ԹեհրանՄշակութային

Հ. Մ. «Արարատ» կ.-ի Արւեստից միութեան նախաձեռնութեամբ՝ տեղի ունեցաւ «Սուրբ Ծննդեան երգերի բացատրական համերգ»-ը՝ «Կոմիտաս»-ում

«ԱԼԻՔ» – Խմբավար Արփի Սիմրոջեանի ղեկավարութեամբ Հ.Մ.Ա.Կ.-ի «Արարատ» եւ Հ.Հ.Ը.Մ.-ի «Տաւիղ» երգչախմբերի եւ Հ.Մ.Ա.Կ.-ի «Մանկա-պատանեկան երաժշտա-թատերական» խմբի համագործակցութեամբ՝ ուրբաթ, յունւարի 19-ին, «Արարատ» կենտրոնատեղիի «Կոմիտաս» համերգասրահում տեղի ունեցաւ «Սուրբ Ծաննդեան երգերի բացատրական համերգ»-ը:

Արւեստից միութեան անունից բացման խօսքով հանդէս գալով Մինէ Նազարեանը հանդիսատեսին ներկայացրեց Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից միութեան համապատասխան խմբերի գործունէութեան եւ ստեղծագործական աշխատանքների մասին համառօտ բացատրութիւն:

Կոմիտասի «Այսօր տօն է Սուրբ Ծննդեան» ստեղծագործութեամբ մեկնարկած համերգին երագչախումբը կատարեց Վիւալդիի, Լէոնթովիչի, Ֆիլիպ Գորդէնի, Ջէյմզ Պիէրպոնտի, Բենի Անդերսընի եւ այլ անւանի երաժշտագէտների մշակած ստեղծագործութիւններից 14-ը:

Իւրաքանչիւր համարով ներկայացւող երգի պատմութեան մասին բացատրական ելոյթով, հանդէս էին գալիս՝ Էրւին Գալստեանի գլխաւորած «Մանկա-պատանեկան երաժշտական» խմբի փոքրիկները: Հանդիսատեսի կարծիքով առանց այդ ելոյթների, որոնք, ինչ որ տեղ նաեւ ասմունքային կատարումներ էին յիշեցնում, համերգը չէր ունենայ այն ազդեցութիւնը, ինչ վայելեց հանդիսատեսը համերգի աւարտին:

Ծրագրի աւարտին Սրբազան Հայրը, ով վերջերս էր վիրահատութիւն տարել եւ պարտադիր անկողնային վիճակ էր նշանակւած նրա համար, սակայն կարեւորելով երեկոյթի իսկութիւնը ներկայ էր համերգին, իր ելոյթում անդրադարձաւ համերգի բովանդակութեանը, միաժամանակ յիշելով, որ տարիներ առաջ, երբ Վեհափառ Հայրապետին էր ընկերակցում Իրան կատարած այցի շրջանակներում, ականատեսը եղաւ երգչախմբային կատարումների: Իսկ լուսահոգի Արտակ արք. Մանուկեան Սրբազանը բարձր գնահատելով երաժշտական կատարումները յիշեցրել էր, որ հայ երգարւեստի անբաժանելի մասն են կազմում նաեւ եկեղեցական-հոգեւոր երգերը: Սրբազան Հայրը յաւելեց. «Ինչի առիթով պէտք է ասել, որ վստահ եղէք, որ այժմ նա երկնքից ժպտում ու գոհունակութիւն է յայտնում ձեր այսօրւայ կատարումների համար»:

Հանդիսատեսի շարքերն էին համալրել Իսլ. խորհրդարանում իրանահայ պատգամաւոր Արա Շահվերդեանը, անւանի երաժշտագէտ-կոմպոզիտոր Լորիս Ճգնաւորեանը, ՊԺ-ի ներկայացուցիչները եւ արւեստի այլ գործիչներ:

Լուսանկարները՝ ՀԱՏԻՍԻ

Առնչւող Յօդւածներ

Back to top button