Ատրպատական

Ատրպատականի հայոց թեմի զեկուցական նիստը՝ ազգ. Կենտրոնական վարչութեան

Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Յունւարի 16-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը եւ Թեմական խորհրդի ատենապետ Գագիկ Ջորջեանը համացանցային ուղիղ միացումով մասնակցեցին ազգային Կենտրոնական վարչութեան քաղաքական ժողովի լիակատար նիստի թեմերի յատկացւած զեկուցային ժողովին:

Նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի, նիստը մօտ մէկ ժամ տեւողութեամբ յատկացւեց Ատրպատականի հայոց թեմի աշխատանքային զեկոյցին, որը ժողովականներին մատուցեցին թեմի ներկայացուցիչները՝ առաջնորդ Սրբազան Հայրը եւ Թեմական խորհրդի ատենապետը:

Եկեղեցական, հոգեւոր, կրթական, միութենական, յարաբերական եւ այլ ոլորտների մասին զեկոյցներից բացի, նիստը ընդգրկեց նաեւ առաջիկայ ծրագրերի մասին մօտաւոր պատկերացումներ, ինչպէս Ս. Թադէի վանքի ուխտագնացութիւնների 70-ամեակի նշում, Ս. Ստեփանոս Նախավկայի վանքին առնչւած նոր ծրագրեր, ինչպէս նաեւ երիտասարդութեան կազմաւորման վերաբերեալ աշխատանքներ:

Նիստը զբաղւեց նաեւ թեմի շինարարական աշխատանքների քննարկմամբ, որի անցեալ իրավիճակի եւ ապագայ ծրագրերի մասին զեկուցեցին թեմի ներկայացուցիչները: Հարց-պատասխանի մասում առաւել եւս յստակացաւ տեղի ունեցած շինարարական աշխատանքների արդիւնքը, իսկ ապագայի համար բացատրականներ տրւեցին երկու կողմերից, թեմի համար շահաբեր արդիւնքի հասնելու համար:

Աւարտին Վեհափառ Հայրապետը իր օրհնութիւնը եւ բարձր գնահատանքը յայտնեց Ատրպատականի հայոց թեմին, որ հայ եկեղեցու հնագոյն թեմը լինելով, միշտ կանգուն եւ կայտառ է պահում հայութեան կեանքը Իրանի Իսլամական Հանրապետութեան հիւսիսային մասում, Հայաստանի հարեւանութեամբ, օրինակելի քաղաքացիների պահւածքով եւ առաջադիմութեամբ:

Սրբազան Հայրը եւ Թեմական խորհրդի ատենապետը որդիական երախտագիտութիւն յայտնեցին Նորին Սրբութեան, ինչպէս նաեւ շնորհակալութիւն՝ Կենտրոնական վարչութեան անդամներին՝ թեմի հանդէպ մնայուն հետաքրքրութեան եւ հոգածութեան համար:

Առնչւող Յօդւածներ

Back to top button