Հա

Մարզական

04/09/2019 - 13:00

«Փիւնիկ»-ից մինչեւ «Ռոմա». քանի միլիոն է «պտտւում» Հենրիխ Մխիթարեանի տրանսֆերների շուրջ

Անգլիական «Արսենալ» ակումբից իտալական «Ռոմա» տեղափոխւելը Հենրիխ Մխիթարեանի 6-րդ ակումբը դարձաւ։ Գործարքներում նշւող պայմաններն ու գումարները տարբեր են եղել, երբեմն` ռեկորդային։

«alikonline.ir» - Անգլիական «Արսենալ» ակումբից իտալական «Ռոմա» տեղափոխւելը Հենրիխ Մխիթարեանի 6-րդ ակումբը դարձաւ։ Գործարքներում նշւող պայմաններն ու գումարները տարբեր են եղել, երբեմն` ռեկորդային։ Sputnik Արմենիան հետեւել է Մխիթարեանի ֆինանսական հոսքերին։

Հենրիխ Մխիթարեանը մեծ ֆուտբոլ մտաւ երեւանեան «Փիւնիկ»-ով` 2006 թւականի սեպտեմբերին հանդէս գալով «Շիրակ»-ի դէմ խաղի հիմնական կազմում։ Ընդամենը 17 րոպէ ֆուտբոլիստը դաշտում անցկացրեց առանց գոլի, իսկ այդ խաղի 18-րդ րոպէին բացեց հաշիւը` գոլի հեղինակ դառնալով մեծահասակ թիմերի պաշտօնական խաղերում։

«Փիւնիկ»-«Մետալուրգ». Դոնեցկ-դուբլ 1

Երիտասարդ եւ խոստումնալից ֆուտբոլիստով շատ արագ հետաքրքրւեցին Մոսկւայի «Լոկոմոտիւ»-ը, Կիեւի «Դինամօ»-ն, մի քանի ֆրանսիական ակումբներ եւ նոյնիսկ արգենտինական «Բոկա Խունիորս»-ը։ Սակայն ֆուտբոլայի բարձունքներն աստիճանաբար էին նւաճւելու, եւ 2009 թւականի ամռանը Մխիթարեանը յայտնւեց Դոնեցկի «Մետալուրգ»-ում, ընդ որում նոր ակումբի կազմում սկզբում խաղաց Եւրոպայի Լիգայում եւ միայն յետոյ Ուկրայինայի առաջնութիւնում։

Հենրիխի տրանսֆերի համար «Փիւնիկ»-ի ստացած գումարի մասին պաշտօնական տւեալներ չյաջողւեց գտնել, իսկ ոչ պաշտօնական տեղեկութիւններով` «Փիւնիկ»-ը որոշակի գումար է ստացել «Շախտեոր»-ի եւ նոյնիսկ «Բորուսիա»-ի հետ Մխիթարեանի պայմանագրից։ Սակայն ամէն ինչի մասին` հերթով։

«Մետալուրգ»-«Շախտեոր». Դոնեցկ-դուբլ 2

2010 թւականի ամռան վերջին տեղեկութիւն տարածւեց, որ «Շախտեոր»-ից բացի, Հենրիխով հետաքրքրւում են գերմանական «Վերդեր»-ն ու անգլիական «Տոտենհեմ»-ը, աւելին` համապատասխան տեղեկութիւնը յայտնւեց Լոնդոնի ակումբի կայքում։ Սակայն Հենրիխը երեւի դարձեալ որոշեց չշտապել եւ նոյնիսկ չտեղափոխւեց Դոնեցկից։ Պաշտօնական տւեալներով` «Շախտեոր»-ի հետ պայմանագրի արժէքը կազմեց 5.84 մլն. եւրօ։

2012/13 խաղաշրջանում Մխիթարեանը արդիւնաւէտութեան ռեկորդ սահմանեց Ուկրայինայի առաջնութիւններում` դառնալով 24 գոլի հեղինակ եւ այդպիսով գերազանցելով Ռեբրովի եւ Շացկիխի ձեռքբերումները (22 գնդակ)։ Նման արագութիւնը չէր կարող չգրաւել եւրոպական առաջատար ակումբներին, եւ մամուլում ակումբների բարձրագոչ անւանումներ հնչեցին։

«Շախտեոր»-«Բորուսիա». Դորտմունդի «գրաւումը»

Թւում էր, թէ Մխիթարեանը «Լիւերպուլ» կը տեղափոխւի, որի երկրպագուները արդէն սկսել էին սովորել արտաբերել Մխիթարեանի ազգանունը, բայց բոլորից առաջ անցաւ Դորտմունդի «Բորուսիա»-ն։ 4 տարւայ պայմանագիր կնքւեց «Բորուսիա»-ի համար ռեկորդային 27.5 մլն. եւրոյով, եւ 2013 թւականին Հենրիխը հագաւ գերմանական ակումբի սեւ ու դեղին համազգեստը։

2015/16 խաղաշրջանում Մխիթարեանը լաւագոյն խաղացող ճանաչւեց, եւ 2016 թւականին նրա գործակալ Մինօ Ռայոլան յայտարարեց, որ ֆուտբոլիստը տեղափոխւում է «Մանչեսթեր Իւնայթեդ»։ Պայմանագրի գումարը շատ մեծ էր` շուրջ 42 մլն. եւրօ։

«Բորուսիա»-«Մանչեսթեր». «սատանայական» պայմանագիր

«Կարմիր սատանաների» առաջին խաղաշրջանը Հենրիխը հիանալի խաղաց` թիմի հետ նւաճելով անգլիական սուպերգաւաթն ու յաղթելով Եւրոպայի լիգայում, իսկ յաջորդ խաղաշրջանը նրա համար այդքան էլ լաւ չդասաւորւեց. սկզբում կորցրեց տեղը հիմնական կազմում, իսկ յետոյ աստիճանաբար մշտական տեղ զբաղեցրեց պահուստայինների նստարանին։

«Մանչեսթեր»-«Արսենալ». մեկնեց Լոնդոնում ապրելու

Դա էլ խթան հանդիսացաւ «Արսենալ» տեղափոխւելու համար. այդ գործարքի գումարը նոյնպէս 42 մլն. եւրօ գնահատւեց, սակայն այստեղ պէտք է հաշւի առնել մի նրբութիւն. Մխիթարեանին փաստօրէն փոխարինեցին Ալեքսիս Սանչեսով։

«Արսենալ»-«Ռոմա». «զինագործը» «գայլ» դարձաւ

Եւ ահա նա վարձակալութեան իրաւունքով տեղափոխւեց «Ռոմա»։ Պաշտօնական տւեալներով` Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան եւ Հայաստանի ազգային հաւաքականի աւագ Հենրիխ Մխիթարեանը 1 խաղաշրջանի համար պայմանագիր կնքեց «գայլերի» հետ (այսպէս են «Ռոմա» ակումբն անւանում երկրպագուները)։ Իտալացիներն անգլիացիներին 3 մլն. եւրօ են տւել, պայմանագրի մէջ նաեւ 100 հազար եւրոյի բոնուս է գրւած` կախւած ֆուտբոլիստի ելոյթներից։ Մխիթարեանի աշխատավարձի մասին «Ռոմա»-ն դեռ չի յայտնում։

Հարկ է նշել, որ պայմանագրում նշւած մէկ տարի ժամկէտը լրանալուն պէս Հենրիխը կարող է վերադառնալ «Արսենալ», մնալ «Ռոմա»-ում, ինչպէս նաեւ ազատ գործակալի կարգավիճակ ստանալ։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։