Ատրպատական

Իսլամական Մշակոյթի ընդհ. տնօրէնը գնահատեց Ատրպատականի համայնքապետերին

Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Չորեքշաբթի, փետրւարի 21-ի առաւօտեան ժամը 10-ին, Ատրպատականի արեւմտեան նահանգի Իսլամական Մշակոյթի տարածման կենտրոնատեղիում յատուկ հանդիպում տեղի ունեցաւ քրիստոնեայ համայնքապետերի հետ, հրաւէրովը սոյն հիմնարկութեան ընդհանուր տնօրէն դոկտ. Նոռուզիի:

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը, ընկերակցութեամբ ազգային բարերար Էդիկ Մեջլումեանի եւ Ուրմիայի Ս. Ստեփանոս եկեղեցու Գործակալական խորհրդի ատենապետ Վանիկ Յակոբեանցի, մասնակցեց սոյն ընդունելութեան, որը կազմակերպւել էր համայնքապետերին գնահատելու, յեղափոխութեան տօնի առիթով համայնքների իրականացրած գեղարւեստական ծրագրերը, որոնք այնքան սիրով եւ բարձրամակարդակ կատարել էին քրիստոնեայ համայնքները Ուրմիայում:

Սոյն հանդիպմանը ներկայ էին ասորական եկեղեցիների զոյգ թեւերի՝ Արեւելեան եւ Կաթոլիկ համայնքապետերը իրենց Գործակալական խորհրդի ատենապետներով, ինչպէս նաեւ Իրանի Իսլամական խորհրդարանում ասորի համայնքի պատգամաւոր Շառլի Էնւիէ:

Ընդհանուր տնօրէն Նոռուզին բարի գալստեան եւ գնահատանքի խօսքերով դիմեց ներկաներին, յիշելով որ Իսլամական յեղափոխութեան 45-ամեակի առիթով քրիստոնեայ համայքների կազմակերպած ծրագրերը բարձր գնահատանքի արժանի են: Այնուհետեւ խօսք տրւեց համայնքապետ Սրբազաններին:

Սրբազան Հայրը թուրքերէն լեզւով միանգամ եւս վեր հանելով Իրանի Իսլամական յեղափոխութեան բերած բարիքը իրանցի ժողովրդի կեանքում, յիշեց երեք օրեր առաջ անձնապէս իր ներկայութիւնը երկրի կրօնական առաջնորդ այաթ. Խամենէի ելոյթին նրա նստավայրում, որի ընթացքում մեծ ղեկավարը կարեւորութեամբ շեշտել էր առաջիկայ խորհրդարանական ընտրութիւններին մասնակցելու անհաժեշտութիւնը: Նրա խօսքերը մէջբերելով, Սրբազան Հայրը ասաց, որ իրանցի ժողովրդի միասնականութիւնը եւ դէպի քւէատուփեր ուղղւելը, աւելի տկարացնելու է թշնամուն: Սրբազան Հայրը հաւաստիացրեց, որ Ատրպատականում հայ ժողովրդի զաւակները անյապաղ ուղղւելու են դէպի քւէատուփեր:

Հանդիպման աւարտին, ընդհանուր տնօրէնը յուշանւէրներով պատւեց համայնքապետ Սրբազաններին, գնահատելով նրանց անվերապահ գործակցութիւնն ու աջակցութիւնը:

Առնչւող Յօդւածներ

Back to top button