ԹեհրանՀամայնքՀայաստան - Արցախ

ՀՈՒՍԿ հաստատութեան նախաձեռնութեամբ՝ դասախօսական երեկոյ՝ Հ.Բ.Ը.Մ կենտրոնատեղիում

«ԱԼԻՔ», Հ. Շ. – Երէկ՝ ապրիլի 29-ին, ՀՈՒՍԿ հաստատութեան նախաձեռնութեամբ՝ Հայկական Բարեգործական Ընդհանուր միութեան կենտրոնատեղիում տեղի ունեցաւ «Երէկ Արցախ, այսօր Տաւուշ, վաղը Սիւնիք-հայրենի հողի պաշտպանութեան մերօրեայ հրամայականը» խորագրով դասախօսական երեկոյ: Օրւայ բանախօսն էր ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Աննա Գրիգորեանը:

Երեկոն վարում էր ՀՈՒՍԿ հաստատութեան նախագահ Իսակ Իւնանէսեանը, ով միջոցառման նպատակին անդրադառնալով եւ դասախօսին ներկայացնելուց յետոյ խօսափողը տրամադրեց նրան:

Աննա Գրիգորեանը բուն թեմային անդրադառնալուց առաջ նշեց, որ սա իր երկրորդ այցելութիւնն է Իրան, եւ որ հայ համայնքի ներկայացուցիչների եւ ի մասնաւորի Հայ Դատի յանձնախմբի ջանքերի շնորհիւ բաւականին կարեւոր եւ արդիւնաւէտ հանդիպումներ է ունեցել տարբեր մակարդակներում եւ այդ կապակցութեամբ յուսալի է իր համար Իրանի Իսլամական Հանրապետութեան դիրքորոշումները Հայաստանին աջակցելու ուղղութեամբ:

Ելոյթի սկզբում նա անդրադառձաւ «Արցախի թեման փակւած է» կեղծ բանաձեւին եւ դրա յաղթահարման ձեւերին, անդրադառնալով ժամանակագրական ընթացքին՝ 44-օրեայ պատերազմից մինչեւ վերջին իրադարձութիւնները: Խօսւեց ՀՀ գործող իշխանութիւնների դաւաճանական գործողութիւնների եւ դրանց չէզոքացնելու փորձերի, դրանց ձեռքբերումների ու ձախողման պատճառների, եւ ընդդիմութեան ու առհասարակ Հայաստանում գործող ազգային ուժերի ապագայ անելիքների մասին:

Գրիգորեանը նաեւ անդրադառնալով վերջին օրերում Տաւուշի շուրջ ստեղծւած դիմադրութեանը եւ դրա նախաձեռնողներին, կարեւորեց ցանկացած յաջողութեան հասնելու համար ժողովրդական եւ համազգային լայն համախմբում եւ բազմամարդ շարժում ստեղծելու առանցքային դերը:

Դասախօսութեան վերջում ներկաները իրենց հարցերը ուղղեցին քաղաքական գործիչին եւ ստացան համապարփակ սպառիչ պատասխաններ:

Նշենք, որ միջոցառմանը ներկայ էին «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչ Սեւան Դանիէլեանը, Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը, միութիւնների եւ ազգային մարմինների ներկայացուցիչները:

Առնչւող Յօդւածներ

Back to top button