Հա

Մարզական

14/01/2014 - 10:20

«Սիփանի գաւաթը» ֆեդերացիայի օրացոյց մտաւ

Հ. Մ. «Սիփան» միութեան լեռնագնացութեան խմբի նախաձեռնութեամբ կազմակերպւել է ««Սիփան»-ի գաւաթ» կոչւող ժայռամագլցման երկրի առաջնութեան երկրորդ շրջանը, որը տեղի կունենայ առաջիկայ հինգշաբթի եւ ուրբաթ օրերի ընթացքում:
Այս կապակցութեամբ զրոյցի ենք նստել մրցաշարի պատասխանատու Մասիս Ֆալլահի եւ «Սիփան» թիմի մարզիչ Արթիմէս Ֆարշադեգանէի հետ:

Հ. Մ. «Սիփան» միութեան լեռնագնացութեան խմբի նախաձեռնութեամբ կազմակերպւել է ««Սիփան»-ի գաւաթ» կոչւող ժայռամագլցման երկրի առաջնութեան երկրորդ շրջանը, որը տեղի կունենայ առաջիկայ հինգշաբթի եւ ուրբաթ օրերի ընթացքում:
Այս կապակցութեամբ զրոյցի ենք նստել մրցաշարի պատասխանատու Մասիս Ֆալլահի եւ «Սիփան» թիմի մարզիչ Արթիմէս Ֆարշադեգանէի հետ:


Արթիմէս Ֆարշադեգանէ
32 տարեկան է: Ժայռամագլցման մարզաձեւով զբաղւել է 12 տարեկանից: 1378 թւականին, երբ դեռ պատանի էր, մասնակցել է Իրանի ազատ (մեծահասակների) կարգի մրցաշարին եւ շահել առաջնութիւնը:
Շուրջ վեց տարի գլխաւորել է Իրանի հաւաքականը՝ որպէս աւագ մասնակից:
Մասնակցել է միջազգային մրցաշարերի, որոնցից առանձնացնում է Չինաստանի եւ Տայւանի աշխարհի առաջնութիւնները: Առաջին իրանցի մասնակիցն է եղել, ով մասնակցել է աշխարհի առաջնութեանը՝ «Բոլդերինգ» մրցաձեւում:
12 տարի առաջ (1380) արժանացել է մրցապատի նախագծման վկայագրի, ինչը արդէն համաշխարհային ֆեդերացիայի կողմից նոյնպէս հաստատւել է որպէս մրցոյթների մրցապատերի նախագծողի վկայագիր:


Հ.- Ժայռամագլցումը որպէս նոր մարզաձեւ կարծես արագօրէն տարածւում ու զարգացում է ապրում Իրանում: Վկան գործող իրանական տարում համաշխարհային մասշտաբով ձեռքբերւած ոսկէ մեդալն է: Սակայն, այս մարզաձեւը, ինչպէս հարկն է, կարծես թէ չի ֆինանսաւորւում որպէս այդպիսին:
Պ.- Այս կապակցութեամբ, ցաւօք, պէտք է նշեմ, որ հէնց այդպէս էլ կայ: Սեփական փորձից գիտեմ, որ երբ Իրանը ներկայացնող որեւէ մասնակից է ուղեւորւում միջազգային մրցաշարերի, ողջ եղած-չեղած ծախսերը պէտք է կրի ինքը՝ մասնակիցը: Սրանով ոչ միայն վնաս է կրում ինքը՝ Իրանի ժայռամագլցումը, այլ նաեւ խանգարում է, որ Իրանը որպէս հզօր երկիր՝ ներկայացւի միջազգային հարթակներում: Յիշում եմ, որ երբ սեփական ծախսով Ֆրանսիա մեկնեցի՝ մասնակցելու աշխարհի առաջնութեանը, մեր ֆեդերացիայի ժամանակի պատասխանատուները նոյնիսկ չհամաձայնեցին տրամադրել հաւաստագիրն ու համապատասխան համարանիշը, որով էր միայն, որ կարելի կը լինէր Իրանի դրօշի ներքոյ ներկայանալ մոնդիալին: Ինձ այնտեղ նոյնիսկ առաջարկւեց այլ կարգի համարանշով ելոյթ ունենալ, սակայն իմ արժանապատւութիւնը թոյլ չտւեց խաչ քաշել սեփական դրօշիս վրայ:


Հ.- Փաստօրէն, կարելի է ասել, որ պետութեան կողմից ֆինանսաւորման մասին մտածելը երազանք է:
Պ.- Գիտէք, սա մարզաձեւ է, որի համար մրցաշարեր կազմակերպելը եւ այն ֆինանսաւորելը ամէն ինչով կախում ունի նախաձեռնող կողմի ունեցած ծանօթութիւններից եւ նրա բարեացակամ ընկերներից: Այնպէս որ՝ նոյն միջոցներով հազիւ-հազ փորձ է արւում վառ պահել մարզիկների մրցակցութեան ոգին:


Հ.- ««Սիփան»-ի գաւաթ»-ի առաջին շրջանին յաջորդեց Ասիայի տղամարդկանց առաջնութիւնը, որը տեղի ունեցաւ Թեհրանում, իսկ ամիսներ անց Իրանը արդէն ունեցաւ իր առաջին աշխարհի չեմպիոնը: Սա լաւ ցուցանիշ կարող է լինել Իրանի ժայռամագլցման համար: Ներկայ դրութեամբ՝ այդ մասշտաբի քանի՞ մասնակիցներ ունենք:
Պ.- Այս դէպքում պէտք է նախ նշենք, որ մեզ խանգարում է մեր մարզիկների միջազգային բեմ դուրս գալու փորձի պակասը: Պատկերացրէք, որ անցեալ ութ տարւայ ընթացքում միջազգային մրցաշարեր ուղարկւելու դէպքերը սահմանափակւում են միայն մէկ-երկու օրինակով, այն էլ չգիտես ինչպիսի պայմաններով: Հաշւի առէք, որ սա ներմուծւած մարզաձեւ է, եւ պէտք է շփումների ու մրցոյթների միջոցով ծանօթանալ դրա մութ մնացած կողմերին: Մի խօսքով՝ մեր ունեցած գիտութիւնն ու տեղեկութիւնները միայն համատեղելի են մեր երկրում եղած ոճի եւ ստիլի հետ: Պէտք է տեսնել եւ ծանօթանալ միւսների կարողութեանը: Իսկ տաղանդի եւ կարողութիւնների առումով մերոնք արդէն փաստացիօրէն խօսք ունեն ասելու միջազգային պատերի վրայ:


Հ.- Այսօրինակ մրցոյթները ինչպէ՞ս կարող են ազդել այդ ամենի վրայ:
Պ.- Գարնանը Թեհրանում կազմակերպւեց Ասիայի առաջնութիւնը, որը ե՛ւ որակական, ե՛ւ քանակական առումներով դրական ազդեցութիւն ունեցաւ: Սակայն, ընթացիկ տարում, ցաւօք, ֆեդերացիան չկազմակերպեց Իրանի առաջնութեանը համարժէք մրցոյթ, որտեղ մեր մարզիկները հնարաւորութիւն կունենային չափւելով միմեանց հետ՝ մրցակցութեան փորձ կուտակել:


Հ.- Խօսենք «Սիփան»-ի թիմի մասին: Ինչպէ՞ս էք գնահատում թիմի կարողութիւնները:
Պ.- Այստեղ ամէն բան ուղղւած է մարզիկին արժեւորելու եւ նրան պատրաստելու առաջադիմութեան համար: Եղած ու կազմակերպւած մրցոյթներին մասնակցելը նոյնպէս նպատակային են եւ որոշիչ մեր թիմի համար: Սա կարող է իր դրական ազդեցութիւնն ունենալ նաեւ միւս մասնակիցների վրայ: Այնպէս որ՝ եթէ կազմակերպւած այլ մրցոյթներում միայն առաջնից երրորդն են պարգեւատրւում, ապա այն մեզ մօտ տրւում է առաջին ութը մասնակիցներին, իսկ մանկա-պատանեկան տարիքային կարգում շահողներից բացի՝ միւս բոլոր մասնակիցներին գոնէ տրւում է գնահատագիր:


Հ.- Ինչքա՞ն է կազմում մրցանակային ֆոնդը:
Պ.- Ընդհանուր գումարը կազմում է շուրջ եօթ միլիոն թուման... Սրանից բացի՝ նաեւ բոլոր շահողները ստանալու են գաւաթ եւ յուշանւէր:
Աւելացնեմ նաեւ, որ այս մրցոյթի համար ե՛ւ մարզադահլիճը, ե՛ւ միւս բոլոր հնարաւորութիւնները կարող են գոհացնել բոլորին, սակայն մեր մրցապատը մի քիչ փոքր է, որի կապակցութեամբ էլ յոյս ունենք, որ այն կը նկատւի պատասխանատուների կողմից: Նոյնիսկ այս դէպքում մեր կազմակերպած մրցոյթի որակը ոչ միայն չի զիջել, այլ գերազանցել է միւս բոլոր մրցոյթներին:


Հ.- Երբ մարզանքին ուղղւած բիւջէն իմաստաւորւում է միայն ֆուտբոլով, դժւար թէ հնարաւոր լինի սպասել, որ այս ուղղութեամբ դրական տեղաշարժ նկատւի: Սա հաստատ ձեր շրջանակներում աւելի լայն քննարկումների առիթներ է ունեցել: Ինչպէ՞ս էք եփում այս հարցը:
Պ.- Պէտք է անել ամէն բան, որ հարցը տեղափոխւի մամուլի օրակարգ: Սա հէնց այն առանցքն է, որի ուղղութեամբ պէտք է շարժւեն բոլորը: Նւազագոյն ծախսերով հնարաւոր է համաշխարհային մակարդակի մարզիկներ դաստիարակել, որով, բնականաբար, Իրանն ու Իրանի քաղաքացին են ստանալու հպարտանալու առիթներ: Աւելացնեմ, որ եթէ հեռուստաեթերից միայն չորս րոպէ յատկացւի նման մրցաշարերը լուսաբանելուն, վստահ եղէք, որ մեծ ընկերութիւնների աչքից չի վրիպելու այս երեւոյթը, որոնց ընդմիջից լաւ հովանաւորներ կը գտնւեն, որպէսզի հնարաւոր լինի աւելի մեծ գաղափարների մասին խօսել: Իսկ «Սիփան» թիմի մասին ասեմ, որ մի կողմից տօնական օրերի եւ հանդէսների պատճառով՝ մեր թիմին չյաջողւեց կանոնաւոր կերպով պատրաստւել մրցումներին: Իսկ քննութիւնները՝ միւս կողմից: Յուսով, որ ամէն բան լաւ լինի:


Հ.- Հայկական միութիւններում արդէն կան երեք ժայռամագլցման պատեր: Սակայն, դեռ չկայ որեւէ հզօր ժայռամագլցման թիմ: Ի՞նչ կասէք այս մասին:
Պ.- Կարող եմ խօսել միայն «Սիփան»-ի մասին, որտեղ հիմքը դրւել է փոքրիկներին մարզելով՝ ապագայում լաւ թիմ ներկայացնելու վրայ, որը անձամբ շատ բարձր եմ գնահատում: Եւ չմոռանանք, որ նախորդ շրջանի մրցոյթում «Սիփան»-ի կրտսերները թիմային հաշւարկով երկրի մակարդակով զբաղեցրին երրորդ տեղը: Սա նոյնպէս կարող է լաւ ցուցանիշ լինել թիմի համար...

* * *

«Սիփան» միութեան լեռնագնացութեան խմբի ժայռամագլցման բաժնի պատասխանատու Մասիս Ֆալլահը, նոյնպէս հանդիպելով թերթիս լրագրողին, յայտնել է ընթացիկ շաբաթւայ վերջին օրերում (հինգշաբթի եւ ուրբաթ, յունւարի 16-17-ը) Հ. Մ. «Սիփան» միութեան յարկի ներքոյ տեղի ունենալիք Իրանի ժայռամագլցման առաջնութիւն ««Սիփան»-ի գաւաթ»-ի կայացման մասին:
Պրն. Ֆալլահը խօսելով խմբի անցեալի մասին՝ նշել է, որ այն (խումբը) երկար տարիներ տարբեր միութիւններում աշխատելուց յետոյ՝ սրանից երեք տարի առաջ հանգրւանեց «Սիփան»-ում եւ աշխուժօրէն շարունակում է ծաւալել իր բոլոր աշխատանքները:
Հ. Մ. «Սիփան» միութեան լեռնագնացութեան խմբի մասին խօսելով՝ պրն. Ֆալլահը նշել է, որ այսօրւայ դրութեամբ՝ այն հայկական միակ խումբն է, որ գրանցւած է նաեւ Իրանի համապատասխան ֆեդերացիայում:
«Սիփան»-ի ժայռամագլցման պատի կառուցման մասին «Սիփան»-ի լեռնագնացութեան խմբի ժայռամագլցման բաժնի պատասխանատու Մասիս Ֆալլահը յայտնել է, որ խմբի կողմից եղաւ նման մի առաջարկ, որը ենթադրում էր Սասուն քաղաքամասում հայ երիտասարդութեանը ծանօթացնելու այս նոր մարզաձեւին եւ նրանց համար այս մարզաձեւով զբաղւելու համար դիւրութիւններ ստեղծելու նպատակով՝ կառուցել ժայռամագլցման այս պատը:
Առաջին դրամահաւաքը կատարւեց խմբի անդամների եւ ենթակայ ընտանիքների կողմից, որով հաւաքագրւած գումարը կազմեց շուրջ հինգ միլիոն թուման: Այդ գումարով էլ մեկնարկեցին կառուցապատման աշխատանքները:
Պատի կառուցման համար ծախսւեց աւելի քան 12 միլիոն թուման, որի մնացած բաժինը յանձն առաւ «Սիփան» միութիւնը: Պրն. Ֆալլահը նշել է նաեւ, որ հետագայում կատարւել են լրացուցիչ ծախսեր, որին իրենց մասնակցութիւնն են բերել խմբին անդամակցող պատանիների ու երիտասարդների ընտանիքները:
«Սիփան» միութեան ժայռամագլցման խմբի պատասխանատուն խօսելով ««Սիփան»-ի գաւաթ» կոչւող Իրանի առաջնութեան մասին՝ նշել է, որ այն արդէն տեղի է ունենում երկրորդ անգամ, որը նոյնիսկ հասցրել է արժանանալ ֆեդերացիայի նախագահի զարմանքին, որտեղ նա հանդիպման ժամանակ ասել է. «Առաջին անգամ նման բան ձեռնարկելուց յետոյ՝ մարդ գուցէ ընդհանրապէս թողնի այս ասպարէզը, իսկ այն երկրորդ անգամ կատարելն արդէն խօսում է անհատի սիրոյ ու նւիրւածութեան մասին...»: «Այնուամենայնիւ, մենք անցանք գործի եւ նախաձեռնեցինք ողջ երկրի մասշտաբով երկրորդ առաջնութիւնը»,- աւելացրել է պրն. Ֆալլահը:
Շարունակելով զրոյցը՝ նա նշել է, որ դժւար է շուրջ 80 միլիոնի հասնող երկրում ասելիք ունենալ, սակայն կարծում եմ, որ «Սիփան»-ի սաները նոյնպէս աչքի ընկնելու բարձր ունակութիւններ ունեն:
Խօսելով մրցոյթի կազմակերպման համար անհրաժեշտ փորձառութիւնների մասին՝ պրն. Ֆալլահը կարեւորել է «Սիփան»-ի ժայռամագլցման խմբի մարզիչ Արթիմէս Ֆարշադեգանէի դերը, ով իրանական եւ միջազգային մրցոյթներին մասնակցելու բերումով ունեցած իր մեծ փորձառութեամբ հնարաւոր դարձրեց տեխնիկական թերութիւնների վերացումն ու նմանատիպ խնդիրներին լուծում տալու հարցը: Պրն. Ֆալլահը նաեւ բարձր է գնահատել Լալա Ֆալլահի կատարած աշխատանքները, ում շնորհիւ՝ կազմակերպչական աշխատանքները պատշաճ ընթացք ունեցան:
Վաստակաւոր լեռնագնացը յաւելել է, որ ««Սիփան»-ի գաւաթ» անունը կրող այս մրցոյթի առաջին շրջանի կազմակերպման աշխատանքները կատարւեցին ընդամէնը երկշաբաթեայ սեղմ ժամանակահատւածում, իսկ արդէն այս՝ երկրորդ շրջանի նախապատրաստական աշխատանքները սկսւել են սրանից երկու ամիս առաջ, որը հնարաւոր դարձրեց հովանաւորներ գտնելու աշխատանքները մասամբ դիւրին դարձնել:
Պրն. Ֆալլահը շարունակելով թեման՝ նշել է նախորդ շրջանում կազմակերպւած մրցոյթի որակի մասին: Նա նաեւ նշել է առաջին շրջանի յաղթողներից Բայաթի հետ կատարած Իրանի հեռուստաընկերութեան լրատւական բաժնի հարցազրոյցը, որտեղ առաջնութեան մասնակցած մարզիկը նշել է, որ նման որակի մրցոյթ դեռ Իրանում տեղի չի ունեցել:
««Սիփան»-ի գաւաթ» անունը կրող այս մրցոյթը մեր խմբից՝ Ռուբիկ Յովհաննիսեանի, Արթիմէս Ֆարշադեգանէի եւ իմ ֆեդերացիայի նորընտիր նախագահին կատարած այցից յետոյ՝ արդէն գրանցւեց Իրանի լեռնագնացութեան եւ մագլցման մարզաձեւերի ֆեդերացիայի պաշտօնական օրացոյցի ցուցակում, որը կարող է նպաստել լաւ հովանաւորներ գտնելու գործին:
Ընթացիկ ծախսերի մասին խօսելով՝ խաղերի ընդհանուր պատասխանատուն նշել է, որ մօտաւոր հաշւարկներով նախատեսւած ծախսերից ընդամէնը 60 տոկոսի համար է յաջողւել գտնել հովանաւորներ, եւ սա այն դէպքում, երբ կազմակերպւած նման մասշտաբներով մրցաշարերի համար այլ ակումբներն ու ինքը ֆեդերացիան ծախսում են մի քանի անգամով աւելի գումար:

Զրոյցը վարեց ՀԱՏԻՍԸ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։