Հայաստան - Արցախ

«Թուրքիան ուզում է գլխից վեր ցատկել, ինչը շատ վտանգաւոր է տարածաշրջանային ու ներքաղաքական առումներով». Սաֆրաստեան

Թուրքիան իր ցուցանիշներով համարւում է միջին կարգի պետութիւն, բայց ամէն կերպ ձգտում է մտնել աշխարհի հզօր գերտէրութիւնների շարքը եւ նոյնիսկ հանդէս է գալիս ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամների թւաքանակն աւելացնելու կոչով, բայց այդ քաղաքականութիւնն իրականում չի համապատասխանում Թուրքիայի քաղաքականութեանը եւ նման է գլխից վեր ցատկելուն, ինչը շատ վտանգաւոր է թէ՛ տարածաշրջանային, թէ՛ ներքին քաղաքականութեան առումով։

«Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ այդ կարծիքը մամլոյ ասուլիսում յայտնել է ակադեմիկոս, թուրքագէտ Ռուբէն Սաֆրաստեանը՝ խօսելով տարածաշրջանային զարգացումների եւ դրանցում Թուրքիայի դերակատարութեան մասին։

«Թուրքիան այսօր ունենալով լրջագոյն տնտեսական խնդիրներ՝ շարունակում է մեծ ներդրումներ կատարել ռազմարդիւնաբերութեան մէջ։ Անցեալ տարի Էրդողանը յայտարարեց, որ Թուրքիան 80 տոկոսով իրեն ապահովում է ռազմարդիւնաբերութեան արտադրանքով, ինչը ժամանակակից աշխարհի չափանիշներով բաւականին մեծ ցուցանիշ է։ Թուրքիան արտադրում է զէնքի տարբեր տեսակներ, ընդհուպ հզօր ռազմանաւեր։ Տւեալ քաղաքականութեան շնորհիւ Անկարան ձգտում է ռազմական տեսանկիւնից դառնալ ինքնուրոյն գործօն եւ միեւնոյն ժամանակ սպասարկում է Էրդողանի կառավարութեան ամբիցիաները, ով ցանկանում է այդ երկիրը վերածել աշխարհաքաղաքականութեան մէջ որոշիչ ձայն ունեցող տէրութեան, ինչպէս նաեւ արտահանել ու վաճառել թուրքական ռազմարդիւնաբերական արտադրանքը»,- ասաց Սաֆրաստեանը։

Նրա դիտարկմամբ՝ տւեալ քաղաքականութեան հիմքում նաեւ Էրդողանի անձնական ամբիցիաներն են, որովհետեւ նա իսկապէս դարձել է երեւոյթ հարեւան երկրի հասարակական կեանքում, հաւանաբար երկրորդն Աթաթուրքից յետոյ, ով ցանկանում է բոլոր միջոցներով բարձրացնել Թուրքիայի հեղինակութիւնն ամբողջ աշխարհում։ Անկարան տարբեր հակամարտութիւններում հանդէս է գալիս միջնորդական դեր ստանձնելու առաջարկով եւ ներկայացնում կոնֆլիկտների հանգուցալուծման տարբեր ծրագրեր, ինչը նոյնպէս Էրդողանի ամբիցիաների արտայայտումն է։ Ռուս-ուկրաինական հակամարտութիւնը դրա վառ ապացոյցն է։

Անդրադառնալով մերձաւորարեւելեան զարգացումներին, մասնաւորապէս պաղեստինաիսրայէլական հակամարտութեանն ու այդ համատեքստում Թուրքիայի դերակատարութեանը՝ Սաֆրաստեանն ընդգծել է, որ պաշտօնական Անկարան ամենախիստ ձեւով դատապարտում է Իսրայէլին, բայց իրականում շարունակում է պահպանել լուրջ առեւտրաշրջանառութիւնն այդ երկրի հետ՝ նրան փոխանցելով նաեւ էներգակիրներ։

«Սա երկակի մօտեցում է։ Էրդողանն այստեղ նոյնպէս հանդէս է եկել խաղաղապահ դեր ստանձնելու միջնորդութեամբ, բայց ինչպէս ցոյց է տալիս իրադարձութիւնների ընթացքը, այդ երկակի մօտեցումը չի ընդունւում արաբական աշխարհում, եւ Թուրքիային այդ պատճառով չեն վստահում։ Մի պահ եղաւ, որ թուրք-իսրայէլական յարաբերութիւնները ծայրաստիճան սրւեցին, բայց գաղտնի դիւանագիտութեան շնորհիւ, որն իրականացրեց յատուկ ծառայութիւնների նախկին ղեկավար Հաքան Ֆիդանը, յաջողւեց որոշակիօրէն կարգաւորել յարաբերութիւնները։ Այդուհանդերձ, Գազայի պատերազմը յանգեցրեց նրան, որ գոնէ հրապարակային մակարդակով թուրք-իսրայէլական յարաբերութիւնները գտնւում են ամենացածր աստիճանի վրայ»,- ասաց թուրքագէտը։

Խօսելով հարաւկովկասեան զարգացումների մասին՝ Սաֆրաստեանը նշեց, որ վերջին շրջանում տեղի ունեցաւ մեր տարածաշրջանին ու Հայաստանին առնչւող քաղաքականութեան անկում Թուրքիայի արտաքին նախապատւութիւնների սանդղակում։

«Դա պայմանաւորւած է այն հանգամանքով, որ Թուրքիան աւելի շատ ցանկանում է իր մեծ խաղը խաղալ համաշխարհային մակարդակով։ Այդուհանդերձ, Մերձաւոր Արեւելքում սրւած իրադրութիւնը թուրքական դիւանագիտութեանը ստիպում է, որպէսզի աւելի շատ ուշադրութիւն յատկացնի այդ ուղղութեանը, իսկ Հարաւային Կովկասում Անկարան հասել է իր ցանկութիւնների գոնէ մի մասի բաւարարմանը, որովհետեւ առաջին անգամ թուրքական բանակը գտնւում է ոչ միայն Նախիջեւանում, այլեւ բուն Ադրբեջանում։ Թուրքական բարձրագոյն սպայակազմի ներկայացուցիչները համակարգում են ադրբեջանական բանակի գլխաւոր շտաբի գործունէութիւնը, ինչը տեղի ունեցաւ այն պայմաններում, երբ ՌԴ-ի դերակատարութիւնը քաղաքական առումով մեր տարածաշրջանում թուլացաւ։ Ներկայ իրավիճակը ձեռնտու է թուրքական կողմին, ուստի յաւելեալ քայլեր չի ձեռնարկում ազդեցութիւնը մեծացնելու համար, քանզի զբաղւած է, իր ընկալմամբ, աւելի կարեւոր խնդիրներով»,- ասել է բանախօսը։

Նրա կարծիքով՝ Թուրքիան սպասում է, որ Հայաստանը գնայ զիջումների եւ ստորագրի խաղաղութեան պայմանագիր այն պայմաններով, որոնք առաջադրում է Ադրբեջանը, հետեւաբար Անկարան առաջին պլան է մղել Բաքւին ու սպասում է, որ վերջինս հասնի իր նպատակներին։ Բանախօսի կարծիքով՝ չափազանց կարեւոր հանգամանք է նաեւ Իրանի դիրքորոշումը։ Թէեւ Թուրքիան հակակրում է մեր միւս հարեւանին, մրցակցում նրա հետ, սակայն հաշւի է առնում իրանական գործօնը։ Երկու կողմերն էլ վարում են բալանսաւորւած քաղաքականութիւն՝ խուսափելով ուղիղ առճակատումից։ Հէնց իրանական գործօնով է պայմանաւորւած նաեւ այն իրողութիւնը, որ էրդողանական Թուրքիան նախկինի պէս չի պնդում այսպէս կոչւած «Զանգեզուրի միջանցք» անյապաղ բացելու եւ թուրք-ադրբեջանական պայմաններով շահագործելու պահանջը։

Վերլուծելով ռուս-թուրքական յարաբերութիւնները՝ Սաֆրաստեանը շեշտեց, որ թէեւ Թուրքիան ռազմավարական առումով համարւում է Արեւմուտքի անբաժանելի մասը, ԱՄՆ-ի հաւատարիմ դաշնակիցն է ու ՆԱՏՕ-ի ամենաակտիւ անդամներից մէկը, սակայն վերջին 6-7 տարիների ընթացքում ռուս-թուրքական յարաբերութիւններում տեղի են ունեցել զգալի փոփոխութիւններ, որոնք կրում են մարտավարական բնոյթ, քանի որ երկու կողմերն էլ շահագրգռւած են յարաբերութիւնների հետագայ զարգացմամբ, ինչից կարող են ստանալ եւ արդէն ստանում են բաւականին մեծ օգուտներ։

«Թուրքիան օգնում է ՌԴ-ին շրջանցել պատժամիջոցները, եւ դա փոխշահաւէտ գործարք է, քանզի 2022 թւականի ռուս-ուկրաինական հակամարտութիւնից յետոյ Անկարան առաջին կէս տարում ստացաւ 20 միլիոն դոլար։ Դա նպաստեց նաեւ Հարաւային Կովկասում երկու երկրների բալանսաւորւած քաղաքականութեանը, այսինքն՝ սկսեցին միմեանց շահերը գիտակցել ու համակերպւել դրանց հետ։ Կայ եւս մէկ հանգամանք, որի մասին այդքան չի խօսւում։ Թուրքիան առիթը բաց չի թողնում նաեւ ռուսական ազդեցութիւնը Սև ծովում նւազեցնելու առումով։ Անկարան փակել է Բոսֆորի նեղուցով ռազմանաւերի տեղաշարժը, ինչի արդիւնքում ռուսական նաւատորմը զգալիօրէն կրճատւել է, քանի որ Ուկրաինայի կողմից ենթարկւում է թիրախաւորւած խոցումների։ Թուրքիան փաստօրէն թոյլ չի տալիս, որ Ռուսաստանը համալրի սևծովեւան իր նաւատորմը, ցանկանում է, որ այն հետզհետէ թուլանայ եւ կորցնի նախկին ուժը, ինչը Թուրքիայի վաղեմի երազանքն է»,- ասաց թուրքագէտը։

Սաֆրաստեանի կարծիքով՝ յարաբերութիւնների սառեցմամբ է թերեւս պայմանաւորւած այն հանգամանքը, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցն Անկարա այդպէս էլ չի կայանում, եւ դեռ հարց է՝ մօտ ապագայում առհասարակ կը կայանայ, թէ ոչ։ Մոսկւայում յստակ գիտակցում են, որ թուրքական կողմը չի խորշում նաեւ այնպիսի քայլեր կատարելուց, որոնք ակնյայտօրէն դէմ են ռուսական շահերին ու հետաքրքրութիւններին։

Մանւէլ Մարգարեան

Առնչւող Յօդւածներ

Back to top button