ԻրանՀայաստան - ԱրցախՏնտեսական

Հայաստան-Իրան առեւտրաշրջանառութեան ծաւալների կտրուկ աճ եւ երկկողմանի յարաբերութիւնների զարգացում

Իրանի պետական լրատւական գործակալութիւնում The Islamic Republic News Agency (IRNA) պարսկերէնով լոյս է տեսել տնտեսագէտ Սուրէն Պարսեանի յօդւածը՝ «ՀայաստանԻրան առեւտրաշրջանառութեան ծաւալների կտրուկ աճ եւ երկկողմանի յարաբերութիւնների զարգացում» թեմայով։

Ստորեւ ներկայացնում ենք յօդւածի հայերէն տարբերակը.

Հայաստանը եւ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը ունեն հազարամեակներ դիւանագիտական, քաղաքական եւ տնտեսական յարաբերութիւններ եւ անխախտելի սահման, որը հանդիսացել է տարածաշրջանի կայունութեան եւ բարգաւաճման կարեւոր գործօններից մէկը։ Անշուշտ, երկու երկրների փոխշահաւէտ յարաբերութիւնները եւ նախագծերը մշտապէս բարելաւման կարիք ունեն, եւ դրանցից մէկի մասին յայտարարւեց 2023 թւականի դեկտեմբերի 27-ին, Երեւանում, մամուլի ասուլիսի ժամանակ. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյեան եւ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանը յայտարարեցին Թաւրիզում Հայաստանի Հանրապետութեան գլխաւոր հիւպատոսութիւն բացելու մասին։

Հէնց Թաւրիզում հայկական հիւպատոսութեան բացման հնարաւորութիւնը եւս մէկ անգամ փաստում է, որ իրանական իշխանութիւնները հակւած են բազմավեկտոր եւ երկարաժամկէտ արտաքին եւ ներքին քաղաքականութիւն վարել։

Թաւրիզում ՀՀ գլխաւոր հիւպատոսութիւն հիմնադրելով, Արեւելեան Ատրպատականից բացի, հնարաւոր կը լինի հիւպատոսական սպասարկման տարածքը ընդլայնել ՀՀ յարակից այլ շրջանների, այդ թւում՝ ԻԻՀ Արեւմտեան Ատրպատական, Արդեբիլ, Գիլան ու Մազանդարան նահանգներ, ինչը կը նպաստի այս տարածաշրջանների միջեւ տնտեսական, մշակութային եւ կրթական կապերի զարգացմանը եւ ամրապնդմանը։ Ներկայումս հիւպատոսական սպասարկման այդպիսի լայն տարածքում գործունէութիւն ծաւալելու հնարաւորութիւն ունեն երկու հիւպատոսութիւններ՝ Թուրքիայի ու Ադրբեջանի գլխաւոր հիւպատոսութիւնները։

Հարկ է յիշեցնել, որ 1920 թւականին Խորհրդային իշխանութեան հաստատումից յետոյ Հայաստանը նոյնպէս հիւպատոսութիւն է ունեցել Թաւրիզում, սակայն Խորհրդային միութեան կազմաւորումից յետոյ այն լուծարւել է։

Հետեւաբար, հիւպատոսութեան բացումը կարելի է դիտարկել նաեւ երկու եղբայրական ժողովուրդների միջեւ պատմական եւ աւանդական կապերի վերականգման ուղղւած կարեւոր քայլ։

Թաւրիզում հայկական հիւպատոսութեան բացումը պէտք է դիտարկել Կապանում (Սիւնիք, Հայաստան) Իրանի Իսլամական Հանրապետութեան հիւպատոսութեան բացելու (2022թ.) հայելանման պատասխանը։ Հայկական եւ իրանական հիւպատոսութիւնների բացումը առաջին հերթին քաղաքական եւ անվտանգային բաղադրիչ ունի եւ ուղղւած է հիւսիս-հարաւ միջանցքի ապահովմանը։ Անշուշտ այն կարող է զսպել թուրք-ադրբեջանական այսպէս կոչւած «Զանգեզուրի միջանցք»-ի բացումը։ Հայաստանի Հանրապետութեան եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան տարածքային ամբողջականութիւնը եւ ինքնիշխանութիւնը կարմիր գիծ են. այլ երկրների ապակառուցողական եւ ագրեսիւ պահւածքը եւ քարոզչութիւնը, որն ուղղւած է Հայաստանի եւ Իրանի դէմ, պէտք է կասեցնել բոլոր հնարաւոր միջոցներով, այդ թւում՝ դիւանագիտական։ Եւ առհասարակ Հայաստանի տարածքով միջանցք ցանկացող երկրները, արդեօք պատրա՞ստ են իրենց երկրի տարածքով նման միջանցքներ տալ այլ երկրներին, կարծում եմ, որ ոչ։

Թաւրիզում եւ Կապանում գործող հիւպատոսութիւնները կարող են ուղղակի կամ անուղղակի եղանակով նպաստել Հիւսիս-հարաւ ճանապարհային միջանցքի կառուցման աշխատանքներին, մասնաւորապէս՝ 2023 թւականի հոկտեմբերի 23-ին Հայաստանի կառավարութեան եւ իրանական 3 ընկերութիւնների միջեւ ստորագրւել է նոր պայմանագիր, ըստ որի՝ իրանական կողմը կառուցելու է Ագարակ (Իրանի սահմանից)-Վարդանիձոր-Քաջարանի թունել ճանապարհահատւածը՝ 32 կմ. (Սիւնիք, Հայաստան)։ Հայաստանի այս տարածաշրջանում իրանական շինարարական ընկերութիւնների գործունէութիւնը ոչ միայն տնտեսական, այլ նաեւ անվտանգային եւ քաղաքական նշանակութիւն ունի։ Յիշեցնեմ, որ թուրք-ադրբեջանական ծրագրի համաձայն՝ հէնց Ագարակով (Մեղրիով) էի նախատեսում անցակցնել այսպէս կոչւած «միջանցք»-ը։ Ճանապարհահատւածի կառուցման աշխատանքներում իրանական շինարարական ընկերութիւնները կարող են ներգրաւել Թաւրիզից, սահմանակից այլ շրջաններից աշխատուժ, տեխնիկա, սարքաւորումներ եւ շինանիւթեր, ինչը կը խթանի տնտեսական ակտիւութիւնը այս տարածաշրջանում։

Միանշանակ է նաեւ, որ Թաւրիզում Հայաստանի Հանրապետութեան գլխաւոր հիւպատոսութեան բացումը կարող է նոր խթան հանդիսանալ երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական յարաբերութիւնների զարգացման համար։ Հարկ է նշել, որ վերջին տարիների ընթացքում կտրուկ աւելացել է Հայաստանի եւ Իրանի միջեւ առեւտրաշրջանառութիւնը, մասնաւորապէս՝ 2022 թւականին Իրանից Հայաստան է ներկրւել շուրջ 526 մլն. ԱՄՆ դոլարի ապրանք, որը 2017 թւականի համեմատ աւելի է 3 անգամ, իսկ 2021 թւականի համեմատ աւելի է 20 տոկոսով. Իրանից Հայաստան են ներկրւում հիմնականում բնական գազ, շինանիւթ, երկաթեղէն, կաթնամթերք, չոր եւ թարմ մրգեր, լոլիկ եւ այլն։ 2022 թւականին Հայաստանից արտահանումը Իրան կազմել է 102,3 մլն. ԱՄՆ դոլար, որը 2021 թւականի համեմատ աւելի է 56,1 տոկոսով. Հայաստանից Իրան արտահանւում են հիմնականում էլեկտրաէներգիա, մետաղի ջարդոն, սիգարետ, տաւարի միս, գառ եւ այլն։

Այսինքն՝ կարելի արձանագրել, որ իրանական ապրանքների արտահանման աճի տեմպը աւելի մեծ է, քան հայկականը։

Անշուշտ, իրանական ապրանքների արտահանմանը էապէս նպաստել է Եւրասիական տնտեսական միութեան (ԵԱՏՄ, որի անդամ է նաեւ Հայաստանը եւ միակը, որն ունի ցամաքային կապ Իրանի հետ) եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան միջեւ կնքւած ժամանակաւոր ազատ առեւտրի համաձայնագիրը, որի շնորհիւ իրանական 306 ապրանքներ զրոյական մաքսատուրքերով կարող են արտահանւել Հայաստան, Ռուսաստան, Բելոռուսիա, Ղազախստան եւ Կիրգիզստան։ Նախատեսւում է, որ 2024 թւականին Իրանի հետ ազատ առեւտրի համաձայնագիրը կը դառնայ մշտական։

Միաժամանակ ազատ առեւտրի մշտական համաձայնագիրը եւ երկու երկրներում հիւպատոսութիւնների բացումը կը նպաստեն կօօպերացիոն կապերի զարգացմանը, մասնաւորապէս՝ վերջին տարիների ընթացքում իրանական լոլիկը, կաթնամթերքը Հայաստանում վերամշակւում են եւ արտահանւում ԵԱՏՄ եւ այլ եւրոպական երկրներ։ Տեղին է նշել, որ Հայաստանը ազատ առեւտի համաձայնագրեր ունի նաեւ Եւրոմիութեան, ԱՄՆ-ի, Ճապոնիայի եւ այլ երկրների հետ, այսինքն՝ Հայաստանում վերամշակւած ապրանքները կարող են արտահանւել այն երկրներ, որոնք փակել կամ սահմանափակել են իրանական ապրանքների ներկրումը։

Անշուշտ, Թաւրիզում Հայաստանի հիւպատոսութիւնը կարող է սպասարկել նաեւ իրանցի եւ հայ զբօսաշրջիկների այցերը՝ նրանց ապահովելով տեղեկատւութեամբ եւ այլ հիւպատոսական այլ ծառայութիւններով։ Ամէն տարի աւելի քան 200 հազար իրանցիներ իրենց հանգիստ են կազմակերպում Հայաստանում, միաժամանակ Իրանը, մասնաւորապէս՝ Թաւրիզ կարող է հանդիսանալ հայ զբօսաշրջիկների նախընտրելի ուղղութիւնների մէկը՝ հաշւի առնելով հայ-իրանական պատմական եւ հարուստ ժառանգութեան առկայութիւնը. սա նոր խթան կը դառնայ երկու երկրների միջեւ զբօսաշրջային ենթակառուցւածքների զարգացման համար։

Իրանահայութեան կողմից իրականացւող ակտիւ եւ արդիւնաւէտ ծրագրերին զուգահեռ ներկայում պէտք է քայլեր իրականացնել Հայաստանի եւ Իրանի միջեւ կրթական, մշակութային կապերի զարգացման ուղղութեամբ, մասնաւորապէս՝ հիւպատոսարանները պէտք է իրենց շուրջ համախմբեն մտաւորականութեանը, ուսուցիչներին, դասախօսներին, ուսանողներին եւ աշակերտներին, կազմակերպեն փոխադարձ այցեր եւ համատեղ ծրագրեր իրականացնել, ինչը թոյլ կը տայ ոչ թէ որպէս զբօսաշրջիկ, այլ գործնական շփւել միմեանց հետ։

Ամփոփելով` պէտք է արձանագրել, որ Հայաստանի Հանրապետութեան եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան միջեւ քաղաքական, սոցիալ-տնտեսական եւ դիւանագիտական յարաբերութիւնների խորացումը ուղղւած չէ երրորդ երկրների դէմ, այդ յարաբերութիւնները հիմնւած են արժանապատւութեան, իմաստութեան եւ փոխշահաւէտութեան սկզբունքների վրայ։ Հայ-իրանական համատեղ ծրագրերի արդիւնքներից կարող են օգտւել ոչ միայն տարածաշրջանի, նաեւ այլ երկրները։

ՍՈՒՐԷՆ ՊԱՐՍԵԱՆ
Տնտեսագիտութեան թեկնածու, դոցենտ

Arfd.am

Առնչւող Յօդւածներ

Back to top button