Հայաստան - ԱրցախՔաղաքական

Վահէ Դաւթեան. «Երեւանը փորձում է տեղաւորւել հակաիրանական պատժամիջոցների դաշտում՝ ցոյց տալով անգլոսաքսոնական շէֆերին Իրանի հետ տնտեսական համագործակցութիւնը էապէս կրճատելու պատրաստակամութիւնը»

«ԱԼԻՔ» – Քաղաքական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգութեան փորձագէտ Վահէ Դաւթեանը տելեգրամեան իր ալիքում գրել է.

«Կառավարութեան որոշմամբ լուծարւում է «Էներգաիմպեքս» ՓԲԸ-ն: Թւում է՝ գործ ունենք ընթացիկ մի ադմինիստրատիւ որոշման հետ: Սակայն միայն առաջին հայեացքից:

«Էներգաիմպեքս»-ը պետական ընկերութիւն է, որը հիմնադրւել էր 2016 թւականին հայ-իրանական էներգետիկ կապերն ինստիտուցիոնալ մակարդակում աւելի զարգացնելու նպատակով: Մասնաւորապէս, ընկերութիւնը պէտք է աշխատանք իրականացներ հայ-իրանական «էլեկտրաէներգիա՝ գազի դիմաց» բարտերային գործարքի շրջանակներում համագործակցութեան խորացման, ծաւալների շարունակական աւելացման ուղղութեամբ:

Իրականում «Էներգաիմպեքս»-ի լուծարումն ունի ընդգծւած աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական նշանակութիւն: Եթէ համառոտ, ապա՝

1. Կառավարութեան որոշումը նշանակում է, որ Երեւանը չի դիտարկում Իրանի հետ «էներգետիկ երկխօսութեան» զարգացումը պետական պրոտեկցիոնիստական քաղաքականութեան տիրոյթում: Մինչդեռ դա յոյժ անհրաժեշտ է՝ հաշւի առնելով մեր էներգետիկ անվտանգութեան ապահովման ուղիների դիւերսիֆիկացման մարտահրաւէրները: Միայն արեւային կայաններ կառուցելով էներգետիկ համակարգ չեն զարգացնում:

2. Կառավարութեան որոշումը նշանակում է, որ Երեւանը փորձում է տեղաւորւել հակաիրանական պատժամիջոցների դաշտում՝ ցոյց տալով անգլոսաքսոնական շէֆերին Իրանի հետ տնտեսական համագործակցութիւնը էապէս կրճատելու պատրաստակամութիւնը: Մինչդեռ 1997 թւականից ի վեր, երբ ԱՄՆ-ում ընդունւեց դ՛Ամատոյի օրէնքը (պատժամիջոցների կիրառում՝ Իրանի հետ 40 մլն. դոլարը գերազանցող նախագծեր իրականացնելու դէպքում) Հայաստանը դինամիկօրէն զարգացնում էր տնտեսական կապերը Իրանի հետ, ինչին, ի դէպ, մեծ ըմբռնումով էին վերաբերում նաեւ Վաշինգտոնում՝ երբեք չգնահատելով հայ-իրանական յարաբերութիւնները պատժամիջոցների համատեքստում:

3. «Էներգաիմպեքս»-ի լուծարումը նաեւ սիմւոլիկ քայլ է: Այն հասկանալու համար բաւական է յիշել, որ ընկերութիւնը հիմնադրւեց 2016 թւականին՝ Իրան-Հայաստան-Վրաստան ծովափային գազային միջանցքի ձեւովարմանը զուգահեռ: Ըներութիւնը պէտք է հանդէս գար նաեւ որպէս այդ միջանցքի հայաստանեան օպերատոր: Մեծ հաշւով, սա քայլ է՝ ուղղւած «Հիւսիս-Հարաւ» լոգիստիկ ռազմավարութեան դէմ, որի ներքոյ Իրանը Հարաւային Կովկասով յաւակնում է դուրս գալ երրորդ շուկաներ, այդ թւում՝ Ռուսաստան:

4. Որոշումը տեղաւորւում է Հայաստանի էլեկտրաէներգետիկ շուկայի ազատականացման քաղաքականութեան տրամաբանութեան մէջ, ինչն ինքն իրենով խիստ խնդրայարոյց է ու անգամ ռիսկային էներգետիկ անվտանգութեան ապահովման տեսանկիւնից: Փաստացի ազատականացնելով նաեւ էլեկտրաէներգիայի ներկրումն ու արտահանումը՝ կառավարութիւնը ցոյց է տալիս, որ չունի արտաքին շուկաներում որեւէ առաջնահերթութիւն: Մինչդեռ իրանական ուղղութիւնը մշտապէս առանցքային է եղել Հայաստանի էներգետիկ քաղաքականութեան համար: Դա, իր հերթին, նշանակում է, որ ինչպէս կորցրել ենք վրացական էլեկտրաէներգետիկ շուկան, այնպէս էլ առաջիկայում կը կորցնենք իրանականը»:

Առնչւող Յօդւածներ

Back to top button