Հայաստան - ԱրցախՔաղաքական
ԹԷԺ

Ստեփանակերտում հրետանու ձայներ են լսւում, յայտնի չէ, թէ որ ուղղութեամբ են կրակոցները

Ստեփանակերտում այս պահին օդային տագնապ է յայտարարւած:

Քաղաքում լսւում են հրետանու ձայներ, սակայն յայտնի չէ, թէ որ ուղղութեամբ են կրակոցները։

Աւելի վաղ Արցախի նախկին պետնախարար Ռուբէն Վարդանեանը «Telegram»-ի իր ալիքում գրել էր. «Մեզ մօտ զանգւածային հրետակոծութիւն է սկսւել»:

ԱՀ ԱԺ պատգամաւոր Մետաքսէ Յակոբեանը եւս այս մասին «NEWS.am»-ին ասաց. «Պատերազմ է: Երեխեքս դպրոցում են: Մօտ կէս ժամ է՝ կրակում են: Գնդակոծում են: Կապ չկայ, չենք կարողանում կապի դուրս գալ: Բոլորը երեխեքին կորցրել են, աւտոմեքենաներ չկան, որ գնանք վերցնենք դպրոցից »,- պատմեց պատգամաւորը:

ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան քարտուղար Տիգրան Աբրահամեանը եւս իր «Facebook»-ի էջում գրել է. «Ադրբեջանը կեղծ ահաբեկչական մեղադրանքը հնչեցնելով Արցախի հասցէին, այս պահին տարբեր ռազմական օբիեկտների ուղղութեամբ, տարբեր միջոցներով, զինատեսակներով կրակ է բացել»:

Նա նաեւ նշել է. «Առաջնահերթ թիրախներ են ընտրւել, որոնք այս պահին կրակի տակ են:

Այս պահին յստակ չի, թէ քաղաքացիական օբիեկտները եւս թիրախաւորւո՞ւմ են, թէ՞ ոչ, բայց հարւածները շարունակւում են»:

Արցախի տեղեկատւական շտաբը եւս յայտարարութիւն է տարածել, որտեղ ասւած է. «Ադրբեջանը լայնամասշտաբ յարձակում է սկսել Արցախի Հանրապետութեան նկատմամբ, օգտագործում է հրետանային միջոցներ եւ անօդաչու թռչող սարքեր։

Խնդրում եւ յորդորում ենք մնալ ապաստարաններում, ձեռնպահ մնալ համացանցում տեսանիւթերի եւ լուսանկարների հրապարակումից` յետեւելով միայն պաշտօնական լրահոսին։»

Առնչւող Յօդւածներ

Back to top button