Հայաստան - Արցախ

Ոսկէպարցիները` Փաշինեանին. «Կը տուժի սահմանամերձ 9 համայնք, կը կորցնենք Իջեւան-Նոյեմբերեան մայրուղին, հակառակորդի համար ազատ ճանապարհ կը բացւի դէպի Լոռի»

Տաւուշի մարզի Ոսկէպար գիւղի բնակիչները ուղերձով դիմել են Նիկոլ Փաշինեանին․ «Մենք՝ ներքոստորագրեալներս, Տաւուշի մարզի սահմանապահ Ոսկէպար, գիւղի բնակիչներս, մեր խոր անհանգստութիւնն ենք յայտնում վերջերս ՀՀ կառավարութեան տարբեր ներկայացուցիչների կողմից, մասնաւորապէս նաեւ Ձեր կողմից մեր բնակավայրի յարակից տարածքների ադրբեջանական կողմին վերադարձնելու մասին յայտարարութիւնների կապակցութեամբ։ Նախ՝ մի քանի խօսք այն մասին, թէ ինչպէ՞ս է ստեղծւել այս իրավիճակը մեր տարածաշրջանում։ Նախկին՝ խորհրդային պետութեան կողմից մեզ ժառանգութիւն թողնւած սահմանները դիտաւորեալ այնքան էին խճճւել ու խեղաթիւրւել, որ Հայաստանի մնացած բնակավայրերին կապող մեր ճանապարհները գտնւում էին ադրբեջանցիների հսկողութեան տակ։ Վերջիններս ԽՍՀՄ փլուզումից անմիջապէս յետոյ սկսեցին մեր քաղաքացիների հանդէպ բռնութիւններն այդ ճանապարհահատւածներում, իսկ 1991 թւականից յետոյ սկսւեցին ՀՀ քաղաքացիների առեւանգումները։ Այդ տարիներին մեր եւ հարեւան բնակավայրերից առեւանգւեցին մի քանի, իսկ ընդհանուր առմամբ՝ այդ ճանապարհահատւածներից գերեվարւեցին եւ անհետ կորան քառասունից աւելի ՀՀ քաղաքացիներ։ 1991 թւականին հակառակորդի կողմից թալանւեցին, աւերւեցին, պայթեցւեցին Ոսկեպարի Ժամի ձոր թաղամասի բոլոր տները, իսկ գիւղը գրեթէ մշտապէս ենթարկւում էր գնդակոծութեան ու հրետակոծութեան․․․ Այդ ամէնից յետոյ միայն՝ մենք ելել ենք պայքարի ոչ թէ տարածքներ գրաւելու, այլ մեր ապրելու, ազատ տեղաշարժւելու իրաւունքը պաշտպանելու եւ նւաճելու։ Շատ թանկ՝ զոհերի ու խեղւած կեանքերի գնով միայն 1992 թւականին մեզ դա յաջողւեց։ Այսօր, երբ պետութիւնների «տարածքային ամբողջականութեան» կեղծ թեզի տակ հրապարակի վրայ են այդ տարածքների վերադարձի մասին հրապարակային յայտարարութիւնները, ապա դա մեզ համար միանգամայն անընդունելի է։ Իսկ ո՞ւր է մնում «Մարդու իրաւունքների համընդհանուր հռչակագրով» մեզ տրւած ազատ ապրելու եւ տեղաշարժւելու իրաւունքը։ Նոյնիսկ այսօր, երբ հակառակորդի դիրքերից գտնւում ենք որոշակի հեռաւորութեան վրայ, պարբերաբար ենթարկւում ենք հակառակորդի ոտնձգութիւններին եւ մեր երկիրը չի կարող ապահովել մեր երեխաների անվտանգութիւնը, ի՞նչ կը լինի, երբ այդ տարածքները վերադարձւեն եւ թուրք տարրը յայտնւի մեր տներից 20-30 մետր, դպրոցից 100 մետր հեռաւորութեան վրայ, երբ մենք նորից կը յայտնւենք արտաքին աշխարհից մեկուսացւած, թշնամական տարրով շրջապատւած վիճակում։ Միւս կողմից, եթէ խօսում ենք «տարածքային ամբողջականութեան» մասին, ապա արդեօք հակառակ կողմը պատրաստւո՞ւմ է վերադարձնել հէնց մեր տարածքում Հայաստանի ինքնիշխան տարածքի իր հսկողութեան տակ գտնւող տարածքները՝ Բերքաբեր գիւղի մօտ 900 հեկտարը Ջողազի ջրամբարի ձախ ափին, Կոթիի 2-3 կմ-անոց շերտով իրենց կողմից վերահսկւող սահմանակից տարածքները, էլ չխօսելով Արծւաշէնի եւ մնացած տարածքների մասին։ Համոզւած ենք, որ հակառակորդը չի էլ մտածում այդ մասին։ Մենք չէ, որ պէտք է ՀՀ կառավարութեանը բացատրենք այս տարածքում սահմանների նոյնիսկ ամենափոքր յետքաշման ստրատեգիական նշանակութեան, պետական անվտանգութեան խաթարման մասին, բայց ստիպւած ենք շեշտել, որ սահմանի այս հատւածում տարածքային զիջման արդիւնքում կը տուժեն ոչ միայն սահմանամերձ Բերքաբեր, Սարիգիւղ, Ծաղկավան, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս, Ոսկեւան, Կոթի, Բարեկամաւան բնակավայրերը, այլ նաեւ Հայաստանը կը կորցնի Իջեւան- Նոյեմբերեան միջպետական մայրուղին, կը դատարկւեն նշւած բնակավայրերը, եւ հակառակորդի համար սարերով ազատ ճանապարհ կը բացւի դէպի Ալավերդի, Վանաձոր․․․ Միամտութիւն կը լինի կարծել, թէ յաջորդ քայլին հակառակորդը չի պահանջի յանձնել այսպես կոչւած «անկլաւները», իսկ թէ ի՞նչ կը կատարւի մեր երկրի հետ դրանից յետոյ, նոյնիսկ սարսափելի է մտածել։ Մեր ոչ բարով հարեւան երկրի նախագահի ամենօրեայ ելոյթներում լսում ենք պահանջատիրական աւելի մեծ նկրտումներ մեր երկրի նկատմամբ՝ Զանգեզուրի, Սեւանի, նոյնիսկ Երեւանի մասին։ Դա նրանց վարքագիծն է․ այստեղ յայտնւելուց յետոյ, ուրիշինը խլելու նրանց ցանկութիւնը երբեք չի մարելու։ Նրանք յարգում են միայն ուժի իրաւունքը եւ խաղաղութիւն են կնքում միայն ուժեղի հետ։ Եւ միջազգային ոչ մի իրաւունք, ոչ մի կառոյց չի կարող զսպել նրանց։ Ոսկեպարը եւ յարակից հայկական բնակավայրերը հազարամեայ պատմութիւն ունեն։ Այստեղ մեր գիւղերը գոյութիւն ունեն առնւազն 4-րդ դարից եւ կարողացել են դարերի մաքառումների միջով հասնել 21-րդ դար եւ պէտք է յարատեւեն։ Թուրք տարրը ընդամէնը 200 տարի առաջ է այստեղ յայտնըել եւ միշտ էլ ձգտել է մեզնից խլել այստեղ ապրելու մեր իրաւունքը, բայց դա նրան չի յաջողւել։ Չի յաջողւել նաեը 90- ականներին, չի յաջողըելու նաեւ այսօր։ Դրա վկան մեր հազարամեայ մշակութային կառոյցներն են, բերդերն ու եկեղեցիները։ Վերջում ուզում ենք յոյս յայտնել, որ կանսաք մեր խօսքին եւ կը փորձէք այս տարածաշրջանում այլ լուծումներ գտնել, որոնք չեն լինի արդէն իսկ գոյութիւն ունեցող ամուր պաշտպանական գծերի զիջման, մեր բնակավայրերի բնակչութեան ապրելու եւ ազատ տեղաշարժւելու իրաւունքի ոտնահարման հաշւին։ Մենք՝ ներքոստորագրեալներս, մեր անհամաձայնութիւնն ենք յայտնում Ադրբեջանի կողմից ներկայացըող տարածքային պահանջների բաւարարմանը եւ սահմանի այս հատւածում տարածքային զիջումներին։ Մենք պատրաստ ենք ամէն գնով պաշտպանել մեր ապրելու եւ ազատ տեղաշարժըելու իրաւունքը, լինել մեր բանակի կողքին, նրա շարքերում՝ ի շահ մեր հայրենիքի ու բնակավայրերի պաշտպանութեան»։

Առնչւող Յօդւածներ

Back to top button