ԹեհրանՀամայնքՀայաստան - Արցախ

Համահաւաք՝ Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցում, ի զօրակցութիւն «Տաւուշ յանուն Հայրենիքի» շարժմանը

«ԱԼԻՔ», Կ. Դ. – Ի զօրակցութիւն Տաւուշի հայոց թեմի առաջնորդ Տ. Բագրատ արք. Գալստանեանի եւ «Տաւուշը յանուն Հայրենիքի» շարժման, հինգշաբթի՝ մայիսի 9-ին, Թեհրանի Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում տեղի ունեցաւ համահաւաք:

Մայիսի 9-ը թւական, որը մարմնաւորում է «Հարսանիք լեռներում» գործողութիւնը եւ Շուշիի ազատագրումը:

Այս տարի մայիսի 9-ը համընկնում էր Յիսուս Քրիստոսի Համբարձման տօնին, այդ առիթով նախ Թեհրանի Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում նախագահութեամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի, Ս. Պատարագ մատուցեց Տ. Առաքել աբեղայ Գատեհճեանը եւ պատարագի ընթացքում քարոզեց օրւայ առիթով: Ապա կատարւեց հոգեհանգստեան արարողութիւն յանուն Հայրենիքի նահատակների յիշատակին:

Կրօնական արարողութեան աւարտին եկեղեցում, Հայաստանի վերջին իրադարձութիւնների եւ օրւայ համահաւաքի առիթով իր խօսքը փոխանցեց «ԱԼԻՔ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Արամ Շահնազարեանը:

Իր ելոյթի ընթացքում Արամ Շահնազարեանը անդրադառնալով հայրենի աշխարհի դէմ ծառացած օրհասական վիճակին եւ Հայաստանում գործող իշխանութեան դաւադիր ու հայրենակործան քաղաքականութեանն ընդգծեց, որ այսօր այս օրհասական օրերին զուգահեռաբար փորձում են յաղթանակել երկու իրականութիւններ, երկու Հայաստաններ, առաջինը՝ հոգեւոր  եւ արժէքային Հայաստանն է, այն Հայաստանը որում ապրում ենք մենք բոլորս հոգով ու սրտով, Հայաստանում պայքարի դուրս եկած մեր հայրենակիցները եւ նրանց աջակցող Սփիւռքի մեր հայրենակիցները: Մարդիկ, որոնց համար առաջնային եւ արժէքային է Հայրենիքը, հաւատքը, արժանապատւութիւնը եւ յաղթական հոգով ապրելը: Երկրորդը՝ նեռի չարապետութիւնն է, ոչ արժէքային եւ նիւթապաշտ Հայաստանը, որտեղ սատանայի ծառաները, որոնք ուրանում են Հայրենիքը, հաւատքը, արժէքայինը եւ այն ամէնը՝ ինչ ազգային է, եւ պատրաստ են յանուն իրենց կաշւի փրկութեան, յանուն իրենց նիւթական շահերի, յանուն աթոռը մէկ օր աւել պահելուն զիջել ամէն ինչ, սկսեալ Հայրենիքից, հաւատքից, արժանապատւութիւնից եւ հայկական նկարագրից: Ահա այս երկու իրականութիւններն են որոնք գնում են զուգահեռաբար: Օրւայ բանախօսը նշեց. «Սկսած 2018 թւականից նրանք սին ու կեղծ խոստումներով խաբել ու բթացրել են հայ ժողովրդին եւ մեզանից խլել են ամէն ինչ, մեր արժանապատւութիւնը մեր յաղթանակները, իսկ այսօր փորձում են վերջնականապէս մեզ պարպել մեր ինքնութիւնից»:

Նա ընդգծեց, որ հայ ժողովրդի թշնամին միայն մէկ նպատակ է հետապնդում բզկտել, մասնատել ու կազմաքանդել Հայոց Պետականութիւնը ու թողնել մի բուռ Հայաստան, որը իր գոյութեամբ կախւած է լինելու նրանից, եւ ցաւօք սրտի Հայաստանում այսօր իշխանութեանը բազմած հայրենիքը ուրացող, ազգութիւնը ուրացող, հաւատքը ուրացող անձինք փորձում են յագուրդ տալ այդ ամէնին: Նա ընդգծեց, որ եթէ այսօր ընկրկենք եւ յանձնւենք, վաղը չի լինելու Հայոց Պետականութիւն ու ինքնիշխան Հայաստան, եւ, բնականաբար չի կարող գոյատեւել նաեւ Սփիւռքը, ուստի պէտք է հաւատալ եւ պատրաստ լինել յամառ պայքարի մինչեւ արձանագրենք յաղթանակ ու վերականգնենք մեր ոտնտակ տրւած արժանապատւութիւնը:

Ապա յանուն հայ յանձնառու երիտասարդի իր խօսքը փոխանցեց պատանի Դաւիթ Շահնազարեանը, իր խօսքի մէջ նա նշեց. «Այսօր վտանգւած է մեր հայրենիքը: Մենք, մեր պարտքն ենք համարում միանալ մեր հայրենիքի պաշտպանութեան համար ձեւաւորւած շարժմանը»:

Եզրափակիչ խօսքը փոխանցեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը: Իր ելոյթի ընթացքում Սրբազանն ընդգծեց, որ երանի հնարաւոր լինէր հայ ժողովրդի պատմութեան ժամացոյցի սլաքները վերադարձնել այն օրւայն, երբ ազատագրւեց փառապանծ Շուշին եւ յուզումով յիշեց այն օրերը, երբ Մայիսի 9-ին հայ ժողովրդի զաւակները Շուշիում հպարտօրէն տօնում էին Շուշիի ազատագրումը, եւ ասում էին, որ պիտի գայ այն օրը երբ հայ ժողովուրդը պէտք է նշի ամբողջական Հայաստանի ձեւաւորման տօնը: Սրբազան Հայրն ընդգծեց, որ Արցախը հայ ժողովրդի հոգում անմահացած է, եւ ոչ ոք չի կարող այն հանել հայ ժողովրդի սրտից: Նա կարեւորեց հայ ժողովրդի հաւատարմութիւնը Հայրենիքին եւ ազգային ու հոգեւոր արժէքներին եւ նշեց, որ պիտի գայ մի օր երբ մենք կրկին ազատագրենք մեր Շուշին եւ նւիրագործենք Արցախը, քանզի Արցախը մեր ժողովրդի եւ հայրենիքի անբաժան մասն է, եւ որեւէ մէկին իրաւունք վերապահւած չէ այն իր աթոռի պահպանման համար բաշխել թշնամուն:

Սրբազան Հայրը ապա ժողովրդին հրաւիրեց մէկ րոպէ լռութեամբ յարգել մեր նահատակների յիշատակը եւ եկեղեցում ներկաները բռունցքները վեր բարձրացրած յարգեցին յանուն Հայրենիքի նահատակների յիշատակը: Ապա եկեղեցու բակում ժողովուրդը մասնակից դարձաւ համահաւաքին եւ իր զօրակցութիւնը յայտենեց Տաւուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ արք. Գալստանեանին եւ «Տաւուշը յանուն Հայրենիքի» շարժմանը:

Կրօնական արարողութեանը եւ համահաւաքին ներկայ էին՝ ՀՅԴ Բիւրոյի անդամ Վիգէն Բաղումեանը, Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, «ԱԼԻՔ» հաստատութեան ներկայացուցիչ Սեւան Դանիէլեանը, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգային Կենտրոնական վարչութեան Քաղաքական ժողովի անդամ՝ Յովսէփ Աւետեանը, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի ատենապետ Սուրիկ Աբնուսեանը եւ դիւանը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի փոխատենապետ Վահէ Թարոյեանը եւ անդամներ, ազգային մարմինների եւ միութիւնների ներկայացուցիչներ, երիտասարդներ եւ հայրենակիցներ:

Լուսանկարները՝ ՀԱՏԻՍԻ

Առնչւող Յօդւածներ

Back to top button