Հայաստան - Արցախ

Իրարամերժ յայտարարութիւնները փաստում են՝ խաղաղութեան փոխարէն գործ ունենք պետականազրկման հետ

Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարութիւններն դեկտեմբերի 15-ին տեղեկութիւն են հրապարակել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգութեան հարցերով յանձնաժողովների միջեւ նիստերի եւ համատեղ աշխատանքային հանդիպումների անցկացման աշխատակարգը հաստատելու մասին։

Հայկական կողմն ընդհանուր ձեւակերպումներով է ներկայացրել, թէ ինչի մասին է խօսքը։ Աւելին ՀՀ կառավարութեան կայքում, երէկւայ նիստի օրակարգում ընդգրկւած այդ հարցը (33-րդ կէտը) միակն է, որ կից փաստաթղթեր չունի. ոչ կառավարութեան որոշման նախագիծն է դրւած, ոչ հաստատման ենթակայ փաստաթուղթը, ոչ էլ հիմնաւորումը:

Արդիւնքում ՀՀ քաղաքացին տեղեակ չի լինելու, թէ ինչպէս են կազմակերպւելու իր երկրի սահմանները ճշգրտող հայ-ադրբեջանական յանձնաժողովի աշխատանքները։ Փաստաթուղթը ստանալու վերաբերեալ հարցում արդէն իսկ ուղարկել եմ կառավարութեան նիստում հարցը ներկայացնող ՀՀ արդարադատութեան նախարարութիւն։

Ի տարբերութիւն ՀՀ կառավարութեան, Ադրբեջանի նախարարների կաբինետն երէկ՝ դեկտեմբերի 15-ին, հաստատելուց անմիջապէս յետոյ հրապարակել է վերոնշեալ աշխատակարգը: Փաստաթղթում նշւում է, որ սահմանները ճշգրտելու գործընթացը գաղտնի է լինելու։ Որեւէ տեղեկութիւն, հաղորդագրութիւն հրապարակելու համար անհրաժեշտ է լինելու երկու կողմերի համաձայնութիւնը: Ասել է թէ՝ եթէ Տաւուշի որեւէ հատւածի, կամ Վայոց Ձորում Տիգրանաշէնի մէկ այլ հատւածի ճշգրտման հարցով, եթէ ադրբեջանական կամ հայկական կողմը դէմ լինի, չեն տեղեկացնի մեր հայրենակիցներին, թէ ինչ են համաձայնւել, մինչեւ փաստի առաջ կանգնած ընդհանուր համաձայնութեան պարագայում չհրապարակեն ամբողջական փաթեթը։

Այսպէս էլ բանակցութիւններն ընթանում են՝ սեփական ժողովրդին, հասարակութեանը մոլորեցնելով ու թութակի պէս կրկնելով միայն կախարդական խաղաղութիւն բառը։ Իսկ այս երկու օրն արդէն հայկական ու արբեջանական արտգործնախարարների լրիւ իրարամեժ յայտարարութիւնները փաստում են՝ խաղաղութեան փոխարէն գործ ունենք պարտադրւած զիջումների ու պետականազրկման հետ։

Գեղամ Մանուկեան
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր

Arfd.am

Առնչւող Յօդւածներ

Back to top button