ԻրանՀայաստան - Արցախ

Սիւնիքում վթարւած իրանական աւտոբուսի վարորդին ձերբակալելու որոշում է կայացւել

«ԱԼԻՔ» – Հաղորդում էր ստացւել այն մասին, որ 2024 թ. ապրիլի 27-ին ժամը 13։30-ի սահմաններում, Կապան-Երեւան աւտոճանապարհի 18-րդ կմ. հատւածում Իրանի Իսլամական Հանրապետութեան «Սկանեա» մակնիշի տուրիստական աւտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գօտուց եւ գլորւել ձորը, որի արդիւնքում կան զոհեր եւ վիրաւորներ։ Այս մասին ըստ News.am-ի՝ տեղեկացնում է ՀՀ Քննչական կոմիտէի մամուլի խօսնակ Գոռ Աբրահամեանը։

Դէպքի առթիւ 2024 թւականի ապրիլի 27-ին ՀՀ Քննչական կոմիտէի Սիւնիքի մարզային քննչական վարչութիւնում ՀՀ քրէական օրէնսգրքի 342-րդ յօդւածի 3-րդ մասի յատկանիշերով նախաձեռնւել է քրէական վարոյթ։ Նախաքննութեան կատարումը յանձնարարւել է քննչական խմբին:

Կատարւել է դէպքի վայրի զննութիւն, որի արդիւնքում յայտնաբերւել են չորս դի, մէկ դի էլ մինչ այդ տեղափոխւած է եղել Կապանի բժշկական կենտրոն։

Քննութեամբ պարզւել է, որ դէպքի պահին աւտոբուսում գտնւել է ընդհանուր 26 հոգի, որոնցից 23-ը՝ ուղեւոր, 2 վարորդ եւ 1 օգնական:

Վթարի հետեւանքով զոհւել են 5 անձ, որոնց ինքնութիւնները, նախնական տւեալների հիման վրայ, պարզւել են, նրանք ԻԻՀ քաղաքացիներ են։ Տարբեր աստիճանի մարմնական վնասւածքներով Կապանի բժշկական կենտրոն է տեղափոխւել 10 անձ, այդ թւում՝ վթարին նախորդած շրջանում աւտոբուսի վարորդ հանդիսացած անձը։

Նախաքննութեան ընթացքում նշանակւել են դիակի դատաբժշկական փորձաքննութիւններ, հարցաքննւել են մի շարք վկաներ, կատարւել են զննութիւններ:

Իրականացւած քննչական եւ վարութային անհետաձգելի գործողութիւնների արդիւնքում նախնական տւեալներ են ստացւել առ այն, որ նշւած աւտոբուսով ապրիլի 25-ին ԻԻՀ-ից Երեւան են ժամանել զբօսաշրջիկներ։ Ապրիլի 27-ին՝ զբօսաշրջիկներին վերադարձնելու նպատակով ժամը 11-ի սահմաններում, Երեւան քաղաքից նշւած աւտոբուսն ուղեւորւել է դէպի Իրան։

Տաթեւի վանքից որոշակի տարածութիւնից, մի քանի շրջադարձ անցնելուց յետոյ վարորդն ասել է, որ արգելակները չեն պահում եւ ձեռքի պահեստային արգելակով կանգնեցրել է մեքենան: Վարորդը եւ ուղեւորներից մէկը իջել են աւտոբուսից՝ անիւի տակ առարկայ դնելու եւ արգելակն ամրապնդելու համար, սակայն վայրկեանների ընթացքում աւտոբուսը պոկւել է տեղից, սկսել է առաջ ընթանալ շուրջ 30-50 մետր, եւ հարւածելով ու պոկելով պաշտպանիչ մետաղական արգելապատնեշը, գլորւել է ձորը:

2024 թ. ապրիլի 27-ին որոշում է կայացւել անմիջականօրէն ծագած հիմնաւոր կասկածի առկայութեան հիմքով վթարւած «Սկանեա» մակնիշի տուրիստական աւտոբուսի վարորդ Հ. Ղ. Հ.-ին ձերբակալելու մասին։

Ստուգւել է վարորդի սթափութեան աստիճանը, պարզւել է, որ նա գտնւում է սթափ վիճակում:

Նախաքննութիւնը շարունակւում է, ձեռնարկւում են անհրաժեշտ միջոցներ դէպքի հանգամանքները, վթարի պատճառները, այդ թւում՝ տեղանքի առանձնայատկութիւնը հաշւի առնելով, վարորդի կողմից տրանսպորտային միջոցի շահագործման եւ երթեւեկութեան կանոնները պահպանելու, վթարը կանխելու հնարաւորութիւնները պարզելու եւ նրա գործողութիւններին իրաւական գնահատականներ տալու նպատակով։

Առնչւող Յօդւածներ

Back to top button