ԹեհրանՀամայնք

Կանանց ու մայրերի տօնը Հ.Մ.Ա.Կ.-ի Երէցների միութեան ապրիլի ամսական հանդիպումին

Հայ մշակութային «Արարատ» կազմակերպութեան (Հ.Մ.Ա.Կ.) Երէցների միութեան ամսական հանդիպումը՝ նւիրւած կանանց եւ մայրերի տօներին, տեղի ունեցաւ ուրբաթ, ապրիլի 12-ի երեկոյեան ժամը 19:00-ին, Հ.Մ.Ա.Կ.-ի «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբեգեան» սրահում՝ աւելի քան 100 միութենականների եւ հիւրերի ներկայութեամբ:

Ծրագիրը սկսւեց Յովհ. Շիրազի «Մայրս» բանաստեղծութեան արտասանութեամբ, որից յետոյ, Երէցների միութեան նախագահ՝ Գէորգ Թամրազեանը ելոյթ ունենալով, նախ ներկաներին հրաւիրեց յոտնկայս մէկ րոպէ լռութեամբ յարգել կազմակերպութեան վաստակաւոր ու նւիրեալ անդամ՝ լուսահոգի Հրաչ Զարիֆեանի յիշատակը, ապա ակնարկելով օրւայ ծրագրին, ողջունեց ներկաներին եւ շնորհաւորեց Քրիստոսի Հրաշափառ Յարութիւնը եւ Մայրերի տօնը:

Միութեան Հանրային-հասարակական բաժանմուքի վարչութեան նախագահ՝ ընկեր Արմինէ Գրիգորեանը բացատրեց ծրագրի բովանդակութեան մասին, որը ներկայացնելու էին Կարինէ Յարութիւնեանը եւ Սեդա Թարվերդեանը: Ծրագիրը բաղկացած էր երկու մասից.

– Առաջին մասում նշւեցին ազգային-համայնքային կեանքում եւ պետական շրջանակներում ականաւոր իրանահայ կին գործիչների անուններն ու իւրաքանչիւրի գործունէութեան ոլորտը: Այդ թւում քիչ չէին Իրանում տւեալ բնագաւառներում առաջինը հանդիսացած հայուհիներ: Միաժամանակ ցուցադրւում էին համապատասխան պատկերներ նշւող դէմքերից:

Նշւեցին կանանց միջոցով հիմնադրւած հետեւեալ միութիւնները՝Թեհրանի Հայ Կանանց Բարեգործական ընկերութիւն (հիմն. 1905 թ.), Թեհրանի Հայ Կանանց Եկեղեցասէր միութիւն (հիմն. 1928 թ.) եւ «Հայ կին» միութիւն (հիմն. 1939 թ.):

– Երկրորդ մասում անդրադարձ եղաւ Հ.Մ.Ա.Կ.-ի 80-ամեայ պատմութեան ընթացքին ականաւոր կին գործիչներին: Նշւեցին Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան եւ միութիւների վարչական կազմերում ղեկավար դիրքերում հանդէս եկած կանանց անունները: Նշւեցին նաեւ կին խմբավարների, բեմադրիչների, Համահայկական խաղերի կին ջահակիրների անունները՝ պատկերների ցուցադրմամբ:

Օրւայ առիթով հրաւիրւել ու ներկայ էր «Արարատ»-ի հիմնադիր անդամներից՝ Յասմիկ Թումանեանը, ում յոտնկայս ողջունեց դահլիճը՝ բուռն ծափահարութեամբ: Նաեւ հրաւիրւել ու ներկայ էին կազմակերպութեան վաստակաւոր երէց անդամուհիները եւ համայնքում գործող կանանց միութիւնների նախագահուհիները, որոնք մէկ առ մէկ ներկայացւեցին՝ արժանանալով ներկաների ծափողջոյններին:

Ծրագրի ընթացքին, Մարտին Աղանեանը արտասանեց Յովհ. Շիրազից մօր մասին գրւած բանաստեղծութիւնը: Ցուցադրւեց «Արարատ» պարախմբի արտասահմանեան հրապարակային ելոյթներից երկու տեսահոլովակ:

Ծրագրի գեղարւեստական բաժնում, Արփի Սիմրոջեանի խմբավարութեամբ ելոյթ ունեցան Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից միութեան «Արարատ» երգչախմբի երգչուհիները, որոնք ներկայացան Կոմիտասեան երգերի հետեւեալ երգացանկով. «Սարերի հովին մեռնեմ», «Կուժն առայ», «Էս առուն ջուր է գալիս», «Ապարանը քարոտ ա», «Անձրեւ եկաւ» եւ «Սոնա եար»:

* * *

Սոյն ձեռնարը նախաձեռնել էր միութեան Հանրային-հասարակական բաժանմունքը: Պատկերների ընտրութիւնը, համադրումն ու ցուցադրումը կատարեց Ալէն Բաղդասարեանը:

Ծրագրի աւարտին ներկաները հիւրասիրւեցին միութեան Հանդէս-ձեռնարկ բաժանմունքի պատրաստած ուտեստներով, նշւեց մարտ-ապրիլ ամիսների ծննդեան տարեդարձները: Յարութ Նազարեանը կատարեց Եղիշէ Չարենցի խօսքերով իր հեղինակած «Մայր իմ անուշ ու անգին» երգը:

Հայ մշակութային «Արարատ» կազմակերպութեան Հանրութեան հետ կապ

Առնչւող Յօդւածներ

Back to top button