Ատրպատական

Ձմեռ պապին Հ.Օ.Մ.-ի Թաւրիզի «Ծերունի Գասպարեան» կրթարանում

Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Դեկտեմբերի 28-ին, Հ.Օ.Մ.-ի Թաւրիզի կենտրոնի հովանաւորութեան ներքոյ գործող «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզ-նախակրթարան այցելեց տարւայ ամենաշատ սպասւած մարդը՝ Ձմեռ պապին:

Կրթարանին երեխաների չափ նաեւ մեծերն էին սպասում նրա այցին, կարծէք բեռնաթափւելու համար ներկայ աշխարհի տագնապալից եւ ապագայի նկատմամբ անորոշ լուրերի մտահոգութիւնից:

Սոյն հաւաքին ներկայ գտնւեց Սրբազան Հայրը: Նրան ընկերակցում էին հոգեւոր հովիւը, Թեմական եւ Պատգամաւորական խորհրդի անդամներ եւ առաջնորդարանի պաշտօնեաներ:

Կրթարանի մուտքին Սրբազան Հօրը դիմաւորեցին Հ.Օ.Մ.-ի վարչութիւնը եւ երեխաները, Ուսուցչական կազմի եւ պաշտօնէութեան հետ: Ծրագրի առաջին իսկ րոպէին ուրախութիւնը տիրական ներկայութիւն դարձաւ կենտրոնատեղիում, երբ երեխաները իրենց ուսուցչուհիների՝ Նայիրի եւ Անի Դիլանեանների հետ միասին երգեցին Նոր տարւայ եւ Սուրբ Ծննդեան երգեր, նւագակցութեամբ եւ ղեկավարութեամբ երաժշտութեան ուսուցիչ՝ Կարէն Սարգսեանի:

Օրւայ շնորհաւորանքի խօսքը արտասանեց ուսուցչուհի Նայիրի Դիլանեանը: Նա ողջունելով բոլորին Ամանորի առիթով, յուսալից հայեացքով նայեց հայ ժողովրդի պատմութեան, հակառակ ներկայ անյուսութեան իրավիճակին: Կորցրածը վերստին ձեռք բերելու ազգային ոգու թարգմանը հանդիսանալով, Նայիրի Դիլանեանը հեռաւոր երազ չհամարեց դա, վստահ լինելով դեռ նոր գալիք սերունդների կամքին:

Ծնողների կողմից պատրաստւած քաղցրեղէններով, սուրճով ու թէյով հիւրասիրւեցին բոլոր ներկաները, միաժամանակ ջերմ մթնոլորտում զրուցելով տօնական օրերի առաջիկայ ծրագրերի մասին, ե՛ւ հաւաքաբար, ե՛ւ անհատական հաւաքոյթների կազմակերպման շուրջ:

Ձմեռ պապին բոլորին նւէրներ էր բերել, իսկ հիւրերից ոմանք էլ իրենց կողմից բերւած նւէրները յանձնեցին Ձմեռ պապիին, որպէսզի բազմաթիւ առիթներով զւարճացնի երեխաներին, քաղցր ժպիտներ եւ հիացման պահեր խլելով նրանցից:

Ձմեռ պապին երեխաներին նւէրներ բաշխելուց առաջ, նրանցից արտասանութիւն էր պահանջում, որի ի պատասխան՝ նրանք իրենց սովորածները անգիր ասում էին:

Կրթարանի ուսուցիչներից Կարէն Սարգսեանը աճպարարական մի քանի ելոյթներ ունեցաւ, խորապէս զարմացնելով երեխաներին: Նա թղթէ դատարկ պարկի միջից իրեր էր դուրս բերում, շփոթի մատնելով երեխաներին, որոնք նախապէս ստուգել էին պարկի դատարկ լինելը:

Ամանորի սոյն ծրագրի եզրափակիչ խօսքով հանդէս եկաւ առաջնորդ Սրբազան Հայրը: Մեր ժողովրդի ողջ պատմութեան ընթացքում ուրախութեան ու տրտմութեան իրար միազանգւած լինելու մասին բազմաթիւ օրինակներ տւեց Սրբազան Հայրը, սակայն միշտ դրական ելքի դուռը բաց ներկայացնելով, մեր ազգի ու հայրենիքի ապագայի համար. «Հպարտ պիտի լինենք մեր հայ լինելուն, եւ ոչ թէ ամաչենք կամ յուսահատւենք: Մեր պարտականութիւնն է, նոր սերնդին իր հայութեամբ հպարտ լինելու զգացմունքը փոխանցել. այլապէս նրանք յանցաւոր են համարելու մեզ մի օր»,- ասաց Սրբազան Հայրը, աւելացնելով. «Եթէ մենք չտեսնենք, մեր յետնորդ սերունդները անպայման տեսնելու են վերածնւած մեր ժողովրդին, իր հզօր հայրենիքով»,- եզրակացրեց նա:

Երեխաները Ձմեռ պապիի հետ լուսանկարւելով, առաջիկայ տարւայ համար իրենց ստանալու նւէրների ապսպրանքը կատարելով զւարճացան, միշտ խանդավառ պահելով կենտրոնատեղիի սրահը եւ բոլոր ներկաներին:

Առնչւող Յօդւածներ

Back to top button