Հայաստան - ԱրցախՄշակութային

«Հայոց պատմութիւն» առարկայի 7-րդ դասարանի դասագիրքն ունի ապազգային մօտեցում. յայտարարութիւն

Հանրային ու մասնագիտական շրջանակներում մեծ քննադատութեան արժանացած «Հայոց պատմութիւն» առարկայի 7-րդ դասարանի դասագրքի եւ դրա կիրառման անթոյլատրելիութեան մասին հերթական յայտարարութիւնն է տարածւել.

«Նոր Հանրակրթական պետական չափորոշիչի (ՀՊՉ) համաձայն գրւած եւ ՀՀ Կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի (ԿԳՄՍ) նախարարութեան կողմից երաշխաւորւած «Հայոց պատմութիւն» 7-րդ դասարանի միակ դասագրքի (հեղինակ՝ Սմբատ Յովհաննիսեան)՝ մերժւել է հայկական բազմաթիւ ակադեմիական հիմնարկների, պատմաբանների, մանկավարժների եւ հասարակական գործիչների կողմից: Շատ փորձագէտների կարծիքով՝ նոր դասագիրքն ունի բովանդակային լուրջ բացեր եւ ապազգային մօտեցում։ Դասագրքի հեղինակը փորձում է պաշտպանել իր աշխատանքը: Հարկ է նշել, որ պարոն Յովհաննիսեանը գրքի միակ հեղինակն է՝ խմբագիր ունենալով կնոջը, մինչդեռ քաղաքակիրթ աշխարհում նման դասագրքեր հրատարակւում են մի խումբ փորձագէտների, համահեղինակների կողմից։ Տւեալ նախարարութիւնը դեռեւս որեւէ գործնական քայլ չի ձեռնարկել նախարարութեան կողմից երաշխաւորւած կամ հովանաւորւող սոյն աղմկայարոյց դասագրքի դէմ բարձրացւած արդարացի բողոքի վերաբերեալ, մինչդեռ գիրքն արդէն աշակերտների ձեռքում է, եւ դասերը սկսւել են։

Ելնելով վերոգրեալից՝ Հայաստանի Հայկական ժողովրդային շարժում ՀԿ-ի ներկայացուցիչ Վազգէն Պետրոսեանը, ԿԱՄՔ ՀԿ-ի ներկայացուցիչ Վահագն Չախալեանը, իրաւապաշտպան Արման Մխիթարեանը, «Ազգ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Յակոբ Աւետիքեանը եւ «Զարթօնք» օրաթերթի գլխաւոր խմբագիր Սեւակ Յակոբեանը, օրերս խորհրդակցութիւն են անցկացրել՝ քննարկելու ՀՀ հանրակրթական դպրոցի 7-րդ դասարանի «Հայոց պատմութիւն» դասագրքի մերժմանն ուղղւած համապատասխան քայլեր ձեռնարկելու միջոցառումները։ Ժողովականները որոշել են յաջորդ շաբաթ կազմակերպել կլոր սեղան՝ համապատասխան փորձագէտների մասնակցութեամբ՝ խնդրի վրայ աւելի շատ լոյս սփռելու մտադրութեամբ։ Հանրային այս միջոցառման աւարտին կը հրապարակւի հետագայ անելիք ժողովրդային գործողութիւնների ծրագիրը։ Կլոր սեղանի անցկացման օրն ու վայրը կը յայտարարւի շուտով։

Հանդիպման ներկաները որոշել են ժողովը բաց պահել՝ հրաւիրելով այս խնդրով մտահոգ բոլոր գործընկերները միանալ այս նախաձեռնութեանը, քանի դեռ ՀՀ ԿԳՄՍ-ն չի դադարեցրել նշւած դասագրքի օգտագործումը մեր հայրենիքի դպրոցներում եւ չի ստանձնել բարեփոխել դրա վտանգաւոր եւ ապազգային բովանդակութիւնը»։

Yerevan.today

Առնչւող Յօդւածներ

Back to top button