ԻրանՄիջազգայինՔաղաքական

Ալիեւը՝ «Մոնաֆեղին»-ի նոր կնքահայրը

Պատրա՞ստ է արդեօք նա գնալ նման յիմարութեան, թէ՞ ոչ

Զուգադիպութիւն, թէ ի՛նչ, չես կարող ասել, բայց նոյն օրերին, երբ Իրանի եւ անգլօ-ամերիկեան ահաբեկչական ուժերի միջեւ գերլարում է արձանագրւում, յատկապէս Իրանը շրջանցելու նպատակով կորիդորային քաղաքականութեան շրջանակներում, Իրանի պատմական Շիրւան տարածքում ձեւաւորւած Բաքւի ռեժիմը յայտարարում է «Մոնաֆեղին» ահաբեկչական խմբաւորմանը ֆինանսաւորելու մասին: Այս մասին են վկայում բազմաթիւ իրանական փորձագէտները, կամ լրահոսը՝ յղում անելով ադրբեջանական ակտիւստների ահազանգերին:

Նոյն կապակցութեամբ, իրանական «Սեդայէ Ղաֆղազ» տելեգրամեան ալիքը Ալիեւին ներկայացնելով որպէս ահաբեկիչներին գրանտաւորող «բարեգործ» նշել է. «Ալբանիայում տեղակայւած «Մոջահեդների» որբանոցից սկսած, վերջացրած փոքր ու միջին բիզնեսներով, այդ թւում սնանկացած մշակութային շրջանակներին փողեր տալն ու «200 դոլարանոցներ»-ին կերակրելը հէնց այնպէս արւած բարեգործութիւն չէ»:

Արձանագրւած փաստ կարելի է համարել Իրան-Ալբանիա յարաբերութիւններում լարւածութեան աստիճանի հասած այն շրջանը, երբ Տիրանան հասկանալով Իրանի լրջութիւնը կտրուկ որոշման գնալով սահմանափակումներ մտցրեց «Մոնաֆեղին»-ի գործողութիւններում, միաժամանակ դադարեցնելով նրանց ուղղւած յատկացումները:

Առաւել հետաքրքիր փաստ եւս, ինչի համաձայն ահաբեկիչների տարածք ներխուժած Տիրանայի ոստիկանութիւնը առգրաււել էր նրանց բոլոր համակարգիչներն ու համակարգչային սերւերները: Չհաստատւած տեղեկատւութիւն կայ այն մասին, որ այդ սերւերները Տիրանայի կողմից փոխանցւել են Իրանի Իսլամական Հանրապետութեան պաշտօնեաներին, ինչի արդիւնքում բացայայտւեց երկիր տեղափոխւած աւելի քան հարիւր ահաբեկիչ, որոնք հաւաքագրւել եւ համագործակցում էին սիոնիստների հետ:

Յիշեցնենք, որ նոյն այդ օրերին պարզ դարձաւ, որ «44-օրեայ»-ի ընթացքում, որպէս պանթուրքիստների վիրտուալ հրետանի աշխատող «Արազ-նիւզ» տելեգրամեան ալիքի ադմինը եւս բացայայտւել էր նոյն «Մոնաֆեղին»-ի սերւերների միջոցով:

Կովկասի հարցերով փորձագէտ դոկտ. Էհսան Մովահեդեանը եւս այս մասին գրառում հրապարակելով յիշեցրել է, որ նոյն այն օրերին, երբ Իրանը Տիրանայի դէմ ճնշում էր բանեցնում եւ ԱԳ նախարարն էր մեկնել Բաքու «Չմիաւորւած շարժման երկրների» արտաքին գործերի նախարարների հանդիպմանը, Բաքւի մեջլիսի պատգամաւոր Ռազի Նուրօլլահովը մի շարք այլ անվտանգութեան եւ քաղաքական պաշտօնեաների ընկերակցութեամբ Փարիզում մասնակցում էր «Մոջահեդին խալղ» ահաբեկչական խմբաւորման տարեկան համագումարին: Նա համագումարին փոխանցելով Բաքւի պատգամը մոնաֆեղների ահաբեկչական գործողութիւններն անւանել էր ազգային դիմադրութիւն։

Փորձագէտը յաւելել է, որ Ալիեւի՝ Ալբանիա այցերի յաճախականութիւնը հէնց այս ահաբեկիչների հետ հանդիպումների ծրագրի շարքից էր, եւ խմբաւորման հետ համագործակցութիւնը զարգացնելու եւ նրանց լրտեսելու հնարաւորութիւններն օգտագործելու նպատակ էր հետապնդում:

Բաքու-Մարիամ Ռաջաւի միջեւ համերաշխութեան եւ համագործակցութեան յայտարարութիւնը ենթադրում է լրտեսական, ինչպէս նաեւ տարբեր միջոցներով ֆինանսներ ստեղծելու գործողութիւններ այդ թւում անգլիական տիրոյթում գտնւող աֆիոնի տարանցում եւ թրաֆիքինգի անարգել իրականացում:

Նոյն կապակցութեամբ, Ռուսաստանի ականաւոր վերլուծաբան Կարինէ Գէորգեանն իր հեռուստաբանավէճերից մէկում նշել էր, որ «Զանգեզուրի միջանցք»-ն իրականում օգտագործւելու է Աֆղանստանից հերոին արտահանելու 60 միլիարդ դոլարանոց եկամուտով բիզնեսի համար՝ Բաքւի, Թուրքիայի եւ Միջերկրական ծովի ճանապարհով, իսկ այնտեղից՝ Եւրոպա եւ Արեւմուտք։ «Այս համատեքստում պէտք է նշել բրիտանական «Արեւելեան հնդկական ընկերութեան» պատմութիւնն ու դերը թմրանիւթերի վաճառքի ոլորտում եւ բրիտանական ափիոնի պատերազմը Չինաստանի հետ։ Անգլիան, որպէս Բաքւի հիմնական գործատու, նոյնպէս շահելու է թմրամիջոցների «Զանգեզուրեան» առիթից»,- նշել է Մովահեդեանը:

«Նկատի ունենալով, որ ռուսաստանցի վերլուծաբանը քաջատեղեակ է Իրանի խնդիրների մասին եւ թմրաբիզնեսի դէմ ծաւալած պայքարին, ապա պէտք է հաշւի առնել նրա այս մեկնաբանութիւնը»,- յաւելել է Մովահեդեանը։

Այն, որ մեկնաբանը «Զանգեզուրի միջանցք»-ի ստեղծման նպատակներից է համարում նաեւ Կենտրոնական Ասիայից ու Աֆղանստանից Բաքու, Թուրքիա եւ Եւրոպա թմրանիւթերի տարանցման նոր երթուղու ստեղծումը, կարող է դիտւել որպէս Ռուսաստանի տեսակէտի փոփոխութեան նշան՝ խնդրոյ առարկայ «միջանցք»-ի, ինչպէս նաեւ դրա նախագծողների մարդկութեան դէմ իրականացւելիք մտադրութիւնների մասին:

Փաստ է, որ նոյնիսկ Աֆղանստանից ԱՄՆ-ի դուրս գալուց յետոյ Թուրքիան շարունակում է մնալ «Թալիբան»-ի կողքին, իսկ թալիբները Թուրքիայի ՄԻԹ-ի աջակցութեամբ հանդիսանում են եւրոպական մայրցամաքի ամենամեծ թմրանիւթ վաճառող մաֆիան, որն Ալբանիայի միջոցով հնարաւորութիւն է ստանում «Թալիբան»-ի թմրանիւթը մատակարարել Կանաչ մայրցամաք:

Որպէս վերջաբան արժէ մէջբերել ականաւոր ալբանացի լրագրող Մենթոր Կիկիայի արած յայտարարութիւնը, որտեղ նա անդրադառնալով Իրանի դէմ «Մոնաֆեղին»-ի թշնամութեան եւ ատելութեան անցեալին նշել է, որ Ալբանիան չի ցանկանում լինել այդ պատմութեան տողերից մէկը:

Նա կրկնելով Ալբանիայի կառավարութեան պաշտօնական պարզաբանումը յիշեցրել է, որ միայն մարդասիրական նկատառումներից ելնելով է Ալբանիան ապաստան տրամադրել այս ահաբեկիչներին:

Իսկ հարց է ծագում, արդեօք Ալիեւը պատրաստ է նման յիմարութիւն թոյլ տալ, թէ՞ ոչ:

ՀԱՏԻՍ

Առնչւող Յօդւածներ

Back to top button