Հայաստան - Արցախ

Հայաստանը պէտք է կարողանայ իր յարաբերութիւնները բարելաւել դաշնակից պետութիւնների հետ

Շատ դժւար է, կարծում եմ, նոյնիսկ անհնար է խզել անվտանգային յարաբերութիւնները, բայց պահպանել տնտեսականը։

Այս մասին «Փաստինֆօ»-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը՝ անդրադառնալով Աժ նախագահ Ալէն Սիմոնեանի յայտարարութեանը, թէ Հայաստանը պէտք է մասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին, քանի որ Հայաստանը ստանձնելու է ԵԱՏՄ նախագահութիւնը:

Պատգամաւորի գնահատմամբ՝ Փաշինեանը փորձում է երկու աթոռի վրայ նստել, բայց փորձը ցոյց է տալիս, որ դա յաջողութեամբ պսակւելու շատ փոքր հաւանականութիւն ունի։

«Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին, ապա այս իշխանութիւնները վերջապէս հասկացել են, որ ԵԱՏՄ-ն այն շուկան է, որտեղից հայկական ապրանքները սպառւում են եւ, եթէ ԵԱՏՄ-ից հրաժարւեն, ապա առաջին հերթին չեն կարողանալու մօտ ապագայում ապրանքների նոր շուկայ գտնել, որովհետեւ եթէ խօսում ենք, դիցուք, եւրոպական շուկաների մասին, ապա շատ երկար աշխատանք պէտք է տարւէր արտաքին տնտեսական յարաբերութիւններում, որպէսզի օգներ տնտեսվարողներին ստանդարտները համապատասխանեցնել եւրոպական չափանիշերին։

Սա չի արւել, որովհետեւ այս իշխանութիւնները տնտեսութիւնից ձեռքները լւացել էին՝ յոյսը դնելով նրա վրայ, որ ինչ-որ ոլորտներ սուբսիդաւորելով՝ կը կարողանան բարձրացնել ընկերութիւնների արտադրողականութիւնը, բայց դա այդպէս չէ»։

Նա ընդգծեց, որ օրինակ, Հայաստանը սուբսիդաւորւած գներով գազ է ստանում, հէնց ԵԱՏՄ անդամ լինելու համար։ «Եթէ ԵԱՏՄ-ից փորձի դուրս գալ, ու շուկայական գներով գազ գնել, ապա հասկանո՞ւմ էք, չէ՞, թէ ապրանքների գները ինչքան կը թանկանան»։

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Յարութիւնեանն ուշագրաւ յայտարարութեամբ էր հանդէս եկել՝ նշելով, որ չափազանց կարեւոր է, որ հայերը՝ Հայաստանում եւ Սփիւռքում գնեն բացառապէս հայկական արտադրութեան ապրանքներ եւ որեւէ Լարսի անցակէտ փակելը չի ազդի, ինչին արձագանգելով Ա. Խաչատրեանը նկատել է, որ գուցէ նրա վրայ դա որեւէ կերպ չանդրադառնայ, քանի որ աշխատավարձն ու պարգեւավճարներն այսպէս, թէ այնպէս կը ստանայ, բայց դա տնտեսվարողների համար կամ ձեռնարկութիւններում աշխատող տասնեակ հազարաւոր մեր հայրենակիցների համար կարող է կեանքի խնդիր լինել։

Արայիկ Յարութիւնեանի այն պնդմանը, թէ խնդիրը կը լուծւի, եթէ իւրաքանչիւր հայ՝ Հայաստանում, թէ արտերկրում հայրենական արտադրութեան ապրանք գնի՝ Խաչատրեանն անտրամաբանական է համարում։ «Որոշ ապրանքատեսակների գծով Հայաստանն ինքնաբաւ չէ, եւ օգտւելով ԵԱՏՄ պայմաններից, կարողանում է իր կարիքները բաւարարել խիստ բարենպաստ պայմաններով, իսկ որոշ ապրանքների գծով իրենք ունեն արտադրութիւն, որը միտւած է արտահանմանը, ի վերջոյ, արտահանումն է տնտեսութեան հիմնական լոկոմոտիւներից մէկը։ Հայաստանցիներն հիմա ի՞նչ անեն, օրական 3 կգ. պոմիդո՞ր ունեն, որպէսզի կարողանան պոմիդորի ողջ արտադրանքը սպառել, կամ ի՞նչ է առաջարկում, բոլորս հիմա վազնենք ծաղի՞կ գնելու, կամ էլ ջրի փոխարէն կոնեա՞կ խմենք։ Դա, ընդհանրապէս, տնտեսութիւնը կործանելու ուղիղ ճանապարհն է։ Տնտեսութիւնից չհասկացող մարդը չպէտք է նման խորհուրդներ տայ, մարդիկ արտադրում են, ստեղծել են արտահանմանը միտւած տնտեսութիւն, պետութեան համար պէտք է արտահանումը, որպէսզի հնարաւոր լինի արտարժոյթ բերել դրսից, որ ապրանք բերւի»։

Խաչատրեանը նշեց, որ Հայաստանը պէտք է կարողանայ իր յարաբերութիւնները բարելաւել դաշնակից պետութիւնների հետ՝ անվտանգային, քաղաքական, տնտեսական առումով։ Այդ դէպքում մենք կը շարունակենք օգտւել ընձեռւած հնարաւորութիւններից։ «Ես քիչ հաւանական եմ համարում, որ իրենք դեմարշի կը գնան ՀԱՊԿ-ի դէմ, բայց նաեւ կը ստանձնեն ԵԱՏՄ նախագահութիւնը»։

Դիտարկմանը, թէ այսինքն, հնարաւո՞ր է, որ ՀՀ-ի՝ ԵԱՏՄ նախագահութիւնը ստանձնելու դէմ էլ այդ կառոյցում դեմարշ լինի՝ Խաչատրեանը որեւէ բան չբացառեց։ «Փաշինեանին ասում են՝ ՌԴ-ի հետ յարաբերութիւնները լարւած են, իսկ ինքն ասում է՝ Զախարովային ու Լաւրովին չի մեկնաբանում։ Որքան էլ յայտարարի, որ ՌԴ-ի հետ յարաբերութիւնները շատ լաւ են, մենք տեսնում ենք, որ յարաբերութիւնները շատ վատ են եւ դրա տնտեսական հետեւանքները կարող են շատ վատ լինել»։

Առնչւող Յօդւածներ

Back to top button