Ատրպատական

Տեառնընդառաջի առիթով խարոյկահանդէս` ՀՕՄ-ի Թաւրիզի կրթարանի բակում

Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Երեքշաբթի, փետրւարի 13-ին, առաւօտեան ժամը 11-ին, ՀՕՄ-ի Թաւրիզի կենտրոնի «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզ-նախակրթարանի շրջափակում փոքր խարոյկ բոցավառւեց, որպէսզի իրենց կրթարանի հովանու ներքոյ եւս սաները սովորեն մեր եկեղեցական ու ազգային աւանդութիւնները:

Սոյն ծրագիրը կազմակերպւել էր ՀՕՄ-ի վարչութեան եւ կրթարանի ուսուցչական կազմի միջոցով: Քաջալերելու համար սոյն դաստիարակիչ ձեռնարկը, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը ներկայ գտնւեց, ընկերակցութեամբ ազգայինների: Ծրագրին ներկայ գտնւեցին, նաեւ երեխաների ծնողները:

Սրբազան Հայրը, ուսուցիչներն ու ծնողները, երեխաների ձեռքից բռնած եւ շրջանակ կազմած, կրակի շուրջ պտտւեցին: Նոյն պահին ամփոփ բացատրութիւն տրւեց նրանց, սոյն տօնի եւ դրան կապւած աւանդութիւնների մասին: Խարոյկի շուրջը պտտւելով, երեխաները իրենց սովորած երգերն ու արտասանութիւնները կատարեցին, եւ բարեմաղթանքներ ասելով, գարու հատիկներ գցեցին կրակի մէջ: Կրակի բոցավառումից յետոյ սկսւեց դրա վրայից թռնելու խաղը: Մեծերի օգնութեամբ երեխաները թռան կրակի վրայով, ընտելանալով մեր ազգային աւանդութիւններին: Ուսուցչուհիներ՝ Նայիրի Դիլանեանի, Անի Դիլանեանի եւ Կարէն Սարգսեանի օժանդակութեամբ, բոլոր երեխաները թռան կրակի վրայից:

Խարոյկահանդէսից յետոյ, ներկաները համախմբւեցին ՀՕՄ-ի յարկի տակ եւ ծնողների կողմից հիւրասիրւեցին խմորեղէնով եւ թէյով: Ուսուցչուհի Նայիրի Դիլանեանը ողջունեց բոլորի ներկայութիւնը կրթարանի յարկի տակ, մաղթելով, որ ազգային մեր կեանքը Հայրենիքում եւ Սփիւռքում շուտով կը վերագտնի իր փառքն ու ապահովութիւնը: Այս առիթով կրթարանի սաները իրենց սովորած երգերից կատարեցին, խանդավառելով ներկաներին:

Սրբազան Հայրը գնահատեց վարչութեան, ուսուցչական կազմին եւ ծնողներին, ազգային աւանդութիւնների նկատմամբ ունեցած բծախնդրութեան համար. «Ով որ իր անցեալից կտրւի, ներկայում թոյլ, իսկ ապագայում՝ անորոշութեան յանձնւած կը լինի: Նման ձեռնարկներով երեխաների կեանքում հիմք է դրւում, որի վրայ բարձրանալու է մեր ազգային ու եկեղեցական աւանդութիւնների շէնքը»,- ասաց Սրբազան Հայրը:

Առնչւող Յօդւածներ

Back to top button