ՄիջազգայինՔաղաքական

Ռուսաստանում աւարտւել է նախագահի թեկնածուների գրանցումը. պաշտօնի համար կը պայքարի 4 թեկնածու

Ռուսաստանի Դաշնութեան Կենտրոնական ընտրական յանձնաժողովն աւարտել է նախագահական ընտրութիւնների թեկնածուների գրանցումը, որի արդիւնքում երկրի գլխաւոր ղեկավար պաշտօնի համար կը պայքարի չորս թեկնածու՝ «Նոր մարդիկ» կուսակցութեան թեկնածու, գործող ղեկավար Վլադիսլաւ Դաւանկովը, գործող նախագահ, ինքնառաջադրւած Վլադիմիր Պուտինը, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցութեան առաջնորդ Լէոնիդ Սլուցկին եւ ՌԴ Կոմունիստական կուսակցութեան թեկնածու Նիկոլայ Խարիտոնովը։ Այս մասին յայտնում է «ՏԱՍՍ»-ը:

Կուսակցական թեկնածուների ընտրութիւններին մասնակցութեան առաջադրման փուլը տեւել է դեկտեմբերի 8-ից յունւարի 1-ը, ինքնաառաջադրւած թեկնածուների համար այն աւարտւել է դեկտեմբերի 27-ին։ Դեկտեմբերի 28-ին Ռուսաստանի Դաշնութեան Կենտրոնական ընտրական յանձնաժողովի ղեկավար Էլլա Պամֆիլովան յայտնել է, որ առաջադրման համար դիմողների թիւը կազմել է 33 (9-ը՝ կուսակցութիւններից եւ 24-ը՝ ինքնաառաջադրւած թեկնածուներ): Դրանցից ԿԸՅ առաջադրման փաստաթղթեր են ներկայացրել 15 հոգի։

Փետրւարի 8-ին Կենտրոնական ընտրական յանձնաժողովը հրաժարւել է թեկնածուներ Մալինկովիչին եւ Նադեժդինին գրանցել ընտրութիւններին մասնակցելու համար՝ ընտրողների թերի ստորագրութիւնների բարձր տոկոսի պատճառով։ Երկու թեկնածուներն էլ ունեցել են ստորագրութիւնների թոյլատրելի 5%-ը գերազանցող թերութիւններ (Մալինկովիչ՝ 14,9%, Նադեժդին՝ 15,2%)։ 

Թեկնածուների մասին

Դաւանկովը 39 տարեկան է: Պետդումայում նա զբաղեցնում է «Նոր մարդիկ» կուսակցութեան փոխնախագահի եւ խմբակցութեան ղեկավարի առաջին տեղակալի պաշտօնները։ 2023 թւականին նա մասնակցել է Մոսկւայի քաղաքապետի ընտրութիւններին՝ զբաղեցնելով չորրորդ տեղը եւ հաւաքելով ձայների 5,34%-ը։

Պուտինը 71 տարեկան է, նրա համար առաջիկայ ընտրութիւնները կը լինեն հինգերորդը իր քաղաքական կարիերայում, մինչ այդ նա չորս անգամ ընտրւել է պետութեան ղեկավար (2000, 2004, 2012, 2018), լաւագոյն արդիւնքը ցոյց է տւել 2018 թ.-ին: Նա ստացել է ընտրողների ձայների 76,69%-ը։

Սլուցկին 56 տարեկան է, նա գլխաւորում է ՌԼԴԿ-ն 2022 թւականի մայիսից եւ Դումայի միջազգային յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահն է։ Նա դարձաւ կուսակցութեան պատմութեան երրորդ թեկնածուն նախագահական ընտրութիւններում, կուսակցութիւնը նախկինում ընտրութիւններում ներկայացնում էին նրա հիմնադիր Վլադիմիր Ժիրինովսկին (1991, 1996, 2000, 2008, 2012 եւ 2018 թթ.) եւ Օլեգ Մալիշկինը (2004 թ.):

Խարիտոնովը 75 տարեկան է, նա Պետդումայի բոլոր ութ գումարումների պատգամաւոր է։ Ութերորդ գումարմանը նա ղեկավարում է Հեռաւոր Արեւելքի եւ Արկտիկայի զարգացման կոմիտէն։ Նրա համար գալիք նախագահական ընտրութիւնները երկրորդն են՝ ուղիղ 20 տարի առաջ նա զբաղեցրել է երկրորդ տեղը՝ հաւաքելով ձայների 13,69 տոկոսը։

Tert.am

Առնչւող Յօդւածներ

Back to top button