ԹեհրանՀամայնք

Պահանջատէր հայը կրկին ասպարէզում է

Հայոց Ցեղասպանութեան 109-ամեակի առիթով եւ Սրբադասւած նահատակների յիշատակը մեծարելու նպատակով, Ապրիլ 24-ի առաւօտեան, Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում նախագահութեամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի մատուցւեց սուրբ եւ անմահ պատարագ, որի ընթացքում քարոզեց Տ. Առաքել աբեղայ Գատեհճեանը: Յաւարտ ս. պատարագի Սրբազան Հօր գլխաւորութեամբ թափօրը սկաուտների կազմած շարքերից անցնելով շարժւեց եկեղեցու բակում գտնւող, Հայոց Ցեղասպանութեան մէկուկէս միլիոն անմեղ զոհերի յիշատակը յաւերժացնող յուշարձանի մօտ, եւ տեղի ունեցաւ Բարեխօսական կարգ, եկեղեցու դպրաց դասի շարականների երգեցողութեամբ:

Յուշարձանի մօտ Սրբազան Հայրը օրւայ առիթով իր պատգամը փոխանցեց: Պատգամի ընթացքում Սրբազան Հայրը նշեց. «Հայոց Ցեղասպանութեան 109-րդ տարելիցն է: Հարիւր իննը տարիներ են անցել այդ չարաղէտ թւականից, երբ մեր ժողովուրդը ենթարկւեց անմարդկային ցեղասպանութեան եւ մեր երկիրը զրկւեց իր բնիկ ժողովրդից:

Այս օրերին նաեւ պատմութիւնը կարծէք կրկնում է ինքզինք: Այսօր մենք նորից տարագիր ժողովուրդ ենք: Մեզ զրկեցին մեր հայրենիքից եւ դրա համար մենք պայքարում ենք, որպէս պահանջատէր ժողովուրդ. պայքարում ենք մեր իրաւունքների ձեռքբերման համար, պայքարում ենք, որպէսզի մեր սրբազան նահատակնրի արիւնը վերընձիւղւի հայկական հողին՝ ծնունդ տալով նոր հերոսների, որոնք պիտի շարունակեն իրենց կեանքի գոյապայքարը»: Սրբազան հայրը այսպէս շարունակեց. «Մենք ստիպւած ենք միասնաբար՝ մեր հաւաքական ճիգով, հաւաքական աշխատանքով եւ մեր նւիրական սրբութիւններին կառչած մնալով փորձել փարատել սեւ ամպերը մեր հայրենի երկրակամարից: Հետեւաբար մենք այսօր եկել ենք ուխտելու, որ կը շարունակենք մեր պայքարը յանուն մեր մէկուկէս միլիոն նահատակների, պիտի շարունակենք մեր պայքարը յանուն մեր այսօրւայ հայրենիքին. պիտի շարունակենք մեր պայքարը մեր ժողովրդի կենդանութեան համար եւ վերջապէս պիտի շարունակենք պայքարը միշտ վառ պահելով մեր յոյսը դէպի ապագայ»:

Սրբազան Հայրը նշեց. «Դժբախտաբար այս օրերին ականջալուր ենք լինում հայրենիքում տեղի ունեցող տխուր իրադարձութիւնների, սակայն հաւատացած ենք, որ մեր ժողովուրդը, որպէս իր հայրենիքի եւ իր հողերի տէրը պիտի լինի միասնական եւ միահամուռ, որպէսզի կարողանայ իր նպատակին հասնել եւ այս միասնականութիւնը կը լինի հաւատարմութեան եւ յանձնառութեան ուխտով եւ նաեւ մեր հայրերի մեզի աւանդւած հաւատքով»:

Օրւայ արարողութիւնը շարունակւեց,յուշարձանի մօտ ծաղիկների մատուցմամբ ու խնկարկմամբ: Իրենց յարգանքի տուրքը մատուցեցին՝. Տ. Սեպուհ, արք. Սարգսեանը, Տ. Առաքել աբեղայ Գատեհճեանը եւ Քահանայից դասը, Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամաւոր Աննա Գրիգորեանը, Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արսէն Աւագեանը եւ դեսպանութեան դիւանագիտական անձնակազմը, Մեծի Տանն Կիլիկիոյ Ազգային Կենտրոնական վարչութեան Քաղաքական ժողովի անդամ՝ Յովսէփ Աւետեան, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի, Թեմական խորհրդի, Կրօնական խորհրդի, Հաշւեքննիչ մարմնի ներկայացուցիչները, Իրանի Հայ Կաթողիկէ եւ Աւետարանական եկեղեցիների հոգեւոր հայրերը, «Ալիք» հաստատութեան, «Ալիք» օրաթերթի, Հայ Դատի յանձնախմբի եւ Հայոց Ցեղասպանութեան 109-րդ տարելիցի ոգեկոչման յանձնախմբի ներկայացուցիչները, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտէիում Իրանի ներկայացուցիչ՝ Հենրիկ Խալոյեան, Թեմիս Ազգային մարմինների, Եկեղեցական խորհուրդների, միութիւնների եւ դպրոցների ներկայացուցիչները եւ մեծ թւով ժողովուրդ: Նշելի է, որ Ապրիլ 24-ի առաւօտեան Ս. Սարգիս եկեղեցում ներկայ էր նաեւ Իսլամական խորհրդարանում հրեաների պատգամաւոր Հոմայուն Սամէ եա Նաջաֆաբադին:

Պահանջատիրական համահաւաքի ընթացքում ժողովուրդը վանկարկում էր կարգախօսեր:

Օրւայ առիթով հրաւիրւեց իր խօսքը փոխանցելու Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը: Իր ելոյթի ընթացքում պատգամաւորը ընդգծեց, որ կրկին համախմբւել ենք ապացուցելու, որ հաւատարիմ ենք մեր նահատակների յեղած արեանը եւ արդար պահանջին: Նա ընդգծեց, որ Հայոց Ցեղասպանութեանը զուգահեռ, 1915-ին Օսմանեան թուրքերի միջոցով նաեւ էթնիկ զտումների ենթարկւեցին ասորիները եւ քուրդերը, որը ըստ քաղաքական վերլուծաբանների այդ քայելը եւս համարւում է օսմանեան թուրքերի կողմից էթնիկ խմբերի վերացման քաղաքականութիւն: Արա Շահվերդեանը նշեց, որ անտարակոյս նման ոճրագրծութիւնների անպատժելիութիւնը եւ գործադիրներին ու հրաման արձակողներին չպատժելը, ոչ միայն քստմնելի արարք է, այլ նաեւ հետագայում ենթահող ստեղծեց այնպիսի ոճրագործութիւնների կրկնման ու շարունակման, որոնց ականատեսն ենք այսօր: Իր ելոյթի ընթացքում պատգամաւորը ընդգծեց. «Ցաւօք այսօր եւս երկւակի մօտեցում է դրսեւորւում Ղոդսը օկուպացրած ռեժիմի եւ Ադրբեջանի կառավարութեան նկատմամբ: Արցախի բնակչութեան բռնի տեղահանումը իրենց հայրենիքից եւ էթնիկ զտումը, Ադրբեջանի կողմից Սիւնիքի կեղծ միջանցքը բացելու յաւակնութիւնը, Գազայի անիրաււած ժողովրդի նկատմամբ իրականացւած ոճրագործութիւնը, լինեն նրանք քրիստոնեայ, թէ՝ մուսուլման եւ քրիստոնեաների ու մուսուլմանների եկեղեցիների ու մզկիթների աւերումը, Երուսաղեմի հայերի վրայ գազանային յարձակումը՝ այդ տարածքի հայերի տարծքները գրաւելու նպատակով, բոլորը իրականացւում են էթնիկ զտումների ուղղութեամբ, եւ բացայայտում են արեւմտեան ուժերի երկւակի ու կեղծ մօտեցումները Մարդու իրաւունքների նկատմամբ»:

Նա իր ելոյթի ընթացքում գնահատանքով անդրադարձաւ Իրանի Իսլամական Հանրապետութեան եւ ժողովրդի ջանքերը, իրաւազրկւածներին նեցուկ հանդիսանալու առումով եւ գնահատանքի խօսք ուղղեց պետական բոլոր այն օրգաններին ու նախարարութիւններին եւ կարգապահական ուժերին որորնք ամէն տարի չեն խնայում իրենց ջանքը Ապրիլ 24-ի համահաւաքը լաւագոյնս իրականանալու առումով:

Միջոցառմանը Թեմական խորհրդի խօսքն ընթերցեց խորհրդի ատենադպիր Հայրիկ Աղանեանը: Խօսքի մէջ ասւած էր «Հայ ժողովրդի մէջ ազատ-անկախ ապրելու գաղափարը գալիս է դարերի խորքից: Ազատութիւնն ու անկախութիւնը մշտապէս եւ սկզբից եղել է հայ ժողովրդի հիմքն ու առանցքը: Պէտք է ասել, որ այն սկիզբ է առել հայ ժողովրդի ցաւալի դէպքերի ու բազմաչարչար ու բազմադարեան վշտերի հետեւանքով: Մենք դարեր շարունակ որդեգրել ենք ազատ եւ ինքնուրոյն ապրելու գաղափարը: Դարեր շարունակ հայ ժողովուրդը ստեղծագործել ու միջոցներ է փնտրել ու ձեռնարկել ազատ-անկախ ապրելու համար, եւ բոլոր այդ իրադարձութիւնները հետագային հիմք դարձան հայ ազգային ազատագրական պայքարի: Հազարամեակների տհաճ իրադարձութիւնները հայ ժողովրդին տւել են գիտակցելու, որ միակ փրկութիւնը կարելի է իրականացնել միասնական ու համահունչ քայլերով, ուժով եւ պայքարով»: Նա ընդգծեց. «Այսօր հայրենիքի սահմանների եւ ժողովրդի անվտանգութեան ու ապահովութեան հարցը միայն ու միայն պատկանում է հէնց ինքը՝ հայ ժողովրդին: Մենք յաճախ մատնւեցինք թալանի: Մեծ եղեռնը սեւ սպի թողեց հայոց պատմութեան էջերում եւ հայ ժողովրդի մարդկային, նիւթական, հոգեւոր մշակութային ժառանգութիւնների եւ հայրենիքի տարածքների վրայ՝ թողնելով բացասական ու խոր արմատական ու անփոխարինելի վնասներ, որոնց հետեւանքներն ու արդիւնքները դեռ կարելի է տեսնել եւ զգալ սերնդէ սերունդ: Նոյնը եւ կատարւում է այսօր Հայաստանի սահմանամերձ հայաբնակ ու հայաշատ գիւղերում: Ձեռագիրը նոյնն է ու կրկնւում է պատմութիւնը»:

Օրւայ պահանջատիրական համահաւաքի արտայայտութիւնները եզրափակւեց օրւայ 9-կէտանոց բանաձեւի ընթերցմամբ, որը ընթերցեց Հայոց Ցեղասպանութեան 109-րդ տարելիցի ոգեկոչման յանձնախմբի ներկայացուցիչ՝ Մհեր Անդրէասեանը, իսկ իւրաքանչիւր կէտի ընթերցումից յետոյ ժողովուրդը բարձրաձայն վանկարկում էր՝ հաստատում ենք: Կէտերի ընթացքում դատապարտւել էր Ադրբեջանի ոճրագործ եւ ահաբեկիչ վարչակարգի միջոցով 120 հազար հայորդիների բռնի տեղահանումը Արցախից ,որը բնութագրւել էր մի նոր Ցեղասպանութիւն, դատապարտւել էր պանթուրքիստական-սիոնիստական նենգ ջանքերը Իրանի ու Հայաստանի պատմական կապի ճանապարհները խզելու ուղղութեամբ, դատապարտւել էր Իրանի Իսլամական Հանրապետութեան հիւսիսային սահմանների մօտակայքում սիոնիստական ռեժիմի եւ թաքֆիրական գործակալների ու արտատարածաշրջանային ուժերի միջամտող ներկայութիւնը, այն բնութագրւելով տարածաշրջանի անկայունութեան գործօնը եւ պահանջւել էր նրանց անյապաղ հեռացումը:

Ապա եկեղեցու շրջափակում ներկայ հայորդիները հայերէնով ու պարսկերէնով վանկարկեցին կարգախօսեր իսկ վերջում «Սարդարապատ» քայլերգով աւարտւեց օրւայ պահանջատիրական համահաւաքը:

Թղթակցութիւնը կազմեց ԿԱՐԻՆԷ ԴԱՒԹԵԱՆԸ

Լուսանկարները՝ ՀԱՏԻՍԻ

Առնչւող Յօդւածներ

Back to top button