ՀամայնքՆոր Ջուղա

Երկօրեայ միջոցառումներով Նոր Ջուղայում ոգեկոչւեց Հայոց Ցեղասպանութեան 109-ամեակը

Երեքշաբթի՝ ապրիլի 23-ի երեկոյեան ժամը 18:30-ին, Ս. Ստեփանոս եկեղեցում, Սրբադասւած նահատակների յիշատակին տեղի ունեցաւ հսկման արարողութիւն, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սիփան արք. Քէչէճեանի եւ մասնակցութեամբ թեմի եկեղեցական դասի:

Այնուհետեւ երեկոյեան ժամը 19:30-ին, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան մարզասրահում իրականացւեց համահաւաք, որտեղ հնչեց Հայոց Ցեղասպանութեան 109-ամեակի ոգեկոչման Նոր Ջուղայի յանձնախմբի կոչը Զարենուշ Աղուրեանի միջոցով, Թեմական խորհրդի խօսքն ընթերցեց Նարբէ Ջարդն Դաւուդը, արտայայտւեց Իրանի Իսլամական խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը, բանախօսական ելոյթով հանդէս եկաւ Հայաստանից հրաւիրւած ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, բժիշկ, ազատամարտիկ Տարօն Տօնոյեանը, իսկ վերջում ներկաներին իր հայրական պատգամը փոխանցեց թեմակալ առաջնորդ Սրբազան Հայրը:

Միջոցառման ընթացքում իրականացւեց նաեւ գեղարւեստական յայտագրով ծրագիր, իսկ աւարտին ՀՅԴ «Ռուբէն» Երիտասարդական միութեան կազմակերպութեամբ տեղի ունեցաւ talk show:

Չորեքշաբթի՝ ապրիլի 24-ի առաւօտեան, Ս. Ամենափրկիչ վանքի Ս. Յովսէփ Արիմաթացի եկեղեցում մատուցւեց սուրբ եւ անմահ պատարագ, նախագահութեամբ Տ. Սիփան արք. Քէչէճեանի եւ մասնակցութեամբ եկեղեցական դասի, այնուհետեւ վանքի շրջափակում, Հայոց Ցեղասպանութեան նահատակների յիշատակը յաւերժացնող յուշարձանի առջեւ տեղի ունեցաւ ժողովրդական համահաւաք, որտեղ աշակերտական ելոյթներով հանդէս եկան Նոր Ջուղայի հայոց ազգային դպրոցները: Ապա տեղի ունեցաւ ծաղկեմատոյց:

Երկօրեայ միջոցառումները վարեց Մանիա Ղուկասեանը:

Նշելի է նաեւ, որ չորեքշաբթի՝ ապրիլ 24-ի երեկոյից մեկնարկել են մարզական մրցոյթներ՝ նւիրւած Հայոց Ցեղասպանութեան 109-ամեակին, մասնակցութեամբ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան ֆուտսալի ու բասկետբոլի խմբերի եւ պարսիկ հայրենակիցներից կազմւած այլ մարզական խմբերի միջեւ, որոնք կը շարունակւեն մինչեւ ուրբաթ՝ ապրիլի 26-ը:

Մանրամասնութիւնները՝ հետագային:

Թղթակից (Նոր Ջուղա)

Առնչւող Յօդւածներ

Back to top button