ԳաղափարականՔաղաքական

ՀՅԴ ԲԻՒՐՈՅԻ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ

Հայոց Ցեղասպանութեան յիշատակի օրւայ հերթական տարելիցի նախօրեակին կանգնած ենք նոր գոյաբանական մարտահրաւէրների դէմ յանդիման։ Մեր անժամանացելի իրաւունքների պաշտպանութեան հարցն այսօր առաւել քան երբեւէ վերանորոգելու անհրաժեշտութիւն կայ։

Վերջին մի քանի տարիներին նոր թափ են ստացել թուրք-ադրբեջանական տանդեմի թշնամական ոտնձգութիւնները Հայաստանի եւ հայության դէմ։ Ակնյայտ է, որ հետեւողականօրէն թելադրւող մի շարք նախապայմաններից է նաեւ ցեղասպանութեան միջազգային ճանաչումը հետապնդելուց հրաժարւելու պահանջը։

Հայաստանի իշխանութեան ներկայացուցիչները արդէն իսկ անթաքոյց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մօտեցումները։ Օսմանեան Թուրքիայի կողմից հայ ժողովրդի նկատմամբ իրականացւած ցեղասպանութեան վերաբերեալ օրերս արւեցին յայտարարութիւններ, որոնք մինչեւ այսօր առաջ են քաշւել պաշտօնական Անկարայի կողմից եւ հանդիսանում են բացառապէս թուրքական թեզեր: ՔՊ-ական իշխանութեան այս դիրքորոշումը Հայոց Ցեղասպանութեան իրողութիւնը կասկածի տակ դնելուն միտւած անհանդուրժելի քայլ է։

Իր հերթին, երկրի քաղաքական առաջին դէմքը սեփական ժողովրդի նկատմամբ իրականացւած Ցեղասպանութիւնը բնութագրում է որպէս Մեծ եղեռն, փաստացի հրաժարւելով այն իրաւաքաղաքական գնահատականից, որը հաստատւած է հայ եւ օտարազգի պատմաբանների ու ցեղասպանագէտների կողմից եւ ընդունւել ու դատապարտւել է ՄԱԿ-ի մարդու իրաւունքների յանձնաժողովի, մի շարք այլ միջազգային ատեանների, բազմաթիւ երկրների, այդ թւում՝ գերտէրութիւնների խորհրդարանների ու կառավարութիւնների եւ պետութիւնների ղեկավարների կողմից:

Այս նոյն համատեքստում փորձ է արւում իրար հակադրել պատմական ու իրական Հայաստանը, մեր անցեալն ու ներկան, հայրենիքն ու պետութիւնը։

Ակնյայտ է, որ ՔՊ-ական իշխանութեան դրսեւորած այս ժխտողական կեցւածքը հետեւողական շարունակութիւնն է թուրք-ադրբեջանական պարտադրանքներին տեղի տալու որդեգրւած քաղաքականութեան:

Իբր Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ յարաբերութիւնների կարգաւորմանը միտւած, խաղաղութեան հասնելու ՀՀ ներկայ իշխանութիւնների այս վարքագիծը ոչ միայն չի նպաստելու տարածաշրջանում խաղաղութեան եւ կայունութեան հաստատմանը, այլէ վաւերացնելու է ուժի կամ ուժի սպառնալիքով հարցեր լուծելու նախադէպը, ինչը հակասում է միջազգային իրաւունքին։

Յատկանշական է, որ դատապարտելի այս քաղաքականութիւնն իրականացւում է այն պայմաններում, երբ Անկարա-Բաքու առանցքը ցեղասպանութիւն գործադրեց Արցախի հայ բնակչութեան նկատմամբ եւ էթնիկ զտման ենթարկեց Արցախը: Հենց այս պահին էլ Ադրբեջանը շարունակում է մշակութային ցեղասպանութիւնը Արցախում նոյն ձեռագրով, որով Թուրքիան հայկական հետքերը տասնամեակներ շարունակ վերացնում է Արեւմտահայաստանում:

Կասկած չկայ, սակայն, որ հայ ժողովուրդը, ի Հայաստան եւ ի սփիւռս աշխարհի, վճռականօրէն տէր է իր արդար իրաւունքներին, եւ Հայաստանի որեւէ իշխանութիւն իրաւասու չէ հրաժարւելու այդ իրաւունքներից։

ՀՅԴ ԲԻՒՐՕ
23 Ապրիլ, 2024 թ.

Առնչւող Յօդւածներ

Back to top button