Դաշնակցական Բեմ

«Դարձել ենք աշխարհաքաղաքական խաղերի կենտրոն». հետեւանքները չեն ուշանալու

Ռուսաստանը հայկական բանկերի կողմից «Միր» ռուսական քարտի սպասարկումը մերժելու որոշումը համարում է Հայաստանի վրայ ամերիկեան աննախադէպ ճնշումների հետեւանք. Կրեմլի խօսնակ Դմիտրի Պեսկովն էր այսպէս մեկնաբանել ՌԴ-ին ուղղւած ՀՀ որոշումը՝ յաւելելով. «Մենք բազմիցս ասել ենք, որ շատ երկրներ բախւում են ԱՄՆ-ի աննախադէպ ճնշման՝ երկրորդական պատժամիջոցների սպառնալիքների առումով, եւ, իհարկէ, տնտեսական հաստատութիւնները՝ ընկերութիւններ, բանկեր եւ ֆինանսական այլ կառոյցներ, միջոցներ են ձեռնարկում ռիսկերը նւազեցնելու համար»:

Այս թէզը շտապեցին հերքել ՀՀ իշխանական ու մերձիշխանական շրջանակի տարբեր ներկայացուցիչներ՝ պարզաբանելով, թէ դա մասնաւոր ոլորտի որոշումն է, եւ Հայաստանի կառավարութիւնն ու պետութիւնը կապ չունի դրա հետ, որ սա բացառապէս տնտեսական ռիսկերով է պայմանաւորւած:

Տնտեսական ու քաղաքական տարբեր շրջանակներ, այդուհանդերձ, աչք չեն փակում ստեղծւած իրավիճակի քաղաքական համատեքստի վրայ ու ահազանգում դրա թէ՛ տնտեսական, թէ՛ քաղաքական հետեւանքների մասին նաեւ:

«168.am»-ի հետ զրոյցում ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր, տնտեսագէտ Թադէոս Աւետիսեանը նկատեց. «Վատ է, որ մենք արդէն դարձել ենք աշխարհաքաղաքական խաղերի ու բախումների կենտրոն: Հետեւանքները չեն ուշանալու: Եթէ դու արգելում ես որեւէ երկրի, յատկապէս՝ հիմնական առեւտրային գործընկեր-երկրի վճարային գործիք քո երկրում, պէտք է սպասես հայելանման արձագանք այդ երկրից:

Տնտեսագէտ պէտք չէ լինել՝ հասկանալու համար, թէ ԵԱՏՄ-ն ու ՌԴ-ն ինչ մեծ ազդեցութիւն ունեն մեր երկրի տնտեսական զարգացման տեսանկիւնից. վերցրէք ներկրւող ռեսուրսները՝ գազ, նաւթամթերք, նայէք ՀՀ արտահանման հիմնական ուղղութիւնները, եւ դրան գումարած՝ օտարերկրեայ ուղղակի ներդրումների մէջ նորից առիւծի բաժինը հէնց ռուսական կապիտալինն է: Այսինքն, այդպիսի անհաշւարկ ու արկածախնդիր քայլերն ունենալու են հետեւանքներ, իսկ դրանց ազդեցութիւնը միայն «Միր» քարտի դէպքով չեն սահմանափակւի»:

Իսկ «ՄԻՐ» վճարային համակարգի կտրուկ սահմանափակումը, ըստ Թադէոս Աւետիսեանի, լրացուցիչ բարդութիւններ կառաջացնի հայաստանցի արտահանողների, Հայաստանում ապրող ռելոկանտների համար, ինչպէս նաեւ խնդրայարոյց կը դարձնի ՌԴ-ից Հայաստան տրանսֆերտների պրոցեսը՝ մինչդեռ արտասահմանեան փոխանցումների 70 տոկոսը դարձեալ ՌԴ-ից է:

Այս որոշումը դիտարկելով տնտեսական դիւերսիֆիկացիայի մասին ՀՀ իշխանութիւնների յայտարարութիւնների համատեքստում՝ տնտեսագէտը շեշտեց, որ դիւերսիֆիկացիան չի նշանակում՝ հիմնական ուղղութիւնդ վտանգի դնես եւ դրա փոխարէն՝ ինչ-որ ուղղութիւն զարգացնես:

«Ակնյայտ է, որ մեր հիմնական առեւտրային գործընկերոջ հետ (որի հետ 50 տոկոսից աւելի մեր արտաքին առեւտուրն ենք իրականացնում) տարբեր աշխարհաքաղաքական խաղերով, ճնշումներով պայմանաւորւած՝ փորձում են ինչ-որ անհասկանալի մանեւրներ իրականացնել: Սա անհետեւանք չի մնալու. ի վերջոյ, այն երկնիշ տնտեսական աճերով, որով գլուխ էին գովում 2022-2023 թւականներին, առիւծի բաժինը հէնց այդ գործօնի ու ուղղութեան հաշւին էր: Թէ ինչու են այժմ այսպէս վարվում. շատ պարզ պատճառով, որովհետեւ այսօր իրենց քաղաքական խմբակի՝ իշխանութեան մնալու, իրենց նեղ անձնական շահերը հակադրւած են պետական ու ազգային շահերին»:

Յիշեցնենք՝ «Միր»-ը Ռուսաստանի ազգային վճարային համակարգն է, հայկական շուկայում է 2017-ից, ռուս-ուկրաինական հակամարտութեան համատեքստում այս համակարգը յայտնւել էր Միացեալ Նահանգների պատժամիջոցների թիրախում: Դեռ 2022 թւականին Կրեմլը նոյնկերպ էր մեկնաբանել նաեւ «Միր» քարտերից թուրքական բանկերի հրաժարումը:

Ռուսական ազգային վճարային համակարգը Հայաստանից պաշտօնական ծանուցում էր ստացել, որ հայկական բանկերը մարտի 30-ից չեն սպասարկի «Միր» քարտերը։ «Միր»-ի քարտապանները գործարքներ կը կարողանան անել միայն ռուսական «ՎՏԲ Արմենիա»-ով։

Առնչւող Յօդւածներ

Back to top button