Թեհրան

Արա Շահվերդեանի համայնքային հանդիպումները

– Իրանի Իսլամական խորհրդարանում, Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի գրասենեակից տեղեկանում ենք, որ Իսլամական խորհրդարանի օր՝ դեկտեմբերի 1-ի առիթով, «Արաքս» ազգային աղջկանց դպրոցի տեսչուհի Անի Մանուկեանը, դպրոցի փոխտեսչուհին, ծնողական խորհրդի նախագահուհին եւ «Արաքս» ազգային աղջկանց դպրոցի հիմնադրման 70-ամեակը նշող յանձնախմբի նախագահը, այցելել են Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանին: Հիւրերը շնորհաւորելով խորհրդարանի օրւայ կապակցութեամբ, համապարփակ զեկոյց են ներկայացրել 70-ամեայ յոբելեանի ծրագրերի մասին:

– Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան նորընտիր վարչութեան անդամները, օրերս այցելել են Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանին: Պատգամաւորի գրասենեակում կայացած մտերմիկ հանդիպման ընթացքում, միութեան վարչութեան նախագահ Սերոժ Օհանեանը անդրադաձել է միութեան համար նախատեսւած առաջիկայ ծրագրերին ու առգոյ խնդիրներին:

– Պատգամաւոր Արա Շահվերդեանը օրերս այցելել է Թեհրանի «Բաւան» պատկերասրահում կազմակերպւած իրանահայ գեղանկարչուհի Ադենա Միրզախանեանի գործերի ցուցահանդէսը, որը կոչւում է. «Կոտրւած հայելիներ»: Այցի ընթացքում պատգամաւորը զրուցել է արւեստագէտի հետ, ծանօթանալով նրա գեղանկարչական ոճի մասին:

– Թւականիս՝ նոյեմբերի 21-ին պատգամաւորի գրասենեակում, նրա հետ հանդիպում են ունեցել Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւած հայ նահատակների եւ անձնուրացների արժէքների պահպանման յանձնախմբի անդամները: Հանդիպման ընթացքում յանձնախմբի նախագահ Գուրգէն Քարամեանը անդրադարձել է առաջիկայ ծրագրերին, այդ թւում՝ իրանահայ նահատակների ընտանիքների, անձնուրացների եւ ազատորդիների հետ հանդիպմանը եւ նրանց մեծարմանը:

– Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը օրերս այցելել է Թերհրանի հայկական համայնքի արդիւնաբերական ու առեւտրական կենտրոններ: Այդ շրջագծում պատգամաւորը այցելել է «Ղարաբէգեան» արհեստանոցը, «Նորիկ չուբ» (փայտագործական) արհեստանոցը, «Կամօ» կաղապարաշինութեան եւ հաստոցագործութեան արհեստանոցը, եւ «Հերմանոս» ռեստորանը: Այցերի ընթացքում պատգամաւորը զրուցել է պատկան կենտրոնների տնօրէնների հետ եւ մօտկից ծանօթացել կատարւող աշխատանքներին ու հայ արհեստաւորների խնդիրներին:

Առնչւող Յօդւածներ

Back to top button