ԻրանՀայաստան - Արցախ

Ռոբերտ Բեգլարեան. ««Զանգեզուրի միջանցք»-ն Իրանի համար առաջիկայ 100 տարիներին վտանգ է ներկայացնելու»

Իրանում քաղաքական որոշումների կայացման վրայ ազդող ամենաազդեցիկ փորձագէտները մշտապէս ասում են, որ Թեհրանը ոչ մի դէպքում չպէտք է թոյլ տայ այսպէս կոչւած «Զանգեզուրի միջանցք»-ի բացումը, քանի որ դա սպառնալիք կը ստեղծի Իրանի ապագայի համար առաջիկայ 100 տարում. նրանք Իրանի երկարաժամկէտ զարգացման բանալին համարում են հայկական սահմանի անձեռնմխելիութիւնը։ Այս մասին «News.am»-ի «Ուժի գործօն» հաղորդաշարի եթերում ասաց Իրանի Իսլամական խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը։

Նրա դիտարկմամբ՝ այսպէս կոչւած «Զանգեզուրի միջանցք»-ը ռազմավարական նշանակութիւն ունի Բաքւի եւ Անկարայի համար՝ ելնելով նրանից, որ Հայաստանը թուլացած է, եւ կարելի է զիջումներ ստանալ։

Պատգամաւորը նշեց, որ Թուրքիան եւ Ադրբեջանը տարբեր յայտարարութիւններով փորձում են մեղմել Իրանի դիրքորոշումը, սակայն Թեհրանը գիտի, որ այդ սպառնալիքը կայ։

«Տարածաշրջանում սահմանների փոփոխութեան անթոյլատրելիութեան վերաբերեալ Իրանի շեշտադրումը չի փոխւել, բայց իրավիճակը շատ արագ է փոխւում, փակ դռների յետեւում շատ բան է քննարկւում։ Հայաստանն Իրանի համար առանցքային նշանակութիւն ունի՝ հիւսիս եւ Սեւ ծով դուրս գալու հարցում։ Զարգացումները կախւած են ռեսուրսներից եւ իրավիճակից, բայց ինչ-որ պահի առաջնահերթութիւնները կարող են ժամանակաւորապէս փոխւել: Վտանգ կայ, որ Գազայի հատւածում զարգացումները կարող են հէնց նման իրավիճակ ստեղծել»,- ընդգծել է նա։

Նրա խօսքով՝ Արցախի հարցի լուծումն այն տեսքով, որով այն եղաւ, ինչպէս նաեւ արտաքին խաղացողների ակտիւացումը ստիպեցին Իրանին յստակեցնել իր դիրքորոշումը, այդ թւում՝ «3+3» ձեւաչափով։

«Թուրքիայի աւանդական ակտիւութիւնը՝ որպէս տարածաշրջանում ՆԱՏՕ-ի անդամ, միշտ էլ զգայուն խնդիր է եղել Իրանի համար։ Թուրքիայի միջոցով տարածաշրջանում Արեւմուտքի ներկայութիւնը, ինչպէս նաեւ տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերի թուլացումը ստիպեցին Իրանին ակտիւանալ։ Ուստի, Թեհրանը շահագրգռւած է, որ «3+3» ձեւաչափը տարածաշրջանային խնդիրների լուծման գործում լուրջ դերակատարում ունենայ։ Բայց իւրաքանչիւր երկիր ունի իր շահերը։ Մենք տեսնում ենք, որ Վրաստանն ընդհանրապէս հրաժարւում է մասնակցել, Ռուսաստանը զբաղւած է Ուկրաինայի խնդրով եւ Թուրքիային եւ Ադրբեջանին թոյլ է տալիս որոշակի դիւիդենտներ ստանալ, Թուրքիան ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ է, իսկ Ադրբեջանը խաղում է տարբեր լարերի վրայ։ Այս առումով, «3+3» ձեւաչափը կարող է միայն հռչակագրային նշանակութիւն ունենալ»,- եզրափակեց Բեգլարեանը։

Ըստ նրա՝ Իրանում մտահոգութիւն կայ, որ Իսրայէլն Ադրբեջանի միջոցով կարող է վտանգ ներկայացնել Իրանի համար, որպէսզի Թեհրանի ուշադրութիւնը շեղի Գազայի եւ Մերձաւոր Արեւելքի թեմայից։

Նրա խօսքով, Իսրայէլի ներկայութիւնն Ադրբեջանում այնքան յստակ է, որ Իրանը ստիպւած է բաց տեքստով զգուշացնել Բաքւին։

Հռետորաբանութիւնը, որն օգտագործում է Թեհրանը, այն նւազագոյնն է նրանից, ինչը նա կարող է անել Բաքւի նկատմամբ, կարծում է Բեգլարեանը։

Նա կրկնել է, որ Իսրայէլի ներկայութիւնն Ադրբեջանում լուրջ սպառնալիք է Իրանի եւ տարածաշրջանում խաղաղութեան համար։

«Փորձագէտները, որոնց հետ ես զրուցել եմ, կարծում են, որ Հայաստանի արտաքին քաղաքականութիւնը, չնայած այն կարծիքին, որ վեկտորը փոխւում է, ռեգիոնալիզմի բնոյթ է կրում։ Միգուցէ հէնց Թեհրանն է պարտադրում Հայաստանին նման քաղաքականութիւն վարել՝ տարածաշրջանային գործերին արտաքին խաղացողների միջամտութիւնից դժգոհելու իր յայտարարութիւններով»,- ընդգծեց պատգամաւորը։

Նրա գնահատմամբ՝ Իրանն ու Հայաստանը ստեղծւած իրավիճակից ելնելով դարձել են բնական դաշնակիցներ։

«Սակայն այս յարաբերութիւնների տեսանկիւնից դժւար է ասել, թէ ապագայում ինչ գիծ կընտրի Հայաստանը։ Իրանի համար վերջին 30 տարիների ընթացքում Հայաստանը եղել է հիւսիսային ամենայուսալի գործընկերը»,- յաւելեց Բեգլարեանը։

Առնչւող Յօդւածներ

Back to top button