքիայի մրցաշարի մասնակիցների թւից ադրբեջանցիների պահանջով հեռացնելու միջադէպին:

«alikonline.ir» - Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԷ) արձագանքել է շախմատի կանանց Հայաստանի հաւաքականի անդամ Մարիա Գէորգեանի՝ Թուրքիայի մրցաշարի մասնակիցների թւից ադրբեջանցիների պահանջով հեռացնելու միջադէպին:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրոյցում յայտնեց Հայաստանի եռակի չեմպիոն Մարիա Գէորգեանը: «Թուրքիայի մրցաշարում իմ մասնակցութեան հետ կապւած միջադէպն արդէն լայն արձագանք է ստացել եւ մեծ իրարանցում առաջացրել համաշխարհային շախմատում, ինչպէս նաեւ Հայաստանում: Արդէն տեղեկացրել էի, որ Հայաստանի շախմատի ֆեդերացիան նամակով դիմել էր ՖԻԴԷ-ին, որպէսզի ուսումնասիրւէր դէպքը: Արդէն ունենք պատասխան ՖԻԴԷ-ի ներկայացուցիչ Էմիլ Սուտովսկիից»,- ասաց Մարիա Գէորգեանը:

«ՖԻԴԷ-ն գործին ընթացք է տւել: Դէպքը մանրամասն ուսումնասիրւում է: Շուտով մեղաւորները խստագոյնս կը պատժւեն»,- գրւած է ՖԻԴԷ-ի ներկայացուցիչ Էմիլ Սուտովսկու պատասխանում:

Յիշեցնենք, որ օգոստոսի 18-ին Թուրքիայում կայանալիք Sivas Buruciye Сhess Open 2019 միջազգային մրցաշարին շախմատի Հայաստանի գործող չեմպիոն Մարիա Գէորգեանին մասնակցութեան հրաւէր ուղարկելուց օրեր անց մրցաշարի կազմակերպիչ թուրք Մուսթաֆա Էրոգլուն խնդրել է հրաժարւել մասնակցութիւնից ադրբեջանցիների պահանջով: Այդ թւում թուրք կազմակերպիչը հրաժարւել է Հայաստանի ներկայացուցչի մասնակցութեան ծախսերը հոգալ:

Մարիա Գէորգեանին ընդունել է ԱԺ կրթութեան, գիտուեան, մշակոյթի, սփիւռքի, սպորտի եւ երիտասարդութեան հարցերի մշտական յանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետեանը, որը նամակով դիմել է ՖԻԴԷ-ին՝ հայ շախմատիստուհուն մրցաշարից հեռացման վերաբերեալ հիմնաւորումներ ստանալու պահանջով: Միջադէպին արձագանքել են նաեւ բազմաթիւ միջազջային լրատւամիջոցներ, այդ թւում եւ BBC-ի ռուսական ծառայութիւնը:

 

Լուսինէ Շահբազեան

 

Յարակից լուրեր