Հայաստան - Արցախ

Ադրբեջանն առաջնորդւում է ուժի իրաւունքով. պէտք է անվաւեր ճանաչել Կարսի պայմանագիրը, վերցնել Նախիջեւանը

Հիմնաւորւած չէ «Հայոց պատմութիւն» առարկայի փոփոխութեան մօտեցումը։ Մի քանի ուսուցիչների առաջարկով առարկայի փոփոխութիւնը միանգամից կառավարութեան օրակարգ տանելը եւ որոշման նախագիծ ներկայացնելը լուրջ մօտեցում չէ։ «Փաստինֆօ»-ի եթերում ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, պատմաբան, պ.գ. դոկտոր, պրոֆեսոր Խաչատուր Ստեփանեանը։

Բանախօսի դիտարկմամբ, բովանդակային առումով մտավախութիւններ կան, քանի որ մի բան է՝ Հայոց պատմութիւնը, մէկ այլ բան՝ Հայաստանի պատմութիւնը։ Հայոց պատմութիւնը միայն Հայաստանի պատմութիւն չէ, այլեւ հայ ժողովրդի պատմութիւնն է։ Ինքնին Հայոց բառը արդէն իսկ Հայաստան է նշանակում։ Դատելով փորձից, մտավախութիւն կայ, որ կարող են պարտադրել, որ Հայաստանը 29.800 քառ. կմ. է եւ դա է ամբողջ Հայաստանի պատմութիւնը։ Դրան գումարած, կարող է սահմանազատում տեղի ունենալ եւ տարածքը աւելի փոքրանայ։

Պրոֆեսորը կարծում է, որ մեզ համար վիրաւորական է, երբ թշնամական երկիրը ստիպում է մեզ Սահմանադրութիւն փոխել։ Պէտք է խոստովանել, որ Անկախութեան Հռչակագիրը մեր վերջին 32 տարւայ պատմութեան կարեւորագոյն փաստաթուղթն է։ Այս փաստաթղթից շեղւելը, նշանակում է շրջել պատմութեան ընթացքը։ Ադրբեջանի պահանջները բաւարարելով, փաստօրէն, թաղում ենք մեր պետականութիւնը։

Պատմաբանի խօսքերով, Ադրբեջանի նախագահը յայտարարել է, որ չկայ իրաւունքի ուժ, կայ ուժի իրաւունք։ Սա պատահական յայտարարութիւն չէր։ Որտեղ որ Ադրբեջանին ձեռնտու է իրաւունքի ուժը՝ կառաջնորդւի իրաւունքի ուժով, որտեղ որ ձեռնտու է ուժի իրաւունքը՝ կառաջնորդւի ուժի իրաւունքով։ Սահմանազատման ընթացքում Ադրբեջանն առաջնորդւելու է ուժի իրաւունքով, քանի որ 1918-20 թթ. քարտէզներով Ադրբեջանի սահման գոյութիւն չունէր եւ Արցախը պաշտօնապէս չի եղել Ադրբեջանի կազմում։

«Կարսի պայմանագրով սահմանազատում անելը մեզ կը զրկի Նախիջեւանին տիրելու իրաւական հիմքից, քանի որ ցանկացած պահի կարող ենք անվաւեր ճանաչել Կարսի պայմանագիրը եւ վերցնել Նախիջեւանը»,- ասել է Խ. Ստեփանեանը։

Առնչւող Յօդւածներ

Back to top button