Հայաստան - ԱրցախՔաղաքական

Արթուր Խաչատրեան. «Չեմ զարմանայ, եթէ Փաշինեանը, Ադրբեջանի պահանջով, Արցախի նախագահին կոչի Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչ»

44-օրեայ աղէտալի պատերազմում կրած պարտութիւնից յետոյ պատմական հայրենիքում ինքնորոշւած արցախահայութիւնը կանգնեց ցեղասպանութեան, իսկ հայ ազգը՝ պատմական հայրենիքի մի մասնիկի կորստի վտանգի առաջ: Այս մասին սեպտեմբերի 12-ին, ԱԺ-ում յայտարարութիւնների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը:

Ըստ նրա, թւում էր, թէ Հայաստանը պէտք է ամէն քայլ ձեռնարկէր՝ աւելի սերտացնելու հայկական երկու պետութիւնների միջեւ կապերը, օգնելու վիրաւոր Արցախին դարմանելու իր վիրաւոր վէրքերը եւ դիմագրաւելու լկտիացած Ադրբեջանի նոր սպառնալիքներին։

Ընդդիմադիր պատգամաւորն ընդգծեց, որ Ադրբեջանը հասկացել է, որ ՀՀ իշխանութիւնը Արցախին մենակ է թողել։

«Հայաստանի բազմադարեան պատմութեան մէջ միայն հայ բոլշեւիկներն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութիւնն են կասկածի տակ դնում Արցախի հայկականութիւնը»,- ասաց Ա. Խաչատրեանը։

Նա յայտարարեց, որ երէկ Նիկոլ Փաշինեանը հարւած հասցրեց Արցախի Հանրապետութեան թիկունքին, հանրապետութեան նորընտիր նախագահին անւանելով Լեռնային Ղարաբաղի առաջնորդ:

«Չեմ զարմանայ եթէ նա վաղը, տեղիք տալով Ադրբեջանի պահանջին, Արցախի Հանրապետութեան նախագահին կոչի Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչ:

Նախորդ 2-3 օրը պարոն Փաշինեանը բազմաթիւ հեռախօսազրոյցներ է ունեցել, տարբեր երկրների ղեկավարներին տեղեկացրել է Արցախում ստեղծւած կացութեան մասին, իսկ Թուրքիայի նախագահի հետ զրոյցը եղել է յատկապէս կարեւոր, նրանք պայմանաւորւել են շարունակել դիւանագիտական ջանքերը տարածաշրջանում երկարատեւ խաղաղութեան եւ կայունութեան ձեռքբերման ուղղութեամբ:

Սակայն Փաշինեանը ժամանակ եւ ցանկութիւն չի ունեցել զանգահարել Արցախի նորընտիր նախագահին: «Ինչ շնորհաւորելու բան կայ» յայտարարել է նա երէկ Հանրային հեռուստաընկերութեան եթերում»,- ասաց ընդդիմադիր պատգամաւորը:

Ըստ Խաչատրեանի, եթէ չէր ցանկանում շնորհաւորել, գոնէ Հայաստանի զօրակցութիւնը յայտնէր Արցախի մեր քոյրերին եւ եղբայրներին:

Առնչւող Յօդւածներ

Back to top button