Դաշնակցական Բեմ

«Այստեղ իշխանութեան օրակարգը աջակցութիւն չունի»․ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւորները Տաւուշում են

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւորներն Տաւուշի մարզում են: Այս մասին «Հրապարակի» հետ զրոյցում ասել է խմբակցութեան պատգամաւոր Քրսիտինէ Վարդանեանը: Տաւուշում են գտնւում Սէյրան Օհանեանը, Լեւոն Քոչարեանը, Գեղամ Նազարեանը, Գառնիկ Դանիէլեանը, Ասպրամ Կրպէյեանը, Աշոտ Սիմոնեանը, Աղւան Վարդանեանը, Իշխան Սաղաթէլեանը: Խմբակցութեան պատգամաւորները այցելել են Կիրանց, Բաղանիս եւ Ոսկեպար գիւղեր, զրուցել բնակիչների հետ:

Նոյեմբերեանում պատրաստւում են դահլիճային հաւաքի։ Այցելութեան նպատակը մարդկանց հետ շփւելն էր, նրանց կարծիքները, անհնագստութիւնները լսելն էր ու նրանց խնդիրներին ծանօթանալը:

«Ինչպէս գիտէք, յաջորդ շաբաթ Ազգային ժողովում հրաւիրւելու է հրատապ նիստ այս թեմայով… մենք նաեւ պատրաստւում ենք ԱԺ ամբողջ գործիքակազմը օգտագործել Տաւուշում տիրող իրավիճակը բարձրաձայնելու, մեր բոլոր իրաւական հիմքերը ներկայացնելու համար եւ դրանից առաջ սա խմբակցութեան, կարելի է ասել, պաշտօնական այցն էր: Սա առաջին այցը չի, տարբեր խմբերով անընդհատ եղել ենք Տաւուշում, անընդհատ լսել ենք քաղաքացիներին, մի բան կարող եմ յստակ ասել, որ այստեղ իշխանութեան առաջարկած, գործող ռեժիմի առաջարկած օրակարգը՝ զիջել ոչնչի դիմաց, աջակցութիւն չունի: Դա բոլորը կարող են ասել, ցանկացած մէկն, ով ապրում է իմ նշած երեք գիւղերից մէկում՝ դա բոլորը կասեն»,-ասել է ԱԺ պատգամաւորը:

Լրագրողը հետեաքրքրւել է, արդեօք Մովսէս գիւղ այցելել են, ասել է, որ ոչ, իրենք Մովսէս գիւղի հակառակ կողմում են, սակայն իրավիճակին ծանօթ են՝ այս պահին լարւածութիւն չկայ,  տեղում երկու պատգամաւոր կայ:

Բնականաբար գիշերային ռազմական ագրեսիան պատահական չէր. «Մենք արդէն արձանագրել էինք, որ նոյնականացել է թշնամական ռեժիմի, Հայաստանում գործող իշխանութեան բառապաշարը, լեքսիկոնը, նոյնականացրել են հակառակորդները, հիմա  արդէն նույնականացրել են թիրախները: Տաւուշը գտնւում է՝ մէկ՝ Նիկոլ Փաշինեանի թիրախում, երկու՝ Ադրբեջանի թիրախում: Սա չի կարող պատահական լինել, տպաւորութիւն է, որ տարբեր կողմերից ճնշում են գործադրում, որ նոյն նպատակին հասնեն՝ միակողմանի զիջումների եւ առանց որեւէ բան դիմացը ստանալու»:

Մեր հարցին, արդեօք իշխանութեան ներկայացուցիչները ինչպիսի՞ ընդունելութեան կարժանանան հիմա այս հատւածում, Քրիստինէ Վարդանեանը նշեց, որ իրենք տեսել են մէկ այց՝ վարչական ամբողջ ռեսուրսով, թիկնապահների շարասիւնով, գաղտնի պայմաններում՝ առանց տեղեակ պահելու եւ տեսել են խոստումը, որ տասը օր յետոյ յետ կը գայ ու հարցերին կը պատասխանի, սակայն տասը օրն անցել է, յետ չի եկել, խոստացւած այցը չի եղել ու ոչ մի հարցերի չի պատասխանել:

«Իրականում շատ հետաքրքիր կը լինի տեսնել այդ պատգամաւորների կամ իշխանութեան ներկայացուցիչների այցը: Ես վստահ եմ, որ վարչական ռեսուրսով, սեփական լրատւականներին բերելով իրենք մի կադր կարող են ստանալ, որ ինչ-որ մէկը ողջունում է իրենց, բայց եթէ ինչ-որ մէկը ձայնագրի խօսակցութիւնն ամբողջութեամբ՝ մենք կը տեսնենք, որ այդ օրակարգը առնւազն այն, ինչ իրենք առաջարկում են Տաւուշի մարզում, այստեղ ուղղակի մէկը չկայ, որ ընդունում է: Անգամ մարդը կարող է ՔՊ-ի համակիր լինել, անգամ կարող է ձայն տւած լինել «Քաղաքացիական պայմանագրին», բայց անընդունելի է իր համար այն, ինչ որ անում են Տաւուշում»,-ասաց Վարդանեանը:

Նախատեսւող հաւաքը տեղաւորւում է վերջին շրջանում մարզեր այցելութիւնների մէջ․ հաւաքներ են իրականացրել Արտաշատում, Չարենցաւանում, Հրզադանում, Գեղարքունիքի մարզի քաղաքներում եւ Տավուշում էլ հաւաքներից հերթականն է: Վարդանեանը շեշտեց, որ այս փուլում շատ են կարեւորում քաղաքացիների հետ անկեղծ եւ ուղիղ շփումները: Ինչ վերաբերւում է նոր ռազմական ագրեսիայի դրսեւորումներին, Վարդանեանն ասաց. «Ես Ադրբեջանի կամ Նիկոլ Փաշինեանի գործողութիւնները չեմ կարող կանխատեսել: Երբ Հայաստանում ղեկավարի աթոռ զբաղեցնողը գալիս է իր սեփական ժողովրդին սպառնում պատերազմով, չպէտք է բացառել, որ ինքը կը գնայ նաեւ պայմանաւորւած պատերազմի ճանապարհով, իսկ ռազմական ագրեսիայի կամ ռազմական էսկալացիայի վտանգը մենք միշտ ունեցել ենք: Մեր մօտեցումն այլ է, մենք չենք կարող մեր գործողութիւնները դրանով պայմանաւորել ու փորձել յետաձգել մի բան, որը մեզնից կախւած չէ: Մենք կարող ենք միայն, եթէ դա անխուսափելի է ՝ պատրաստւել դրան: Ես գիտեմ, որ մենք Տաւուշում ունենք ամենաանառիկ առաջնագծի հատւածը եւ եթէ Ադրբեջանը որոշի այս հատւածում գնալ էսկալացիայի՝ ինքը թնակ գին է վճարում: Դրա համար 2020-ից յետոյ առաջնագծի ամբողջ հատւածում ինքը փորձել է յարձակումներ անել, բացի այս հատւածից եւ դա ինչ-որ տրամաբանութիւն ունի, հետեւապէս էսկալացիայից խուսափելու տարբերակը առաջնագծի կահաւորւած հատւածը կազմաքանդելը չէ, այլ տարբերակներ կան աշխարհին յայտնի»,-եզրափակել է Քրստինէ Վարդանեանը:

Առնչւող Յօդւածներ

Back to top button