ՀարցազրոյցՄիջազգային

Իսրայէլը Ադրբեջանի հետ ոչ միայն ռազմավարական գործընկերութիւն է զարգացնում, այլ նաեւ մասնակից էր Արցախեան պատերազմին

Step1.am-ի զրուցակիցն է Բէյրութի «Ազդակ» թերթի գլխաւոր խմբագիր Շահան Գանտահարեանը։

Պարոն Գանտահարեան, ԻսրայէլՊաղեստին հակամարտութեան ճակատում տեղի ունեցող զարգացումները, Երուսաղէմում հայկական ներկայութեան համար պայքարը, Լիբանանի շուրջ զարգացումները ի՞նչ զուգահեռներ ունեն Արցախի հարցում տեղի ունեցող զարգացումների հետ։ Տարածաշրջանային ի՞նչ փոփոխութիւններ են տեղի ունենում։

– Իսրայէլ-Պաղեստին պատերազմն աննախադէպ է աւերածութիւնների եւ զոհերի թւով։ Բայց միաժամանակ նկատւում է, որ իրավիճակ է փոխւել։ Նախ ՀԱՄԱՍ-ի յարձակումը՝ յանկարծակիութեան գործօնով պայմանաւորւած, ձեռք բերած արդիւնքներով եւ գերիների թւով որոշակի առումով քանդել է Իսրայէլի բանակի միֆը։ Իսկ քաղաքական-դիւանագիտական առումով եւս կայ փոփոխութիւն, յատկապէս ՄԱԿ-ում քւէարկութեան պատկեր է փոխւել։ Անպայման չէ, որ Իսրայէլի առաջարկած նախագծերը քւէարկւեն։

Իսրայէլն այս պայմաններում հարկադրւում էր նաեւ հրադադարին, բայց ՄԱԿ-ը մի քանի անգամ հրադադարի մասով բանաձեւ որդեգրեց։ Եւ հետաքրքիր է նաեւ ընդհանուր քւէների պատկեր, օրինակ, Մեծ Բրիտանիայի նման երկիրը ձեռնպահ էր քւէարկել, մինչ այս նման երեւոյթ չէր գրանցւել։ ՄԱԿ գլխաւոր քարտուղարը, իհարկէ դատապարտելով ՀԱՄԱՍ-ի յարձակումները, այնուամենայնիւ չարդարացրեց Իսրայէլի նման պատասխանը։

Տեղեկատւական ոլորտում եւս իրավիճակ է փոխւել, նախկինում շատ հզօր էր հրեաների տիրապետումը համաշխարհային լրատւական դաշտում, ամենահեղինակաւոր լրատւամիջոցները հրէական տիրոյթում էին։ Բայց այսօր շատ են նիւթերը, վերլուծութիւնները, որոնք խօսում են նաեւ պաղեստինցի ժողովուրդների իրաւունքների իրացման մասին։ Հետզհետէ միջազգային օրակարգ է մտնում երկու պետութիւն՝ Երուսաղէմ մայրաքաղաքով եւ 1965 թւականի սահմաններով, հարցը։

Շատ հետաքրքիր է նաեւ, որ այս պատերազմը չաւարտւած՝ ՄԱԿ-ը քւէարկեց մէկ այլ բանաձեւ-կոչ, որով պահանջում էր, որ իսրայէլական զօրքերը հեռանան Գոլանի բարձունքներից։ Ուզում եմ ասել, որ միջազգային ընտանիքի յարաբերութիւնները Իսրայէլի հետ ենթարկւել են որոշակի փոփոխութիւնների։ Այժմ արդէն տարբեր քաղաքական շրջանակներում, աշխարհաքաղաքական տիրոյթներում արծարծւում է պաղեստինեան պետութեան հրամայականը՝ միջազգային ճանաչման առումով։

Բայց պատերազմը շարունակւում է, Հարաւային Լիբանանում թէժ է։ Կայ մտավախութիւն, որ ռազմական գործողութիւնները կը հատեն Հարաւային Լիբանանի բախումների գօտին եւ աւելի ընդգրկուն կը լինեն։ Նախկինում իսրայէլական յարձակումները նաեւ թիրախաւորել են լիբանանեան տարբեր քաղաքացիական օբիեկտներ, օդանաւակայան, տարբեր ենթակառուցւածքներ։ Բայց առ այսօր աշխատում են զսպիչ գործօններ։

Հիմա, եթէ տարածաշրջանային զուգահեռներ տանենք, Իսրայէլը ոչ միան Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերութիւն է զարգացնում, այլ նաեւ մասնակից էր Արցախեան պատերազմին։ Այնտեղ նաեւ իսրայէլական արտադրութեան զինտեխնիկա կար։ Պէտք է նկատել նաեւ հակասութիւնը, Թուրքիան առնւազն դեկլարատիւ առումով ոչ միայն դատապարտում է իսրայէլեան յարձակումները, այլ նաեւ մեղադրանք է հնչեցնում, որ Իսրայէլը ցեղասպանութիւն է իրականացնում պաղեստինցի ժողովրդի նկատմամբ։ Եւ այստեղ է հակասութիւնը, որովհետեւ նման ռազմավարական խնդիրներում թուրք-ադրբեջանական տանդեմը չի կարող նման պատերազմական իրավիճակների վերաբերեալ տարբեր դիրքորոշումներ ունենալ։ Այստեղ դերերի բաշխում է դեկլարատիւ առումով, որովհետեւ առ այս պահը Թուրքիա-Իսրայէլ ռազմավարական գործընկերութիւնը շարունակւում է, չի չեղարկւել։

Մենք հայկական ոսպնեակով այս հարցերին նայելիս՝ պաղեստինցի ժողովրդի իրաւունքների խնդրից զատ տեսնում ենք նաեւ իսրայէլեան գործօնը, որը սերտ համագործակցում է Ադրբեջանի հետ՝ ուղղակի մասնակից դառնալով Արցախեան պատերազմին։

Դուք վերջերս մէջբերել էիք Կանադայի ԱԳ նախարարի յայտարարութիւնը, նա ողջունել էր գերիների փոխանակումը եւ ասել, որ Արցախեան հակամարտութեան բանակցութիւնները պէտք է շարունակել Հելսինկեան սկզբունքների հիման վրայ։ Այսինքն՝ սա նշանակո՞ւմ է, որ նորից վերադարձ է կատարւում սկզբունքներին, եւ այսօրւայ իրողութիւնները չե՞ն ճանաչւում։

– Դա շատ կարեւոր է, որովհետեւ Հելսինկեան եզրափակիչ ակտին յղում անելը եւ դրա հիման վրայ Արցախեան հակամարտութեան բանակցութիւնները շարունակելու հրամայական հնչեցնելը, պարզ է, որ ինքնորոշման իրաւունքի սկզբունքի իրացման անհրաժեշտութեան մասին է։ Բոլորս գիտենք, որ Հելսինկեան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքներից 8-րդը խօսում է ժողովուրդների իրաւահաւասարութեան եւ ազգերի ինքնորոշման իրաւունքի մասին։

Այսինքն՝ քաղաքակիրթ աշխարհի համար Արցախի հարցը փակ չէ՞։

– Առնւազն Կանադայի պաշտօնական յայտարարութեամբ, ոչ, որովհետեւ այս յայտարարութիւնը հնչեցնողը Կանադայի արտգործնախարարն է։ Չմոռանանք, որ վերջերս նաեւ Երեւանում բացւեց Կանադայի դեսպանութիւն, այնտեղ ակտիւ աշխատում է թէ՛ ՀՀ դեսպանութիւնը, թէ՛ նաեւ Հայ Դատի յանձնախումբը։ Նաեւ վերջերս ինքնորոշման իրաւունքի մասին Կանադայի արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ խօսել էր Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Առաջինը։

Հայկական Սփիւռքը Արցախի սուբիեկտայնութիւնը պահպանելու ուղղութեամբ ի՞նչ դերակատարում կարող է ունենալ։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանի իշխանութիւնը գումար չի յատկացնում՝ Արցախի պետական ինստիտուտները պահպանելու համար, յայտարարում են, որ դա «Հայաստանի անվտանգութեան համար սպառնալիք է»։ Արցախի իշխանութիւնները կարո՞ղ են դիմել Սփիւռքին եւ նրանց աջակցութեամբ օրակարգում պահել Արցախի սուբիեկտայնութեան հարցը։

– Զանազան ուղղութիւններով նոր հայեցակարգ պէտք է մշակել, նոր ռազմավարութիւն՝ նաեւ բանակցային առումով։ Խնդիրը նաեւ աշխարհաքաղաքական հնչեղութիւն ունի այն առումով, որ տարածաշրջանում աշխարհաքաղաքական մրցապայքար է գնում հաւաքական Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ։ Իհարկէ, Իրանն ու Թուրքիան էլ են ներգրաււած այս գործընթացներում։ Եւ եթէ նախապէս կար խնդիր Արցախում խաղաղապահ ուժերի բաղադրութեան շուրջ, հիմա կարծում եմ, որ հաւաքական վերադարձի իրաւունքը պայմանաւորւում է նաեւ անվտանգութեան երաշխիքների գործիքակազմի տեղակայման հետ։ Եւ այստեղ կայ տարաձայնութիւն աշխարհաքաղաքական այդ պայքարի համատեքստում, թէ ինչ բնոյթի երաշխիքներ են լինելու՝ միջազգային, ռուսական, թէ՞ այլ։

Այսինքն՝ հարցը չի վերաբերում զուտ Հայաստան-Ադրբեջան հակամարտութեանը, հարցն աշխարհաքաղաքական, տարածաշրջանային հնչեղութիւն ունի։ Մէկ օրինակ՝ եթէ Կանադայի պէս այլ երկրներ եւս Հելսինկեան եզրափակիչ ակտի կամ ԵԱՀԿ շրջանակներում հարցի վերարծարծման, հակամարտութեան բանակցային գործընթացի մասին ակնարկ են անում, դա յուշում է, որ ակտիւ աշխատանք պէտք է տանել ԵԱՀԿ շրջանակներում։

ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահութիւնը միակ լիազօրւած միջազգային ձեւաչափն էր՝ խաղաղ լուծում ապահովելու համար։ Ուկրաինական պատերազմի պայմաններում այսօր դժւար է պատկերացնել, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան համատեղ կաշխատեն։ Բայց քաղաքականութեան մէջ ոչինչ բացարձակ, մնայուն ու քարացած չէ։ Եւ իրադարձութիւնների փոփոխութեանը զուգահեռ, եթէ նման ձեւաչափն աշխատի, երեք երկրներում էլ հայկական Սփիւռքը քաղաքական գործօն է, ազդեցիկ գործօն է։ Ուրեմն, այստեղ նաեւ համակարգելու խնդիր կայ Սփիւռքի հայկական դիւանագիտութեան ու Արցախի կառոյցների հետ։ Եւ շատ կարեւոր է, որ արցախեան պետական կառոյցները շարունակեն պահպանել իրենց գործունէութիւնը՝ Արցախի ժողովրդի իրաւունքների պաշտպանութեան նպատակով։

Իհարկէ, կան նաեւ կարճաժամկէտ խնդիրներ՝ Արցախի առեւանգւած ռազմաքաղաքական ղեկավարութեան վերադարձի հարցը։ Եւ կան աւելի հեռահար առաջադրանքներ՝ ինքնորոշման իրաւունքի իրացման ուղղութեամբ նոր բանակցային ռազմավարութիւն մշակելը։ Իսկ միջնաժամկէտ առումով պէտք է հետապնդել հաւաքական վերադարձի իրաւունքը՝ պայմանաւորւած անվտանգութեան միջազգային երաշխիքներով։ Ուզում եմ ասել, որ ե՛ւ կարճաժամկէտ, ե՛ւ միջնաժամկէտ, ե՛ւ երկարաժամկէտ առումով կան առաջադրանքներ, որոնց համար անհրաժեշտ է մշակել նոր հայեցակարգ եւ նոր բանակցային ռազմավարութիւն, որի ձեւաւորման մէջ պէտք է Սփիւռքը ներգրաւել, Սփիւռքի եւ քաղաքագիտական, եւ իրաւագիտական, եւ տեղեկատւական ներուժը։ Այսինքն՝ դերերի բաշխմամբ պէտք է ստեղծել համահայկական մեքենայ՝ այս հակաճգնաժամային ծրագրերը մշակելու ու իրականացնելու համար։

Ո՞վ պէտք է անի դա, հայ ժողովո՞ւրդը, քաղաքական ուժե՞րը։ Փաստ է, որ Հայաստանի իշխանութիւնները դա չեն անում եւ չեն անի, որովհետեւ նման նպատակ չունեն։

– Հիմա պէտք է նաեւ նման պահանջներով մթնոլորտ ձեւաւորել ե՛ւ Սփիւռքից, ե՛ւ արցախեան շրջանակներից, եւ հայաստանեան մտաւորական, հասարակական, փորձագիտական շրջանակներից։ Եթէ իշխանութիւնը դա չի անում, պէտք է ինչ-որ խումբ զբաղւի դրա համակարգմամբ։

Առնչւող Յօդւածներ

Back to top button