Մարզական

Արթուր Ալեքսանեանը՝ Եւրոպայի 7-ակի չեմպիոն

Արթուր Ալեքսանեանը 7-րդ անգամ նւաճեց Եւրոպայի չեմպիոնի տիտղոսը: Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացւող յունահռոմէական ոճի ըմբշամարտի Եւրոպայի առաջնութիւնում, 97 կգ. քաշային կարգի եզրափակիչում Արթուր Ալեքսանեանը մրցեց մինչեւ 23 տարեկանների աշխարհի գործող չեմպիոն, ռուսաստանցի Մագոմեդ Մուրտազալիեւի հետ եւ 6:3 հաշւով փառահեղ յաղթանակ տարաւ:

Առաջին մրցափուլի մեկնարկին ռուսաստանցի ըմբիշը անակնկալի բերեց Ալեքսանեանին եւ 2-միաւորանոց գցում կատարեց: Գորգի մրցավարը պասիւութիւն տւեց Ալեքսանեանին, բայց չկարողացաւ գլորում կատարել: Մրցակիցները գնացին հանգստի 3:0 հաշւով՝ Մուրտազալիեւի առաւելութեամբ:

Երկրորդ մրցափուլում Արթուր Ալեքսանեանը վերեւից աշխատելու հնարաւորութիւն ստացաւ եւ գլորեց ռուսաստանցուն: Հաշիւը դարձաւ 3:3: Մրցակիցը բողոքարկեց, որը չբաւարարեցին: 4:3 հաշւից յետոյ Արթուր Ալեքսանեանը եւս 2 միաւոր վաստակեց եւ գօտեմարտն աւարտեց 6:3 հաշւով:

Օլիմպիական չեմպիոնը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 9:1 հաշւով ժամանակից շուտ յաղթել էր թուրք Բէյտուլա Կաիսդագինի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում 8:3 հաշւով պարտութեան էր մատնել Նիդերլանդների ներկայացուցիչ Թայրոն Շտենկերբուրգին: Կիսաեզրափակիչում Ալեքսանեանը գօտեմարտել էր բելառուս Աբուբակար Խաշլախանովի հետ եւ յաղթել 5:1 հաշւով:

Արթուր Ալեքսանեանը Եւրոպայի չեմպիոն է դարձել նաեւ 2012, 2013, 2014, 2018, 2020 եւ 2023 թւականներին:

Գիւմրեցի ըմբիշը 32 տարեկան է: Ռիօ-2016 Օլիմպիական խաղերի ոսկէ, Տոկիօ-2020-ի՝ արծաթէ, Լոնդոն-2012-ի բրոնզէ մեդալակիր է, 2014, 2015, 2017 եւ 2022 թւականների աշխարհի չեմպիոն է, Եւրոպական խաղերի չեմպիոն:

2023 թւականի աշխարհի առաջնութիւնում դարձել է արծաթէ մեդալակիր եւ նւաճել իր մարզական կարեիրայի 4-րդ Օլիմպիական խաղերի ուղեգիր:

Sport.news.am

Առնչւող Յօդւածներ

Back to top button