Հայաստան - ԱրցախՄշակութային

«Caucasus Heritage Watch». «Ադրբեջանն օկուպացւած Արցախի Հադրութի շրջանում հայկական եկեղեցի է աւերել»

Կովկասեան ժառանգութեան պաշտպանութեան միջազգային կազմակերպութիւնը («Caucasus Heritage Watch») ահազանգում է օկուպացւած Արցախի Հադրութի շրջանում գտնւող հայկական եկեղեցու աւերման մասին, ինչը փաստում է ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշման խախտման մասին։

2022 թւականի ամռանը «Caucasus Heritage Watch»-ը արձանագրել էր 2020 թւականի 44-օրեայ պատերազմից յետոյ Ադրբեջանի իրաւասութեան տակ անցած Հադրութի շրջանի Մոխրենէս գիւղի գրեթէ ամբողջական աւերումը։ Հիմնովին աւերւած կառոյցների թւում էր նաեւ Մոխրենէսի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին, որը կառուցւել էր 18-19-րդ դարերում։

Սակայն, ինչպէս նշւած է հրապարակման մէջ, Սուրբ Սարգիս եկեղեցու քանդումը, ըստ ամենայնի, վերջին քայլը չէր ադրբեջանական միջամտութեան առումով, քանի որ կազմակերպութիւնն իր շարունակական դիտարկման ընթացքում փաստագրել է ապացոյցներ հետագայ շինարարական աշխատանքների վերաբերեալ։

Կազմակերպութիւնը յիշեցնում է, որ Ադրբեջանը պարտաւոր է պաշտպանել հայկական մշակութային ժառանգութիւնը եւ կանխել Մոխրենէսում հայկական դարաւոր մշակութային եւ կրօնական կեանքը ջնջելու ցանկացած փորձ։

«2022 թւականին եկեղեցու աւերումը Միջազգային դատարանի 2021 թւականի դեկտեմբերի միջանկեալ միջոցի առաջին փաստագրւած խախտումն է»,- ասւած է կազմակերպութեան հրապարակման մէջ: Ըստ «Caucasus Heritage Watch»-ի՝ հարց է առաջանում՝ ինչպէ՞ս կարձագանգի Արդարադատութեան միջազգային դատարանը իր վճիռների խախտումներին եւ դրանք քողարկելու փորձերին:

Յիշեցնենք, որ Արդարադատութեան միջազգային դատարանը 2021 թւականի դեկտեմբերի 7-ին որոշում էր կայացրել՝ պարտադրել Ադրբեջանին «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու եւ պատժելու վանդալիզմի ու պղծման գործողութիւնները՝ ուղղւած հայկական մշակութային ժառանգութեան, ներառեալ՝ եկեղեցիների եւ այլ պաշտամունքի վայրերի, յուշարձանների, տեսարժան վայրերի, գերեզմանատների եւ արտեֆակտերի դէմ»:

«News.am»

Առնչւող Յօդւածներ

Back to top button