Հարցազրոյց

«ՀՀ-ի արտաքին քաղաքական վեկտորն իսկապէս փոխւում է, բայց ոչ թէ դէպի Եւրոմիութիւն այլ՝ դէպի Թուրքիա». Բենիամին Մատթէոսեան

«ՀՀ-ի արտաքին քաղաքական վեկտորն իսկապէս փոխւում է, բայց ոչ թէ դէպի Եւրոմիութիւն այլ՝ դէպի Թուրքիա: Այն խօսոյթը, որ մենք դէպի Եւրոպա ենք գնում դրանք ուղղակի փաթեթաւորումն են պրոթուրքական քաղաքականութեան համար»: Այս մասին «ԱԼԻՔ»-ին տւած հարցազրոյցում շեշտեց քաղաքագէտ Բենեամին Մատթէոսեանը:

«2023 թւականի մայիսին Մինսկի խմբի համանախագահ Լուիս Բոնոն ի թիւս այլ հարցերի, խօսելով ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղութեան գործընթացի վերաբերեալ ասում էր, որ կողմերը անհրաժեշտ է այնպիսի կոնսենսուսի գնան, որ ոչ միայն խաղաղութիւն լինի նրանց միջեւ, այլ, նաեւ, անվտանգային առումով համագործակցութիւն»,- նշեց նա:

Մատթէոսեանը արձանագրեց, որ ամերիկայի տարածաշրջանային գործընկերը Թուրքիան է, որը շարունակում է մնալ ՆԱՏՕ-ի անդամ, որի գործընկերն է նաեւ Ադրբեջանը: Վերջերս էլ Անտալիայի դիւանագիտական ֆորումի ժամանակ Հարաւային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եւրոպական միութեան յատուկ ներկայացուցիչ Տոյւօ Կլաարը յայտարարեց, որ Թուրքիան որպէս տարածաշրջանի առաջընթաց պետութիւն կարող է իր դերակատարութիւնը դրսեւորել խաղաղութեան հաստատելու գործընթացում: Սա էլ խօսում է, դրա մասին, որ աշխարհը Հայաստանի դիւանագիտական փորձերը ընկալում է որպէս Թուրքիայի հետ ինտեգրում:

Մատթէոսեանի կարծիքով՝ Հայաստանը գնում է Ռուսաստանի դէմ կտրուկ գործողութիւնների, որովհետեւ Հայաստանը ինտեգրւում է թուրքական աշխարհի մէջ իր բոլոր կառուցւածքներով, եւ այսպէս կոչւած, «խաղաղութեան խաչմերուկ» նախագիծը նոյնպէս թուրքական աշխարհի տնտեսական եւ կոմունիկացիոն նախագծերի դրսեւորումներից մէկն է:

«Հիմա մենք մի համակարգում ենք ինտեգրւում, որ թուրքական է եւ հակառուսական. այդ համակարգը թշնամական է Ռուսաստանի նկատմամբ: Ճիշտ է հիմա Թուրքիան եւ Ռուսաստանը ելնելով որոշ հանգամանքներից տնտեսական սերտ կապեր ունեն բայց ակնյայտ է, որ յաջորդ կէտերից մէկը, որ Ռուսաստանը կարող է ռազմական գործողութիւններ իրականացնել, կարող է լինել Թուրքիայի հետ որոշակի առճակատումն ու այս պայմաններում ինտեգրւել թուրքական աշխարհի մէջ ինքնասպանութեան նման է»,- ասաց նա:

Մատթէոսեանը նկատեց, որ Ադրբեջանը շատ նուրբ դիւանագիտական խաղ է խաղում. նրանք այսօր հանդիսանում են տարածաշրջանում երրորդ երկրների պրոկսի ուժը: Ադրբեջանը, Իսրայէլի եւ Մեծ Բրիտանիայի պրոկսին է մեր տարածաշրջանում, որոնք օգտւելով ՀՀ-ի իշխանութիւնների ձգտումներից բանակցութիւնները ռուսական հարթակից տեղափոխում են դէպի արեւմտեան հարթակ, այդ իրավիճակից օգտւեցին եւ արդիւնքում ստացան աւելի քան հնարաւոր է. Արցախը առանց հայերի կարգավիճակ:

«Իրենք շատ լաւ են հասկանում, որ շարունակել թուրքական ինտերգումը կը նշանակի խնդիրներ ունենալ Իրանի Իսլամական Հանրապետութեան եւ Ռուսաստանի հետ»,- նշեց նա:

Ըստ քաղաքագէտի՝ ՀՀ գործող իշխանութիւնների քաղաքականութիւնը դա անմեղսունակ սխալների շարան է, ուստի ադրբեջանցիները կարողանում են շատ լաւ օգտւել այդ իրավիճակից: Նա զգուշացրեց, որ Հայաստանի պետականութիւնը կասկածի տակ է դրւել, Հայաստանի պետականութիւնը հակառուսական եւ հակաիրանական ծրագրերում ներքաշելու համար մեծ ներդրումներ է կատարւում, իսկ ՀՀ գործող իշխանութիւնները պարզապէս ընտրում են թուրքական աշխարհի մէջ ինտեգրւելու վեկտորը:

Մատթէոսեանը կարծում է, որ հայ-ադրբեջանական բանակցութիւնների միակ գործօն ֆորմատը, որին հնարաւոր է քիչ թէ շատ դրական զարգացումների յոյս ունենալ, այն մոսկովեան հարթակն է Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան, բայց աւելի լայն տարածաշրջանային ֆորմատը, 3+3 ֆորմատով բանակցութիւններն են:

Զրոյցը՝ ՍԻՒՆԷ ՖԱՐՄԱՆԵԱՆԻ

Առնչւող Յօդւածներ

Back to top button