Հայաստան - Արցախ

Ժամանակի եւ իրականութեան կորստով՝ մոլորւած, քանդւած հասարակութիւն

Հ. Բագրատեանի՝ Press Կենտրոն հաղորդման ժամանակ Շաքէ Իսայեանի հետ զրոյցից ցաւոտ մէջբերում անեմ.

«Մարդ չկայ էս երկրում, ինձ թւում է՝ էս երկիրը մտաւորական չունի արդէն, տնտեսագէտ չունի, դոկտորներ չկան, ոչ ոք չի խօսում, էս երկիրը մեռած ա արդէն, էս երկիրը կարծիք չունի»։

Անլեզու երկիր ենք դարձել, մի խօսքով։ Սա նման է պատմական էքսպերիմենտի։

Պարզ չէ՞, որ նման երկրի գլխին իշխանութիւնը ինչ ուզի կանի, պարզ չէ՞, որ նման երկրից թշնամին ինչ ուզի՝ կը տանի։

Անմռունչ հասարակութիւն, որի հետ մի քանի կիսագրագէտով ինչ ուզում՝ անում են։ Մարդիկ վախենում են իրենց ամենափոքր շահերը պաշտպանելուց։ Առաւելագոյնը մի ֆրազ են կրկնում՝ մի քաղաքականացրէք, ու մի թեթեւ կմկմում իրենց պրոբլեմից։

Ով ինչ փորձանք ուզում՝ բերում է։ Դեղ առնելու հնարաւորութիւն չեն տալիս. հա´մ բժիշկն է վախենում դրա դէմ բողոքելուց, համ՝ հիւանդը։ Ամէն ոլորտում ընդամէնը մի քանի հոգի են, որ խօսում են։ Բոլոր փողոցները այլանդակ փոսեր են, մեքենաները ջարդւում են՝ նորմալ է։

Ակնյայտ արկածախնդրութեամբ՝ իշխանութիւնը մեզ բոլորիս տանում է աղէտի. հասարակութիւնը ձայն չի հանում՝ «մենք քաղաքականութեամբ չենք զբաղւում»։ Վաղը, որ Երեւանը ռմբակոծեն, էլի ասելու են՝ մի քաղաքականացրէք, սա քաղաքական հարց չի, զուտ ռմբակոծութեան հարց է։

Սա հասարակութիւն չէ, սա մի մեծ համակենտրոնացման ճամբար է, որն ինքներս ենք սարքել:

Ադրբեջանը մեր հայրենիքից 4 գիւղ է պահանջում՝ ռէակցիա չկայ, ոնց որ մի կգ. խնձոր տանի։ Երկիրը մտցնում են Ռուսաստանի հետ սուր առճակատման մէջ. ձայն չկայ, ոնց որ իրենք չեն զգալու ողջ հետեւանքները։ Այնպիսի վիճակում ենք հիմա, որ մի քանի հոգու մտքով կարող է անցնել՝ արշաւ սկսել Հայ Առաքելական Եկեղեցու դէմ՝ առանց հաշւի առնելու պատմական ու հասարակական իրողութիւնները, առանց հաշւի առնելու եկեղեցու հետեւորդների ահռելի բանակը։ Ինչո՞ւ չենք հասկացնում, որ մենք մէկ միլիոն մարդով կարող ենք դուրս գալ փողոց ու կանգնել եկեղեցու կողքին. ինչո՞ւ չեն վախենում այս տարբերակից։

Նրանց թւում է, որ այս հասարակութեան հետ կարող են ցանկացած խաղ անել, ահա թէ ինչ երերուն է դարձել հասարակութեան «շէնքը»։

Երբ գերմանացիք Աուշւիցից հեռացել են, զգալի քանակութեամբ գերիներ դեռ մնացել են այնտեղ, իսկ ռուսները միանգամից չեն եկել, կարծեմ՝ մօտ 10 օր յետոյ։ Այդ ընթացքում խեղճ մարդիկ ուժ եւ կամք չեն ունեցել՝ գիտակցելու, որ իրենք արդէն ազատ են ու պէտք է ինքնակազմակերպւեն։ Տարրական սնունդ կազմակերպեն, տաքացնեն բարաքները, դուրս գան համակենտրոնացման ճամբարի՝ այլեւս չվերահսկւող պարիսպներից։

Մենք հիմա նման վիճակում ենք՝ ժամանակի եւ իրականութեան կորստով՝ մոլորւած, քանդւած։

Իհարկէ, սա էլ է ապրելու ձեւ, եթէ թողնեն, որ գոնէ այսպէս ապրենք, բայց խնդիրն այն է, որ չեն թողնելու, աւելի վատ է լինելու, աւելի մեծ արհաւիրք է լինելու։

Ուրեմն պէտք է փոխել մթնոլորտը, փոխել տրամադրութիւնները։ Ինչպէ՞ս։

Մեր միակ ռեսուրսը չլռող շերտն է։ Նրանք կան, եւ նրանք քիչ չեն։ Բայց կեանքն ապացուցում է, որ այս պայմաններում դա բաւարար չէ։ Մենք ունենք պայքարի մենեջմենթի եւ կառուցւածքի լուրջ խնդիր։

Այսօր բոլոր ընտրազանգւածները անտէր են մնացել։ Սա դժւար է ընդունել, բայց բանալին այդտեղ է։

Լուծումը Չլռողներից նոր գրագէտ ձեւաչափեր ստեղծելն է, որպէսզի լայն հասարակութեան հետ ստացւի երկխօսութիւն։ Չլռողների 90 տոկոսի պայքարի միակ տեղն այսօր կամ սոցցանցերն են կամ տանը փակւած խելագարւելը՝ որպէս արդիւնք հանրային պրոցեսների բացակայութեան։

Հետեւաբար պէտք է ստեղծել համատեղ աշխատանքի ընդունելի ֆորմատներ, որպէսզի չլռող մարդիկ մտնեն պրոցեսի մէջ, յետոյ ներգրաւեն լռողներից նոր շերտերի։ Եթէ կայ ապագայ, ապա նոր խելացի ձեւաչափերով է միայն այն հնարաւոր։

ՎԱՀԷ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
«Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր

Առնչւող Յօդւածներ

Back to top button