Հայաստան - ԱրցախՔաղաքական

Տիգրան Քոչարեան. «Եթէ 2018-ին ոստիկանութիւնն իրեն այսօրւայ պէս պահէր, Փաշինեանն իշխանութեան գալու որեւէ շանս չէր ունենայ»

«ԱԼԻՔ» – Ընդդիմադիր դաշտի անկազմակերպւածութիւն կայ, մօտեցումը նման է այն ասացւածքին, որ գեներալները միշտ պատրաստւում են նախորդ պատերազմին։ Ընդդիմութիւնը պայքարին հիմնականում պատրաստւում է հին ձեւերով՝ չհասկանալով, որ այլ ձեւեր կան։ Մտածում են՝ եթէ Նիկոլն այդպէս է իշխանութեան հասել, միգուցէ իրենց մօտ էլ կը ստացւի։ Ոչ թէ յեղափոխութիւնը, այլ ոստիկանութիւնն է եղել թաւշեայ։ Եթէ ոստիկանութիւնն իրեն պահէր այնպէս, ինչպէս հիմա է պահում, Փաշինեանը որեւէ շանս չէր ունենայ իշխանութեան գալու։ Ընդդիմութեան հիմնական նպատակը պէտք է լինի մտածելը, թէ ինչպէս ոստիկանութիւնը դարձնել թաւշեայ։ Փաշինեանին այսօր պահում է միայն մէկ ուժային կառոյց՝ ոստիկանութիւնը, միգուցէ նաեւ ԱԱԾ-ի մի ստորաբաժանում։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է յայտնել մեդիափորձագէտ Տիգրան Քոչարեանը:

«Աշխարհաքաղաքական որոշ ուժեր շահագրգռւած են Փաշինեանի՝ իշխանութեան մնալով։ Առաջին հերթին դա Արեւմուտքն է, ժամանակին նաեւ Ռուսաստանն էր մտածում, որ միգուցէ կը կարողանայ նրանից կորզել այն, ինչը համապատասխանում է իր շահերին։ Դրա հաշւին Փաշինեանը բաւական երկար ժամանակ մնաց, յատկապէս, երբ 2021-ին կարողացաւ բոլոր կողմերին խաբել եւ համոզել։ Դրա արդիւնքում ընտրութիւններից ժամեր անց աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնները շնորհաւորեցին հայ ժողովրդի յաղթանակը։ Քայլ անելու վճռականութեան պակաս կայ, այն է՝ պատրաստ լինել գնալ եւ բանտարկւել, յանուն քո արդարութեան՝ զոհւել, ունեցւածք կորցնել, աշխատավարձից կամ պարգեւավճարից զրկւել։ Սա համատարած է՝ ե՛ւ ընդդիմութեան շարքերում է, ե՛ւ Նիկոլին ատող զանգւածի, որն ինչ-որ չափով իշխանութեան, պետական կառոյցների մէջ է»,- ասել է հանրային գործիչը:

«Բուն նիկոլականները ներկայումս երեւի մի քանի հարիւր հոգի են, մնացածները կա՛մ շահ ունեն, կա՛մ վախ։ Գաղափարապէս նիկոլականները երեւի մի 10-15 հոգի են, որոնք իր հետ քայլել են։ Յիշենք 2022-ի դեկտեմբերին շրջափակւած Արցախը։ Մօտ չորս-հինգ ամիս այնտեղ որեւէ ձայն, ծպտուն, բողոք, ժողովրդական ընդվզում չկար։ Շատ արտասահմանցի գործընկերներ, երբ լսում էին, որ Արցախում շրջափակում է, Ադրբեջանը ճնշում է, զարմանում էին, քանի որ ընդվզում ու պայքար չէին տեսնում։ Արցախցիները չէին ուզում խօսել, վախենում էին, բայց տպաւորութիւնն այնպիսին էր, որ եթէ այնտեղից ձայն չէին հանում, ուրեմն ամէն ինչից գոհ էին, շրջափակումն էլ կեղծ էր։ Եւ արցախցիները սկսեցին խօսել, ցոյցեր կազմակերպւեցին, Արցախի շուրջ շարժ գնաց։ Եթէ շուռնուխցու, տաւուշցու կամ արցախցու կողքին ենք կանգնում, իսկ նա չի պայքարում, այդ պայքարն արհեստական է դառնում»,- նշել է Քոչարեանը:

Ընդդիմադիր գործչի պնդմամբ՝ եթէ յանձնւող հողի բնակիչը ձայն չի հանում, միւս պայքարողներին ասում են՝ նա խնդիր չունի, դու ինչո՞ւ ես խառնւում. «Դիմադրութեան շարժման ժամանակ, օրինակ, Արցախից ձայն չէր գալիս, եւ շատերն ասում էին՝ ինչո՞ւ էք Արցախի համար պայքարում, եթէ իրենց ձեռնտու է կարգավիճակի նշաձողի իջեցումը։ Երբ արցախցին սկսեց խօսել, հարցը միջազգայնացւեց։ ԱՄՆ-ում ի պաշտպանութիւն Արցախի առաջին ցոյցին հինգ գլենդելցի հայ էր, որոնցից չորսը՝ արցախցի։ Դրանից յետոյ փողոցներ փակւեցին, խոշոր ցոյցեր եղան նաեւ Եւրոպայում, շարժ եղաւ։ Երբ դու պայքարում ես, քո կողքին կանգնում են։ Եթէ դու խոշոր աշխարհաքաղաքական կենտրոն ես՝ Արեւմուտք կամ Ռուսաստան, եւ երբ տեսնում ես, որ որեւէ շարժ ու պայքար չկայ, ենթադրում ես, որ դա իրենց համար նորմալ է»։

«Երբ սկսում ես պայքարել եւ ինքնապաշտպանւել, խաղացնում ես նաեւ այն ուժերին, որոնք որոշակի շահեր ունեն տարածաշրջանում։ Երբ դիմադրում ես, Ռուսաստանը, Իրանը, ԱՄՆ-ը սկսում են մտածել, որ այս մարդիկ չեն ուզում զոհւել, ուզում են ապրել իրենց հողի վրայ, սխալ է նրանց կոտորելն ու ցեղասպանելը, պէտք է օգնել նրանց։ Դրսում տեսնում են, որ Հայաստանը դէմ է Փաշինեանի քաղաքականութեանը, մարդիկ ընդւզում են, փողոց են դուրս գալիս, եկեղեցին ընդդիմանում է, ուրեմն՝ մի բան սխալ է, եւ Փաշինեանը խաբել է»,- ամփոփել է Տիգրան Քոչարեանը:

Առնչւող Յօդւածներ

Back to top button