Հայաստան - ԱրցախՔաղաքական

Հայաստանի արդի մարտահրաւէրները եւ դրանց յաղթահարման այլընտրանքային ուղիները

Հայաստանի Հանրապետութեան պետականութեանն սպառնացող, ինչպէս նաեւ օրըստօրէ ահագնացող գոյութենական եւ անվտանգային նոր մարտահրաւէրներն արդիւնք են օրւայ իշխանութիւնների վարած հակապետական եւ ապազգային քաղաքականութեան։ Ներկայիս վարչախմբի որդեգրած պարտւողական եւ արկածախնդիր ուղեգծի արդիւնքում Հայաստանը յայտնւել է ծանրագույն կորուստներով լի իրավիճակում։

Նման պայմաններում, երբ արտաքին գործօններն են առաւելապէս պայմանաւորում Հայաստանի միջազգային վարքագիծն ու ներքին օրակարգը, դիւանագիտութիւնն անխուսափելիօրէն դառնում է պետականութեան պաշտպանման հիմնական բնագիծը։ Անկախ, ինքնիշխան, ամբողջական եւ կենսունակ պետութեան գոյութիւնը երաշխաւորելու համար առաջարկում ենք իրատեսական լուծումների այնպիսի փաթեթ, որը հնարաւորութիւն կը տայ կանգնեցնել միակողմանի զիջումների անվերջ շղթան եւ, միաժամանակ, ընկալելի կը լինի միջազգային հիմնական դերակատարների համար։

Հայաստանն այս չափազանց բարդ վիճակից դուրս բերելու եւ հետագայ անդառնալի կորուստներից զերծ պահելու համար անհրաժեշտ են հետեւեալ անհետաձգելի քայլերը.

-Արտաքին քաղաքական ռազմավարութեան սկզբունքային փոփոխութիւն՝ զսպման ճկուն քաղաքականութեան որդեգրմամբ։ Դրան զուգահեռ, բնական ու իրավիճակային դաշինքների ձեւաւորումը դիտարկւում է որպէս ադրբեջանա-թուրքական տանդեմին հակակշռելու իրական մեխանիզմ։

-Տարածաշրջանում տեւական եւ կայուն խաղաղութեան հաստատման համար, որպէս առաջնահերթութիւն, Արցախի հիմնահարցը վերստին ներառել Հայաստանի արտաքին քաղաքականութեան օրակարգում։ Հայաստանի Հանրապետութեան պարտաւորութիւնն է հետամուտ լինել Արցախի ժողովրդի հաւաքական եւ միջազգային երաշխիքներով ամրագրւած, իրենց հայրենի բնօրրան վերադառնալու անքակտելի իրաւունքին, բոլոր ռազմագերիների եւ պատանդների անյապաղ ազատմանն, ինչպէս նաեւ Արցախում հայկական հոգեւոր-մշակութային ժառանգութեան անձեռնմխելիութեան ապահովմանը։

-Սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը պէտք է բխի միջազգային իրաւունքի հիմնարար սկզբունքներից եւ ընդունւած պրակտիկայից. 1) ուժի կիրառման եւ դրա սպառնալիքի կամ պարտադրանքի արդիւնքում ձեռքբերւած որեւէ համաձայնութեան անընդունելիութիւնը եւ, 2) ոչինչ համաձայնեցւած չէ, քանի դեռ ամէն ինչ համաձայնեցւած չէ։ Միաժամանակ, պէտք է բացառել հայկական զինւած ուժերի ցանկացած նահանջ կամ դիրքային փոփոխութիւն՝ մինչեւ հայ-ադրբեջանական սահմանի ամբողջական սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի աւարտը։

-Համազգային ճգնաժամը յաղթահարելու համար կենսական անհրաժեշտութիւն է համահայկականութեան նոր բանաձեւումը, որին հասնելու միակ ճանապարհը պէտք է դիտարկել համահայկական ներուժի համախմբումը, ներհանրային հաշտեցումն ու համերաշխութիւնը։ Այս գործում անժխտելի է Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, համահայկական կառոյցների եւ Արցախի Հանրապետութեան օրինական իշխանութիւնների անփոխարինելի առաջնորդնութիւնն ու ակտիւ դերակատարութիւնը։

Վերոյիշեալ մարտահրաւէրներին դիմակայելու եւ առկայ խնդիրների լուծումը կեանքի կոչելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետութիւնը ժամ առաջ կարիք ունի բոլոր ազգային ուժերի համախմբման ճանապարհով որակապէս նոր իշխանութիւնների ձեւաւորման, որոնք յստակ հանձնառութիւն եւ պատասխանատւութիւն կը ստանձնեն տարածաշրջանում տեւական կայունութեան եւ արժանապատիւ խաղաղութեան համար։

Յայտարարութիւնն ընդունւել է դիւանագէտների համահայկական խորհրդի կողմից անցկացւած կլոր սեղան-քննարկման մասնակիցների կողմից:

29 ապրիլի, 2024 թ.

Երեւան

Առնչւող Յօդւածներ

Back to top button