Հա

PDF

13/06/2019 - 12:50

Մեկնարկում է՝ «Armenia airways» աւիաընկերութեան Երեւան-Թեհրան-Երեւան չւերթը

Օրեր անց Թեհրանի երկնակամարում Երեւան-Թեհրան-Երեւան ուղղութեամբ չւերթ են իրականացնելու «Armenia airways» աւիաընկերութեան օդանաւերը: Աւիաընկերութեան աշխատանքներին եւ չւացուցակին ծանօթանալու նպատակով հարցազրոյց ենք կազմակերպել ընկերութեան տնօրէն իրանահայ գործարար Առլէն Դաւուդեանի հետ:

Օրեր անց Թեհրանի երկնակամարում Երեւան-Թեհրան-Երեւան ուղղութեամբ չւերթ են իրականացնելու «Armenia airways» աւիաընկերութեան օդանաւերը: Աւիաընկերութեան աշխատանքներին եւ չւացուցակին ծանօթանալու նպատակով հարցազրոյց ենք կազմակերպել ընկերութեան տնօրէն իրանահայ գործարար Առլէն Դաւուդեանի հետ:

Անդրադառնալով «Armenia airways» աւիաընկերութեան կազմաւորմանը, տնօրէնը ընդգծել է. ««Armenia airways»-ը, որպէս առանձին ընկերութիւն իր աշխատանքները սկսել է 2013 թւականից, ունեցել է ուսումնական չւերթներ մէկ օդանաւով եւ ուսումնական կենտրոն է եղել: 2017 թւականին մենք ձեռք ենք բերել աւիաընկերութիւնը զրոյական կարգավիճակով եւ մտայղացում է եղել ստեղծել հայկական աւիաընկերութիւն, հայկական հիմունքներով եւ հայկական սեփականութեամբ: Ընկերութեան սեփականատէրերը բոլորը հայեր են եւ չկան այլ բաժնետէրեր: 2017-ից սկսւել է նախնական աշխատանքները, օդաչուներ ներգրաւել, կազմել տեխնիկական բաժին, ինժիներինգ, անվտանգութիւն եւ աստիճանաբար ձեւաւորել ենք ընկերութիւնը:

Մօտաւորապէս մէկուկէս տարի է ինչ աշխատում ենք այդ ուղղութեամբ եւ արդէն ունենք մեր գծային սպասարկումը, եւ մեր հայ տեխնիկները սպասարկելու են մեր օդանաւերը: Ունենք երկու հայ օդաչուներ, իհարկէ դա չի բաւարարելու եւ մենք վարձակալութեան հիմունքներով կունենանք այլ օդաչուներ: Ներկայ դրութեամբ ունենք երկու օդանաւ, շուտով աւիաընկերութիւնը կը համալրւի երրորդ օդանաւով: Մի օդանաւը «BAE 146-300» մակնիշի է 112 տեղանոց, չորս շարժիչով անգլիական արտադրութեամբ, որը արդէն իսկ շահագործման ենթակայ է եւ յունիսի 15-ին Երեւանից կատարելու է իր առաջին չւերթը:

Առաջին 10 օրերին կունենանք շաբաթական երեք օր չւերթ, իսկ ամսի 24-ից սկսեալ կիրականացնենք ամենօրեայ չւերթներ: Մեր երկրորդ օդանաւը, յոյսով յուլիսի վերջերին միանայ մեր շարժակազմին եւ ըստ պահանջարկի, կարող ենք չւերթները հասցնել օրեկան երկու չւերթի, մէկը առաւօտեան շուտ, իսկ միւսը երեկոյեան աւելի ուշ ժամերի եւ կարծում եմ հնարաւորութիւնը ունենք շուկան ամբողջութեամբ բաւարարել:

Արդէն աւելի քան 10 օր է ինչ տոմսերը վաճառւում են Հայաստանում, իսկ մի քանի օր է ինչ Թեհրանում, յունիսի 11-ից տոմսերի վաճառքը բաժանւելու են Թեհրանում բոլոր տուրիստական ընկերութիւններին եւ աւիագործակալութիւններին եւ տոմս ցանկացողները կարող են դիմել այդ կենտրոնները նաեւ աւիաընկերութեան Թեհրանում իր աշխատանքը մեկնարկած գրասենեակը: Առաջին մէկ շաբաթը մի քիչ վերապահօրէն ենք մօտենում, քանի որ տոմսերի վաճառքի համակարգը եւս նոր համակարգ է եւ առաջին անգամն է, որ Իրանում նման համակարգով է տոմս վաճառւում, բայց շուտով բոլոր գրասենեակները վաճառելու են եւ որեւէ մենաշնորհային կարգավիճակ չի գործում»:

Անդրադառնալով տոմսերի օնլայն վաճառքին, Առլէն Դաւուդեանը ընդգծեց. «Տոմսերի օնլայն վաճառք կը լինի երկու պորտալով, մէկը կը լինի հայաստանեան մեր սայթերի վրայ եւ նրանք, ովքեր ունեն միջազգային սպասարկող քարտեր, ինչպէս «մաստեր քարտ» եւ «վիզա» կարող են օնլայն կարգավիճակով այն գնել, իսկ Իրանի պարագայում իւրայատուկ կարգավիճակ է եւ կանխատեսումներ կան իրանական «շեթաբ» քարտի համակարգի համար եւ օնլայն վաճառքը Իրանում կիրականանայ մէկ ամսից յետոյ»:

Նա իր զրոյցը հետեւեալ տողերով աւարտեց. «Մենք մեր աշխատանքը սկսել ենք Թեհրանով, քանի որ 25 տարի է ինչ զանազան աւիաընկերութիւնների ներկայացուցիչ եմ եղել Հայաստանում եւ մեզ համար այստեղ բաւականին հարազատ է ու հեշտ:

Բայց մեր երկրորդ օդանաւը շահագործման յանձնելուց յետոյ, մենք կը սկսենք ռեգիոնալ այլ չւերթներ իրականացնել հարեւան այլ երկրների ուղղութիւններով: Արդէն Իրաքի համար պահանջարկ կայ, պահանջարկ կայ նաեւ Վրաստանի, Բաթումիի, Սոչիի, Կրասնոդար եւ շրջանային այլ երկրներ: Օդանաւը իր տիպով փոքր է եւ ռեգիոնալ չւերթների համար է նախատեսւած:

Օդանաւը երկու շարքանոց է եւ ամէն մի շարք երեք տեղանոց, եւ այն մեր ինժիներների եւ տեխնիկների շուրջօրեայ վերահսկողութեանն է ենթակայ: Չւերթը Երեւանից ժամը 10-ին կը շարժւի, իսկ Թեհրանից կը վերադառնայ ժամը 13-ին, օրեկան մէկ չւերթի պարագայում:

Իսկ օրեկան երկու չւերթի պարագայում, ամառւայ շոգ օրերին ուղեւորների հանգստութեան համար մէկ չւերթը առաւօտեան աւելի շուտ է լինելու, իսկ միւսը երեկոյեան աւելի ուշ:

Միակողմանի տոմսի գինը Երեւանից 69000 դրամ, երկկողմանին 103000 դրամից է սկսւելու: Թեհրանից երթուդարձի տոմսի գինը 2 միլիոն 400 հազար թումանից է սկսւում»:

Թեհրանում կենտրոնական գրասենեակի հասցէն է՝ Շահրաքէ Ղարբ, Բուլւար Սինա, բիզնես կենտրոն, 5-րդ յարկ, համար 27 գրասենեակ: Հեռախօս՝ 88366400:

 

Հարցազրոյցը վարեց՝

ԿԱՐԻՆԷ ԴԱՒԹԵԱՆԸ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։