Հայաստան - ԱրցախՏնտեսական

Հայկական դրամի 30-ամեակը

Ովքե՞ր եւ ինչպէս ներդրեցին ազգային արժոյթը

Խորհրդային Միութեան փլուզմանը զուգահեռ նախկին եղբայրական 15 հանրապետութիւններում աստիճանաբար վերանում էին 70-ամեայ բոլշեւիկեան կառավարման խորհրդանիշերը՝ Լենինի արձանից մինչեւ աստղի, մուրճի եւ մանգաղի սիմւոլները։ Նորանկախ հանրապետութիւններից շատերը շտապում էին հասարակական աճող հակակոմունիստական տրամադրութիւնների տակ հրապարակ իջեցնել իրենց ազգային խորհրդանիշերը, որոնք արտացոլւում էին պետական ու ժողովրդային ամենատարբեր ոլորտներում՝ փողոցներ անւանափոխելուց մինչեւ ազգային տարադրամի ստեղծում ու ներդրում։

Կոլապսային տնտեսութիւն ու սոցիալական ծանր վիճակ՝ ամենուր 

Նախկին Խորհրդային Միութեան գրեթէ բոլոր անկիւններում երբեմնի հզօրագոյն կայսրութեան փլուզման առաջին տարիներն ուղեկցւեցին ծանրագոյն սոցիալ-տնտեսական վիճակով, որն արտացոլւում էր տնտեսութեան բացարձակապէս բոլոր ճիւղերի վրայ։ Դրա հետ մէկտեղ խորհրդային ռուբլուց աստիճանաբար սկսեցին հրաժարւել նախկին անդամ պետութիւնները, այդ թւում՝ Վրաստանը, Կիրգիզստանը, Ուկրաինան, Ուզբեկստանը եւ այսպէս շարունակ։ Հայաստանի այդ օրւայ իշխանութիւններն, ընդհակառակը, մինչեւ 1993 թ.-ի հոկտեմբեր դեռեւս մտմտում էին, թէ արդեօք արժի՞ գնալ սեփական արժոյթի ստեղծման ճանապարհով, թէ մնալ ռուբլու գօտում, մանաւանդ, որ այդ մասին Հայաստանն ու Ռուսաստանը նոյն տարւայ սեպտեմբերին երկկողմ պայմանագիր էին կնքել։ Իշխանութիւններն ունէին մտահոգութիւններ, որ այդ գործողութեամբ առանց այդ էլ ծանր տնտեսական պայմաններում էլ աւելի մեծ խնդիրների առջեւ կը կանգնէին, որովհետեւ, ի վերջոյ, ցանկացած նման պատմական գործողութիւն սկզբում յանգեցնում է ճգնաժամի ու բուռն դժգոհութեան։ Ընդդիմութիւնը, սակայն, ի դէմս ԱԺՄ-ի, պահանջում էր, որ ազգային արժոյթն անպայման ներդրւի։ Երկար ու բուռն քննարկումները, ինչպէս նաեւ հէնց Ռուսաստանի՝ խորհրդային ռուբլուց հրաժարւելը ի վերջոյ բերեց մի յանձնախմբի ստեղծման, որին պատմական դերակատարութիւն բաժին ընկաւ ներդնել հայկական դրամը։

Եռեակն ու «կոալիցիոն դրամը» 

Իշխանութեան ու ընդդիմութեան միջեւ տեղի ունեցած քննարկումների արդիւնքում հայկական արժոյթի ներդրման համար ստեղծւած յանձնաժողովի մաս կազմեցին այդ օրերին Կենտրոնական բանկի նախագահ Իսահակ Իսահակեանը (1991-1994 թթ.), ֆինանսների նախարար Լեւոն Բարխուդարեանը (1993-1997 թթ.) եւ խորհրդարանի ֆինանսավարկային ու բիւջէտային հարցերով յանձնաժողովի նախագահ, ապագայում ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ (1998-2008 թթ.) եւ վարչապետ (2008-2014 թթ.) Տիգրան Սարգսեանը։

«Ոչ մի փորձ չունէինք, ոչ մէկ պատրաստի դեղատոմս չէր տւել, թէ ինչն ինչպէս անենք։ Մենք ինքներս հաւաքւեցինք ու արեցինք, որովհետեւ դա արդէն ժամանակի պահանջն էր»,- հետագայում իր հարցազրոյցներից մէկում յիշում է Լեւոն Բարխուդարեանը։

«Դրամի հայրերի եռեակը» երկրի համար կարեւորագոյն ռեֆորմն իրականացնում էր տարրական կենցաղային ծանրագոյն պայմաններում, ինչպէս այդ օրերին ողջ ժողովուրդն էր ապրում։ Յանձնաժողովին սենեակ էին տրամադրել ՀՀ նախագահի նստավայրում, տաքանում էին այդ օրերին պոպուլիար «իրանական ֆուջիկայով»։

Հէնց այս յանձնաժողովի ընդունած շուրջ երկու տասնեակ որոշումների շնորհիւ 2022 թ.-ի նոյեմբերի 22-ին ներդրւեց հայկական դրամը, որը դարձաւ մեր պետականութեան կարեւորագոյն բաղադրատարրերից մէկը։ Հէնց այս օրն էլ երկրում սկսւեց նշւել որպէս հայկական դրամի օր: Որպէս օրինական վճարամիջոց սկսեցին շրջանառւել 10, 25, 50, 100, 200 եւ 500 դրամ անւանական արժէքով թղթադրամները:

Հետաքրքրական է, որ Տիգրան Սարգսեանը ներկայացնում էր ընդդիմութիւնը, ու սա այն եզակի դէպքերից էր, երբ կարեւորագոյն ռեֆորմ իրականացւում էր քաղաքական համաձայնութեան շրջանակներում։ Ինչպէս ինքն է հետագայում նշում իր տւած հարցազրոյցներից մէկում, հայկական դրամի ներդրումը հրամայական էր, որի անհրաժեշտութեան մասին ինքը հրապարակային խօսում էր դեռ 1993 թ.-ի գարնանը։

Տիգրան Սարգսեանը դէմ էր 

Երբ արդէն քննարկւում էր ազգային արժոյթի անւանման հարցը, ինչպէս հետագայում իր հարցազրոյցներում նշում է ինքը՝ Սարգսեանը, նա դէմ է լինում, որպէսզի այն կոչւի դրամ, քանի որ այս կերպ հետագայում կարող էին հանդէս գալ տերմինաբանական խնդիրներ, որովհետեւ մենք դրամ ասում ենք հաւաքական փողին, գումարին։ Յանձնաժողովի միւս անդամները, սակայն, կողմ են լինում դրամ անւանմանը, որը մնում է ու դառնում մեր կեանքի անբաժանելի մաս։

Ի դէպ, դրամի ստեղծման յանձնաժողովին կից գործում էր փորձագէտների աշխատանքային խումբ, որի անդամ էին այդ օրերին բաւական յայտնի տնտեսագէտներ։ Պետութիւնն էլ նրանց համար որոշել էր բաւական մեծ աշխատավարձ սահմանել, որը նրանք ստացել էին… խորհրդային ռուբլիով։ Ինչպէս դրամի ստեղծման 20-ամեակին կատակով յիշել էր Տիգրան Սարգսեանը՝ այդ գումարը փորձագէտներին հերիքել էր հինգ կարկանդակ գնել…

24 news.am

Առնչւող Յօդւածներ

Back to top button