ԻրանՀայաստան - ԱրցախՄիջազգային

Վարդան Ոսկանեան. «Իրանի արձագանգը կարող է լինել շատ կոշտ՝ ընդհուպ մինչեւ ռազմական միջամտութիւն»

«Միջանցք» կորզելու՝ ադրբեջանա-թուրքական հնարաւոր փորձի մասին

Նախորդ տարւայ վերջին, երբ Ադրբեջանն ու Թուրքիան ակտիւօրէն խօսում էին, այսպէս կոչւած, «Զանգեզուրի միջանցք»-ի մասին, Հայաստան այցելեց Իրանի Իսլամական Հանրապետութեան արտգործնախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանը։

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյեանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Իրանի արտաքին գերատեսչութեան ղեկավարը մի քանի յստակ մեսիջներ էր յղել աշխարհին, այդ թւում՝ տարածաշրջանի դերակատարներին։

Նա յստակ ասել էր, որ Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականութեանը, աջակցում են «Հիւսիս-հարաւ» տարանցիկ ուղու կառուցմանը, ինչպէս նաեւ ողջունում են Հայաստանի ներկայացրած «Խաղաղութեան խաչմերուկ» նախագիծը։ Նա նաեւ յաւելել էր, որ «Իրանը ցանկանում է, որպէսզի տարածաշրջանում խաղաղութիւնն ու կայունութիւնն ապահովւի՝ առանց արտաքին ուժերի միջամտութեան»։

Թուրքիայի ու Ադրբեջանի յայտարարութիւնների ու Հայաստանի տարածքների նկատմամբ նկրտումների ֆոնին պատահակա՞ն էր ՀՀ Իրանի ԱԳ նախարարի այցն ու նրա յայտարարութիւնները։

168.am-ի հետ զրոյցում ԵՊՀ Իրանագիտութեան ամբիոնի վարիչ, իրանագէտ Վարդան Ոսկանեանը խօսելով այս հարցի ու յարակից մի քանի հարցերի շուրջ, ասաց, որ ակնյայտ է, որ Իրանի ԱԳ նախարարի այցը տեղի էր ունենում տարածաշրջանային զարգացումների ֆոնին, եւ դրանցում առաջնային օրակարգը, բնականաբար, եղել է անվտանգայինը։

«Անշուշտ, սուղ հաղորդագրութիւններում կամ մամուլի համար հնչեցւած յայտարարութիւններում մանրամասներ շատ չեն եղել, բայց որեւէ պայծառատեսութիւն պէտք չէ՝ հասկանալու համար, որ իրանական կողմը խիստ շահագրգիռ է մեր տարածաշրջանում իր շահերն առաջ մղելու հարցում։ Այդ շահերը շատ հարցերում համընկնում են Հայաստանի շահերի հետ։ Մասնաւորապէս՝ առաջին հերթին դա վերաբերում է թուրք-ադրբեջանական ծաւալապաշտական նկրտումներին՝ արդէն ՀՀ տարածքային ամբողջականութեան նկատմամբ։

Արցախը բռնազաւթելուց յետոյ այդ տանդեմը կենտրոնացել է հէնց Հայաստանի, մասնաւորապէս՝ Սիւնիքի մարզի վրայ, իսկ հայ-իրանական սահմանը, որն անցնում է Սիւնիքով՝ հայկական կողմից, եւ Ատրպատականով՝ իրանական կողմից, Իրանի համար կենսական նշանակութիւն ունի։ Գրեթէ նոյն նշանակութիւնն ունի, ինչ Հայաստանի համար, հաշւի առնելով, որ դէպի հիւսիս-արեւմուտք իրանական ելքի հայկականին համարժէք միակ այլընտրանքը արդէն իսկ միասնական դարձած թուրք-ադրբեջանական աշխարհաքաղաքական տարածքն է։ Ուստի Հայաստանն Իրանի համար այս հարցում փաստացի միակ այլընտրանքն է»,- նշեց Վարդան Ոսկանեանը։

Նրա խօսքով՝ բացի այս, կայ նաեւ Իրանի հոգեւոր առաջնորդի յստակ յայտարարութիւնն առ այն, որ Հայաստան-Իրան հազարամեակների սահմանը որեւէ պարագայում չի կարող խախտւել, վտանգւել կամ կտրւել։ Այս յայտարարութիւնն արւել է Թուրքիայի նախագահի հետ անմիջական հանդիպման ընթացքում՝ երես առ երես հանդիպման ժամանակ։ Հետեւաբար՝ այս համատեքստում Իրանի արտգործնախարարը, որպէս առաջնահերթ կարեւորութիւն եւ Իրանի հոգեւոր առաջնորդի ցուցում, այդ խնդիրն է առաջ մղում։

Ըստ Վարդան Ոսկանեանի՝ այս ամէնը հաշւի առնելով, ակնյայտ է, որ իրանական կողմը, ինչպէս ասում են, կատակ չի անում եւ լուրջ ու վճռական տրամադրւածութիւն ունի առ այն, որ եթէ յանկարծ փորձ կատարւի որեւէ ճանապարհով այդ «միջանցքը» կորզել, իրանական կողմի արձագանգը կարող է լինել շատ կոշտ՝ ընդհուպ մինչեւ ռազմական միջամտութիւնը։

«Այս համատեքստում է տեղաւորւում նաեւ ՀՀ-ում Իրանի դեսպանի վերջին յայտարարութիւնը, որ Ադրբեջանը չի փորձի «միջանցք» ստանալու համար դիմել ռազմական գործողութիւնների։ Շատ պարզ է, որ Իրանը, լինելով Հայաստանի բարեկամը եւ հազարամեակների հարեւան պետութիւնը, գիտակցում է հայ-իրանական սահմանի կարեւորութիւնը եւ իր ունեցած ողջ գործիքակազմով աշխատելու է այդ ուղղութեամբ, նաեւ Հայաստան-Իրան յարաբերութիւնների համատեքստում, կարծում եմ, իր դիրքորոշումները շատ յստակ ներկայացնում է հայկական կողմին»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Իրանի արտգործնախարարի Հայաստան այցի յաջորդ կարեւորագոյն առանձնայատկութիւնը, իրանագէտի բնորոշմամբ՝ Իրանի շահագրգիռ մօտեցումն է, որպէսզի Հայաստանը հնարաւորինս արագ հիւպատոսութիւն բացի Թաւրիզում, որն Ատրպատականի սիրտն է, իրանական հնագոյն քաղաքներից մէկը։

Հայ-իրանական յարաբերութիւնների համատեքստում շատ կարեւոր է, որպէսզի Հայաստանն ունենայ այնտեղ հիւպատոսութիւն։ Ընդորում, սա արւում է մէկ այլ համատեքստում, քանի որ Բաքւի բարբարոսական վարչախումբը չափազանց դժգոհ է, որ իրեն թոյլ չեն տալիս Թաւրիզում բացել, այսպէս կոչւած, մշակութային կենտրոն, որն իրականում լինելու է լրտեսական որջ։ Բայց հայկական կողմին Իրանը նոյնիսկ շահագրգռում է, որպէսզի հնարաւորինս արագ հիւպատոսութիւն բացի։

Իրանագէտը պնդում է, որ հիւպատոսարանի բացումը պէտք է տեղի ունենայ հնարաւորինս արագ ու որակեալ, որովհետեւ առնչւում է հայ-իրանական յարաբերութիւններին առնչւող կենսական մի շարք խնդիրների։

Խօսելով տարածաշրջանում հնարաւոր զարգացումների ու խնդիրների մասին, Վարդան Ոսկանեանն ասաց՝ ակնյայտ է, որ հայ-իրանական յարաբերութիւնների համատեքստը որքան հնարաւոր է արագ եւ որակեալ պէտք է բերւի ռազմավարական գործակցութեան մակարդակի՝ հաշւի առնելով մերձաւորարեւելեան գործընթացները։

«Իրանն անուղղակիօրէն ներգրաււած է մերձաւորարեւելեան մի շարք հարցերում, խօսքը վերաբերում է թէ՛ Եմէնին, թէ՛ իսրայէլա-պաղեստինեան հակամարտութեանը, թէ՛ Սիրիայում, Իրաքում ու Աֆղանստանում ընթացող գործընթացներին։ Այս առումով ցանկացած գօտում որեւէ լարւածութիւն, բնականաբար, Իրանից պահանջում է լրացուցիչ ռեսուրսների ուղղորդում։

Օրինակ, Եմէնի հռթիռակոծումն Իրանից պահանջելու է լրացուցիչ ռեսուրսների ներդրում այս ուղղութեամբ, ինչից Բաքւի բարբարոսական վարչախումբը կարող է որոշակիօրէն ակտիւանալ ու համարել, որ հասունացել է պահն իր ծաւալապաշտական նկրտումները կեանքի կոչելու համար։ Նման սցենարներից խուսափելու համար անհրաժեշտ է, որ հայ-իրանական յարաբերութիւնները բերւեն դաշնակցային մակարդակի, դա ամրագրւի ռազմավարական համագործակցութեան մակարդակում։ Բնականաբար, դրա հիմնական մեխը պէտք է դառնայ անվտանգութեան խնդիրը»,- նշեց Վարդան Ոսկանեանը։

Իրանագէտը վստահեցնում է՝ անվտանգութեան համատեքստում չափազանց կարեւոր է, որպէսզի Հայաստանը սկսի լրջօրէն զբաղւել հնդկական Հիւսիս-Հարաւ ծրագրի հայաստանեան բացւածքով՝ խօսքը ենթակառուցւածքների մասին է, եւ իրանական Պարսից ծոց-Սեւ ծով տրանսպորտային հանգոյցի խնդիրներով։ Քանի որ նոյն Եմէնում ընթացող գործընթացները, յատկապէս՝ կապւած Կարմիր ծով նաւագնացութեան ըստ էութեան դժւարացման հետ, շատ կարեւոր է, որպէսզի Հայաստանը Հիւսիս-Հարաւ առանցքում գտնի իր տեղը։ Սա կարեւոր ու ձեռնտու է ոչ միայն տնտեսական առումով, այլեւ վերը նշած անվտանգային խնդիրները հաշւի առնելու համատեքստում։

«Այս պարագայում Հայաստանը տարածաշրջանում կը դառնայ է՛լ աւելի ծանրակշիռ դերակատարութիւն ստանձնած գործօն։ Ըստ էութեան կը տապալի Բաքւի բռնապետի կողմից առաջ մղւող՝ Հայաստանի մեկուսացման յստակ ծրագիրը, որի ապացոյցն էին այդ բարբարոսի վերջին յայտարարութիւններն իր՝ Ամանորին յաջորդած հարցազրոյցում։

Կարծում եմ՝ Հայաստանն իր տեղն ընդհանուր աշխարհաքաղաքական համատեքստում պէտք է տեսնի Հիւսիս-Հարաւ առանցքում իր բոլոր բաղադրիչներով՝ սկսած հաղորդակցութեան ուղիներից, վերջացրած անվտանգութեան խնդիրներով։ Այստեղ Հայաստանը կարող է դառնալ նաեւ չափազանց կարեւոր հարթակ Իրան-Ռուսաստան համագործակցութեան համար, որովհետեւ Ամանորից առաջ Իրանը փաստացիօրէն էլ աւելի խորն է ինտեգրւել առեւտրատնտեսական յարաբերութիւնների առումով ԵԱՏՄ-ում։ Հայաստանն այն միակ պետութիւնն է, որը ցամաքային սահման ունի Իրանի հետ՝ ԵԱՏՄ համագործակցութեան շրջանակներում։ Բոլոր աշխատանքները պէտք է առաջ մղւեն մէկ տեսլականով՝ առաջ մղել ՀՀ անվտանգութիւնը, Հայաստանը դարձնելով պետութիւն-ամրոց՝ թշնամական բոլոր նկրտումներին դիմագրաւելու համար։ Պատրանքներ պէտք չէ տածել, քանի որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակն է հասնել Հայաստանի չգոյութեանը, այն վերածել ռեզերւացիայի»,- եզրափակեց Վարդան Ոսկանեանը։

Առնչւող Յօդւածներ

Back to top button