Ատրպատական

Յարգանք հայ եւ իրանցի նահատակաց՝ Թաւրիզում

Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Հինգշաբթի, փետրւարի 8-ին, առաւօտեան ժամը 11:00-ին, Թաւրիզի հայոց ազգային գերեզմանատանը յատուկ աղօթքով պետական յարգանք ընծայւեց հայ նահատակներին: Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի, Թեմական խորհրդի եւ հայ համայնքի զաւակների կողքին, սոյն աղօթքին ներկայ գտնւեցին Ուրբաթօրեայ աղօթապետի ներկայացուցիչը, կուսակալը, Նահատակների պետական հիմնարկութեան տնօրէնը, եւ նահանգապետի առաջին խորհրդական՝ դոկտ. Թորաբ Մոհամմադին, ով նաեւ բանախօսեց այս առիթով, ինչպէս նաեւ բարձրաստիճան մուսուլման կրօնաւորներ եւ զինւորականներ: Նահանգապետի խորհրդականը մեծ յարգանքով արտայայտւեց հայ նահատակների յիշատակին, շեշտելով Իրանի Իսլամական Հանրապետութիւնում բնակւող բոլոր հայրենակիցների միասնականութիւնը:

Սրբազան Հայրը իր պատգամը հաղորդելով յարգանքի սոյն հանդիսութեանը, ասաց. «Իրանի Իսլամական յեղափոխութեան օրերի, ինչպէս նաեւ պարտադրեալ պատերազմի տարիներին ընկած բոլոր նահատակները, մեր բոլորի յարգանքին արժանի են, անկախ նրանց կրօնական կամ ազգային պատկանելիութիւնից: Միեւնոյն հայրենիքի պատկանելիութիւնը եւ միեւնոյն հողից ծնւած լինելու քաղցր զգացումը վեր է բոլոր տեսակի պատկանելիութիւններից եւ զգացումներից: Իր հայրենիքը պաշտպանող զինւորը մարդասպան չէ, այնպէս ինչպէս իր տունն ու ընտանիքը աւազակներից պաշտպանող հայրը ոճրագործ չէ»: Սրբազան Հայրը իր խօսքերի մէջ Իրանի դրօշի երեք գոյների բացատրականը տալով, նահատակների կարմիր գոյնի վերեւ խաղաղութեան սպիտակը ներկայացրեց Աստծու անւան հովանաւորութեամբ եւ Նրա հայեացքի ներքոյ երկրի բարգաւաճումը՝ կանաչով:

Տեղի ունեցած ոգեկոչման արարողութիւնից յետոյ, գերեզմանատան սրահում տեղի ունեցաւ «Այս անունով փողոց չկայ» պարսկերէն գրքի շնորհանդէսը, որի հեղինակն է Մասումէ Ջաֆարզադէն: Գիրքը նւիրւած է թաւրիզահայ երեք նահատակների, որոնց հարազատները ներկայանալով բեմ, գրքից օրինակներ եւ յուշագրեր ստացան հեղինակից: Սրբազան Հայրը բարձր գնահատեց նորատիպ գրքի հեղինակին, յատկապէս իրանեան հայրենիքի համար առանց կրօնական ու ազգային խտրութեան նահատակւած հայերի մասին անդրադարձ կատարած լինելու համար: Ներկայ բարձրաստիճան հոգեւոր եւ քաղաքական պատասխանատուներ շնորհաւորական տողեր արձանագրեցին յատուկ յուշապատի վրայ, նշելու համար սոյն գրքի շնորհանդէսի գեղեցիկ առիթը:

Հանդիսութիւնից յետոյ, ներկաները միասնաբար ուղղւեցին դէպի հայ նահատակների շիրիմների մօտ, որտեղ կատարւեց խնկարկութիւն, «Հոգւոց» եւ ծաղկամատոյց: Յայտնենք, որ նոյն առիթով պետական փողերախումբը հնչեցրեց Իրանի քայլերգը եւ յեղափոխութեան յաղթանակը նշող նւագներ, իսկ ծաղկամատոյցի պահին՝ նահատակաց յարգանքի մահերգը:

Կէսօրից յետոյ ժամը 13:00-ին, «Վադիյէ Ռահմաթ» իսլամական գերեզմանատուն ուղղւեցին Ատրպատականի հայոց թեմի առաջնորդի գլխաւորութեամբ՝ Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի անդամներ, միութիւնների եւ կազմակերպութիւնների ներկայացուցիչներ, ինչպէս նաեւ հայ համայնքի զաւակներ, յարգանքի տուրք ընծայելու Իրանցի իսլամ նահատակներին:

Տեղի ունեցաւ ծաղկեմատոյց եւ յետոյ՝ Սրբազան Հայրը յատուկ աղօթք կատարեց, հոգու խաղաղութիւն հայցելով Ամենակալից, վասն նահատակաց: Օրւայ ծաղիկների մատուցումը եւ հիւրասիրութիւնը ստանձնել էր թեմի Վանքերի ուխտագնացութեան Գործադիր յանձնախումբը:

Յայտնենք, որ երեքշաբթի, փետրւարի 6-ին, ժամը 10:30-ին, Ուրմիայի Ռահւա գիւղի գերեզմանատանը եւս հոգեհանգստեան յատուկ արարողութիւն կատարւեց հայ նահատակների շիրիմների վրայ: Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանը կատարեց հոգեհանգստեան կարգը, ներկայութեամբ ասորի եկեղեցու հոգեւորականների, Գործակալական խորհրդի ներկայացուցիչների, ինչպէս նաեւ նահատակների ընտանեկան պարագաների, գլխաւորութեամբ ազգային բարերար Էդիկ Մեջլումեանի: Տէր հայրը Սրբազան Հօր անունից ցաւակցութիւն եւ Սուրբ Հոգու մխիթարութիւն յայտնեց նահատակների ընտանիքներին:

Առնչւող Յօդւածներ

Back to top button