Հայաստան - ԱրցախՄիջազգային

Ֆրանսիայի Սենատի բանաձեւի եւ պաշտօնական Երեւանի դիրքորոշման հակասութիւնները

«Ֆրանսիայի Սենատի բանաձեւը պատահականութիւն չէ, անսպասելի չէ, այն իմաստով, որ անակնկալ ինչ-որ բան կատարւեց: Բանաձեւը Սենատում ներկայացւել էր դեկտեմբերի սկզբին: Նախագահ Մակրոնի կուսակցութիւնը մեծամասնութիւն չէ այդտեղ, եւ դա էլ պատահականութիւն չէր, որ Սենատում ներկայացւեց, ոչ թէ Ազգային ժողովում»,- յունւարի 20-ին «Փաստարկ» ակումբում կայացած ասուլիսում յայտնեց ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՅԴ Հայ Դատի քաղաքական հարցերի գրասենեակի ղեկավար Կիրօ Մանոյեանը՝ անդրադառնալով օրերս Ֆրանսիայի Սենատի ընդունած Ադրբեջանի դէմ պատժամիջոցների եւ Արցախի բնակչութեան վերադարձի մասին բանաձեւին: Նրա դիտարկմամբ, Ֆրանսիայի շահերից է բխում տարածաշրջանում շարունակել դերակատար լինելը, բայց դա նաեւ ՀՀ-ի շահերից է բխում եւ պէտք է կարողանալ պետութիւնների հետ աշխատանքում համադրել այդ շահերը՝ առանց որեւէ այլ երկրի շահին հակադրելու:

Նա նկատեց, որ Ֆրանսիան առաւել հաւասարակշիռ մօտեցում է դրսեւորում՝ առհասարակ կողմ արտայայտւելով Ռուսաստանի հետ Արեւմուտքի՝ ինչ-որ ձեւ յարաբերութիւններ ունենալուն, քան հակադրւելուն:

Մանոյեանը մի քանի առումներով կարեւոր համարեց բանաձեւի ընդունումը. նախ՝ կարեւոր է, որ տարբեր պետութիւնների խորհրդարաններ ընդունեն այնպիսի հիմնաւորւած բանաձեւեր, որոնց գործակցութիւնը կարող է նպաստել Արցախի Հանրապետութեան խնդիրների լուծմանը եւ ՀՀ անվտանգութեան ապահովմանը: Նրա դիտարկմամբ, արդէն որերորդ անգամ Ֆրանսիայի խորհրդարանը համարձակւում է այնպիսի բովանդակութեամբ բանաձեւեր ընդունել, որպիսի բովանդակութիւն, ՀՀ ԱԺ-ն իր մեծամասնութեամբ, մերժում է:

Նա նաեւ նկատեց, որ ՀՀ իշխանութիւնները որեւէ դերակատարում չունեն սոյն բանաձեւի ընդունման գործում, թէեւ ողջոյնի խօսք հնչեց ԱԺ նախագահի կողմից: Իր դիտարկմամբ, աւելին, պաշտօնական Երեւանը կողմ չէ Սենատի որոշման բոլոր դրոյթների հետ: Ֆրանսիայի Սենատի բանաձեւը Կիրօ Մանոյեանը կարեւոր է համարել նրանով, որ այն արտացոլումն է այդ երկրի տարբեր քաղաքական ուժերի դիրքորոշման, որոնց հետ ակտիւ աշխատում են Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչները: Ի դէպ, նախագահ Մակրոնի քաղաքական ուժը ներկայացնող խմբակցութիւնն էլ միով-բանիւ կողմ է քւէարկել բանաձեւին:

Կիրօ Մանոյեանը չի բացառում նաեւ ԱՄՆ խորհրդարանի կողմից համանման բանաձեւի ընդունման, քանի որ համապատասխան աշխատանք Հայ Դատի գրասենեակը տանում է: Բայց այս գործունէութիւնը կարող է էական արդիւնքներ գրանցել, եթէ ՀՀ իշխանութիւնը ճիշտ կեցւածք դրսեւորի եւ գոնէ ՀՀ ԱԺ-ում յստակ արձանագրւեն Արցախի եւ ՀՀ անվտանգութեան հետ կապւած հարցերը, որոնք դեռ տորպեդահարւում են իշխանութեան կողմից: Մասնաւորաբար, խօսքը Ադրբեջանի կողմից գերեվարւած անձանց եւ Բաքւում պահւող այլ անձանց, այդ թւում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան, Ադրբեջանի դէմ պատժամիջոցներ կիրառելու մասին է: Մինչդեռ, ՀՀ իշխանութիւնը գնում է ճիշտ հակառակ ճանապարհով՝ ընդհուպ մինչեւ յետ վերցրեց ՀՀ-ի յայտը՝ յօգուտ COP-29-ը Ադրբեջանում անցկացնելու: Կիրօ Մանոյեանը սա խնդիր է համարում, քանի որ ՀՀ իշխանութիւնների նման կեցւածքը ուղիղ հակասութեան մէջ է մտնում այն աշխատանքի հետ, որը հայկական լաբբիստական կազմակերպութիւնները փորձում են իրականացնել եւ տւեալ երկրներում, հիմք է ընդունւում պաշտօնական Երեւանի դիրքորոշումը:

Կիրօ Մանոյեանն այս բանաձեւով չի պայմանաւորում Ֆրանսիայի ամբողջական եւ գործնական կեցւածքը, բայց հաւատացնում է, որ այն ազդում է այդ երկրի կառավարութեան աշխատանքի վրայ, որը իրականում փորձում է հաւասարակշռութեան մէջ պահել ՀՀ-ի եւ Ադրբեջանի հետ իր յարաբերութիւնները:

Առաջիկայում եւրոպական 50-ից աւելի երկրներում ցոյցեր եւ բողոքի տարբեր արտայայտութիւններ կը լինեն՝ ՀՀ անվտանգութեանը, Արցախի հարցին, Բաքւում գերեվարւած եւ պահւող այլ անձանց վերաբերւող: Եւ եթէ պաշտօնական Երեւանի դիրքորոշումները շարունակեն մնալ այնպիսիք, ինչպիսիք այսօր են, Կիրօ Մանոյեանի գնահատմամբ, բարդանալու է բոլորիս աշխատանքը:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐԵԱՆ
Aravot.am

Առնչւող Յօդւածներ

Back to top button