Գաղափարական

Զաբէլ Եսայեան. յեղափոխական կնոջ կատարելութիւն

Փետրւարի 4-ը յեղափոխական մտքի, արդարութեան, ճշմարտութեան ու իր համամարդկային երազանքների իրականացման աներեր հաւատացող Զաբէլ Եսայեանի ծննդեան օրն է: Նրա կերպարը իրական առասպել էր, իր ժամանակներից առաջ շարժւող կինը հետագայում նաեւ ճանապարհ հարթեց աշխարհում կանանց իրաւունքների պայքարի, հայ կնոջ ազգային նպատակներին ծառայելու առաքելութեան բարձր գիտակցութեան եւ սեփական սկզբունքների հաւատարմութեան կարեւորութեան ուղղութեամբ: Ցեղասպանութեան վաւերագրութիւն, որբերի խնամք, աշխարհում հայ գրականութեան տարածում ու հանրամատչելիացում. Զաբէլ Եսայեանի կենսագործունէութեան միայն փոքրիկ մասնիկն են:

Նա իր ողջ կեանքի ընթացքում գործեց միայն հաւատարիմ լինելով իր կենսափիլիսոփայութեանը, մշտապէս պայքարեց պատկերացրած իրականութիւնը ձեւաւորելու համար եւ այն ուղղակիօրէն ներկայացրեց իւրաքանչիւր աշխատութեան էջերում, որը ստեղծում էր: Վէպերը, պատմւածքները, իր զաւակների եւ տարբեր հասարակական գործիչների հետ ունեցած նամակները արտացոլում են նրա ազատամտութիւնը, պրպտող ճկուն, լուսաւոր միտքը:

Պատահական չէ, որ անազատութեան մէջ գտնւող Զաբէլ Եսայեանը հայ կնոջ իրավիճակի մասին որոնեց պատմութեան էջերում: Միաժամանակ ներկայացրեց եւ առաջնային դարձրեց նրա ազատագրութեան հասարակական պատճառները. «Մեծ է կանանց դերը ժողովրդի պատմական զարգացման գործում»,-գրում է Եսայեանը:

20-րդ դարասկզբին իր ժողովրդի համար պայքար մղած Եսայեանը Պոլսի ամենանշանաւոր հայ մտաւորականների հետ միասին հետապնդման ենթարկւեց, եւ յայտնւեց երիտթուրքերի սեւ ցուցակում, ազգային պատկանելիութեան համար: Բազում կտտանքների դիմանալով, իրականացրեց քայլեր, որոնք նրան դարձրեցին ազգային եւ խտրականութեան դէմ պայքարի համար աշխարհի ազդեցիկ կանանց շարքում առաջնորդողներից:

Եսայեանը մտահոգւած արեւմտահայ գրականութեան լայն մասսայականացման խնդրով, հանրամատչելի հրապարակախօսական ելոյթներով Թիֆլիսում, Մոսկւայում եւ այլուր, ձեւաւորեց հասարակական սկզբունքային եւ կուռ կարծիք ազգային եւ համամարդկային հարցերի առնչութեամբ: Նրա խօսոյթը ի ցոյց դրեց արեւմտահայ գրականութեան առանձնայատկութիւնները, հայ մշակոյթի կշռոյթը, կոտորածների հալածանքները ու անարդարութեան դէմ համընդհանուր պայքար մղելու անհրաժեշտութիւնը:

Նրա «Ժողովրդի մը հոգեվարքը» աշխատութիւնը դարձել է կոտորածների տարեգրութիւն, իսկ «Աւերակներուն մէջ»-ը 1909 թ. Ադանայի ողբերգական ջարդերի սրտացաւ ու սթափ նկարագրութիւն: Պատմութեան էջերին ակնարկ նետելով, նաեւ կարելի է յիշել, երբ 1939 թ. յունւարի 23-ին Զաբէլ Եսայեանին վիճակւում է անարդարութիւնն խորապէս, իր ամբողջ էութեամբ զգալ, եւ իր դէմ յարուցւած դատի ամփոփագիրը, ստանալով ծանօթանում է կեանքի ամենադառն դրւագներին, եւ այնպիսի մտքերի, որոնց հետ, նա նոյնիսկ աղերս անգամ չի ունենում, որոնք նաեւ յաճախ ուղղակի իր մտքերի աղաւաղումն են լինում, սակայն, նոյնիսկ, այդ ժամանակ Եսայեանը շարունակում է սրտի անհուն բերկրանքով, հաւատալ, որ իրեն վերագրւող Ֆրանսիայի գործակալ լինելու մեղադրանքը ուղղակի թիւրիմածութիւն է եւ անկեղծութեամբ համոզւած է լինում, որ արդարութեան ճանապարհին այլընտրանք չկայ, յուսալով, որ իր յստակ պարզաբանումները կը նպաստեն շտկել իրավիճակը:

Անհրաժեշտ է ընդգծել, որ ստալինեան բռնութիւնները, հալածանքները, բանտերը՝ Զաբէլ Եսայեանի կեանքի դրւագները խոշոր իմաստով Գրողների միութիւնում ունեցած իր խիզախ ելոյթից յետոյ ձերբակալութիւնը, այդուհանդերձ նրան չեն ընկճել եւ իր կեանքի մնացեալ տարիները Բաքւի բանտում, նամակները, յուշում են, որ հայ կինը այդուհանդերձ, չի կորցել իր կամքն ու արիութիւնը:

Եսայեան ճշմարտութեան փառաբանի ու կերտողի կեանքի պայքարը այսօր եւս շարունակում է արդիական մնալ: Զաբէլի կեանքի իրադրութիւնները նրա դէմ են վիճակւում, սակայն, յանուն կանանց իրաւունքների, յանուն հալածեալ հայրենակիցների, յանուն Հայաստանի եւ հայութեան ապագայի մղած նրա մաքառումները հայ ժողովրդի արժանապատւութեան վերականգնման այսօրւայ պայքարի կողմնորոշիչը դառնալու մասին են յուշում:

Նրա դիմադրութիւնները, վկայում են, որ ինչպէս արդարութեան ձգտողներից շատերը, նա չի ընդունւել իր ժամանակների ոսոխների կողմից հէնց իր տեսակի պատճառով, քանզի ապրած իրականութիւնում, ճշմարտութեանը ոչ միայն չեն ընդունել, այլ՝ կեղեքել, փնովել, զաւեշտի են վերածել, սակայն, հայ կնոջ անիրաւութիւնների դէմ ոտքի կանգնելը, քննադատելը, ճշմարտութիւնը փառաբանելը, հակառակ նաեւ ժամանակի քաղաքական ոչ նպաստաւոր մթնոլորտի, ձեւաւորել է հանրային կարծիք եւ յեղափոխականութեան այնպիսի ոգի, որը անարժանների տիրակալութեան տիրոյթը ճեղքելով նրան դարձրել է 20-րդ դարի պատմութեան ամենախիզախ կանանցից մէկը:

Ամփոփելով, կարեւոր է արձանագրել, որ Եսայեանի խտրականութիւնների դէմ պայքարը եւ հայութեան հիմնախնդիրները բարձրաձայնելը հայ կնոջ բարոյական եւ մտաւոր վիճակի բարեփոխման հաւատամքը, նրան դարձնում են որպէս հայ մարդու ստեղծագործող արարածի ներուժը գիտակցող յեղափոխական կերպարի նշաձողերից մէկը: Նրա ուրոյն կերպարի վերհանումը եւ նշանաւորումը դրւատման արժանի է այսօր՝ մարդկութեան դէմ յանցագործութիւնները իր բոլոր ձեւերով ու դրսեւորումներով վճռականութեամբ վերածնելու համար:

ՍԻՒՆԷ ՖԱՐՄԱՆԵԱՆ

146-ամեակի առիթով վերահրապարակում ենք Զաբէլ Եսայեանի նամակը իր դստերը

1914, մարտի 20, Սկիւտար
Շատ սիրելի աղջիկս,
Դու արդէն փոքրիկ օրիորդ ես հիմա: Դարձել ես տասնչորս տարեկան, իսկ դա քեզ համար ունի յատուկ նշանակութիւն, քանի որ այս տարի աւարտելու ես տարրական կրթութիւնդ:
Սիրելի Սոֆի, որքա՜ն կուզենայի լինել քեզ մօտ, Փարիզում, եւ գրկելով շնորհաւորել ծննդեանդ տարեդարձը: Ես Բատիին գրել եմ իմ ուշացման պատճառը, եւ նա քեզ կը բացատրի, թէ ինչու եմ մի քանի շաբաթ յետոյ գալու: Այդ յետաձգումն առաւելապէս քո օգտի համար է, թէեւ իմ աչքում ամենակարեւորն այն է, որ հնարաւորին չափ շուտ միանամ քեզ: Յամենայն դէպս, լաւ է այն, ինչ վերջանում է բարեյաջող: Ես ամէն ջանք գործադրում եմ, որպէսզի քո ապագան ապահովւած լինի, եւ դու կարողանաս հետեւել այն ասպարէզին, որ ընտրելու ես ըստ քո սեփական հակումների:
Սիրելի աղջիկս, մենք շուտով միասին կը լինենք, եւ կը խօսենք այս ամենի մասին: Այնուամենայնիւ, ուզում եմ քեզ նախօրօք ասել, որ առաջին հերթին պէտք է սարսափել միջակութիւնից, այսինքն` անգոյն ու նւաստ դիրքից: Յայտնի մարդ դառնալ, անձնական արժանիքներ ցուցաբերել, բարձր նպատակի ծառայել – ահա սրանք պէտք է լինեն քո ձգտումները: Ի՜նչ նշանակութիւն ունի երջանիկ կամ ապերջանիկ լինելը: Ամենադժբախտ մարդը նա է, ով վարում է միջակ ու անօգուտ կեանք, ներքուստ ափսոսալով, որ վրիպել է իր կոչումից: Մի՛ վախեցիր յաւակնոտ թւալուց: Վեհ իդէալների ձգտողը չի կարող համեստ մնալ, հեզ ու խոնարհ ապրել: Հարկաւոր է, որ արդէն որոնես քո ուղին, եւ այն գտնելուց յետոյ անշեղ քայլես դէպի նպատակակէտը, ուշադրութիւն չդարձնելով այն խորհուրդներին, որոնցով «գործնական» մարդիկ կը փորձեն խափանել ճանապարհդ:
Դու խելացի ես, հոգով ու մարմնով առողջ: Եւ դու պատկանում ես մի ժողովրդի, որը քանակապէս փոքր լինելով հանդերձ, մեծ է իր տառապանքներով, մաքառումներով, յոյսերով: Դու կոչւած ես մասնակցելու նրա պայքարին, նրա իղձերի իրականացման գործին: Քո ժողովրդի եւ քո ծագման բերումով դու կոչւած ես մեծ դեր խաղալու քո երկրում, որտեղ հարկաւոր է ոչ միայն աշխատել, այլեւ կազմակերպել կեանքը, նոյնիսկ ստեղծել այն: Կարելի՞ է պատկերացնել դրանից աւելի հետաքրքրական ու գեղեցիկ ասպարէզ:
Սիրելի Սոֆի, քո դպրոցական ընկերուհիները, անկասկած կընտրեն յարմարաւէտ ասպարէզներ: Եւ ճիշտ կանեն: Որովհետեւ նրանք ունեն միայն մէկ մտահոգութիւն. դառնալ լաւ քաղաքացիներ, եւ հետեւաբար` ընտանիքի լաւ մայրեր: Այնինչ դու պարտաւոր ես հայեացքդ բարձրացնել աւելի վեր, պարտաւոր ես միտքդ լարել` պիտանի եւ լայնարձակ մի գործողութիւն ընդգրկելու համար: Դու պէտք է արժանի դառնաս քո ճակատագրին, որը վսեմ է եւ փառաշուք:
Թէ ինչ ճանապարհով ես հասնելու քո ճակատագրին, դա ինքդ պէտք է որոշես: Բոլոր ճանապարհները էլ լաւ են եւ «բոլոր ճանապարհները դէպի Հռոմ կը տանեն», տւեալ դէպքում` դէպի գերագոյն նպատակը: Ես յուսով եմ, որ քո ունակութիւնների եւ կամքի մասին իմ կարծիքը ամենեւին էլ չափազանցւած չէ եւ համընկնում է քո ձգտումներին:
Ես, մայրիկը եւ Հրանտը նորից ու նորից համբուրում ենք քեզ: Բոլորս էլ յուսով ենք, սիրելի Սոֆի, որ շուտով կը հանդիպենք:

Քեզ տեսնել տենչացող մայրդ`
Զաբէլ

Յ. Գ. – Քո ծննդեան տարեդարձի առթիւ ուղարկում եմ մի նւէր, որը հաճելի անակնկալ կը լինի: Բայց այն ձեռքդ կը հասնի մի քանի օրից:

Առնչւող Յօդւածներ

Back to top button