Հայաստան - ԱրցախՔաղաքական

ՌԴ ԱԳՆ. Փաշինեանը խոստովանեց, որ ամբողջ ընթացքում Հայաստանը միտումնաւոր պատրաստում էին ՌԴ-ից շրջւելուն

Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեանի՝ 2023 թւականի սեպտեմբերի 24-ի անկախութեան մասին ուղերձը պարունակում է անընդունելի յարձակումներ Ռուսաստանի դէմ եւ չի կարող մերժումից բացի բան առաջացնել։ Այս մասին ասւում է ՌԴ ԱԳՆ յայտարարութիւնում:

Փորձ է արւում ազատւել ներքին ու արտաքին քաղաքականութեան մէջ ձախողումների պատասխանատւութիւնից՝ մեղքը բարդելով Մոսկւայի վրայ։ Փաշինեանի վերջին մտորումները հաստատում են մեր աւելի վաղ եզրակացութիւններն առ այն, որ Արեւմուտքից ներշնչւած եւ պաշտօնական Երեւանի կողմից հրահրւած գործընթացները, սեփական երկրի եւ մեր դաշնակցային յարաբերութիւնների համար կործանարար գործընթացները ոչ թէ դրւագային, այլ համակարգային բնոյթ են կրում։

Կառավարութեան ղեկավարը, ըստ էութեան, խոստովանել է, որ այս ամբողջ ընթացքում հանրապետութեանը միտումնաւոր պատրաստում էին Ռուսաստանից շրջւելուն։ Նրանց քայլերը, որոնք կոչւած են ստեղծելու Հայաստանի զարգացման նոր՝ արեւմտեան վեկտոր, անհամոզիչ կերպով արդարացւում են Ռուսաստանի Դաշնութեան եւ ՀԱՊԿ-ի ենթադրեալ սխալներով։ Միեւնոյն ժամանակ մոռացւում է, որ մեր պետութիւնները մեծ մասամբ համընկնող շահեր ունեն անվտանգութեան եւ զարգացման հարցերում, իսկ Միացեալ Նահանգները եւ ՆԱՏՕ-ի այլ երկրներ իրենց նպատակ են դրել ոչ միայն ռազմավարական վնաս հասցնել Ռուսաստանին, այլեւ ապակայունացնել մեր ընդհանուր եւրասիական տարածաշրջանը:

Ռուսաստանը միշտ հաւատարիմ է եղել իր դաշնակցային պարտաւորութիւններին, յարգել է հայկական պետականութիւնը եւ երբեք հանրապետութեանը չի կանգնեցրել ընտրութեան առաջ՝ մեզ հետ  կամ մեր դէմ։ Մոսկւան մեծամասշտաբ օգնութիւն է ցուցաբերել եւ շարունակում է ցուցաբերել եղբայրական Հայաստանին անվտանգութեան, տնտեսութեան եւ մշակոյթի ոլորտներում։

2020 թւականի աշնանը Ռուսաստանի Դաշնութեան եւ անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերով հնարաւոր դարձաւ կանխել Հայաստանի լիակատար պարտութիւնը։ Եթէ Փաշինեանը շաբաթներ առաջ համաձայնւէր զինադադարի, ապա պարտութիւնը պակաս ծանր կը լինէր: Ի վերջոյ, ռուս խաղաղապահների անձնուրաց՝ երբեմն սեփական կեանքի գնով գործունէութիւնը Լեռնային Ղարաբաղում ուղղակիօրէն հաստատում է Ռուսաստանի շարունակական յանձնառութիւնը կատարելու իր չափազանց դժւար առաքելութիւնը՝ ի շահ Ադրբեջանի եւ Հայաստանի ժողովուրդների միջեւ խաղաղութեան հասնելու, ինչի մասին Փաշինեանը նախընտրեց լռել»,- ասւում է յայտարարութիւնում:

«Tert.am»

Առնչւող Յօդւածներ

Back to top button