Թեհրան

Հանդիպում Ուսանողական ֆոնդի մարմնի ներկայացուցիչների հետ

Հինգշաբթի, փետրւարի 1-ին, Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը հանդիպում ունեցաւ Ուսանողական ֆոնդի մարմնի ատենապետ Ալբերտ Լազարեանի եւ ատենադպիր Արմանդ Դրօրի հետ:

Հանդիպման սկզբում ընդհանուր անդրադարձ կատարւեց ֆոնդի գործունէութեանը, մասնաւորապէս վերջին ամիսների ու ապագայ ծրագրերին:

Նշւեց, որ ուսման նպաստ ստացող մի շարք ուսանողների շրջանաւարտ լինելով, ստեղծւել է նոր ուսանողների ընդունման հնարաւորութիւն, եւ այս ուղղութեամբ խորհրդակցութեան արդիւնքում որոշւեց Ուսանողական ֆոնդի ներկայացուցիչները հանդիպում ունենան Հայ Համալսարանականների Ընդհանուր միութեան վարչութեան հետ, նաեւ 12-րդ օղակի դասարանի աշակերտ-աշակերտուհիների համար ֆոնդի գործունէութեան եւ առաքելութեան ծանօթացման հանդիպումներ կազմակերպելու նպատակով՝ խորհրդակցութիւն տեղի կունենայ Կրթական խորհրդի հետ:

Անդրադարձ կատարւեց նաեւ ուսանողներին, որպէս օժանդակութիւն տրամադրւող տարեկան սակերը բարձրացնելու պայմաններին եւ հնարաւորութիւններին, որոնց կապակցութեամբ առ ի քննարկում Թեմական խորհրդին է ներկայացւելու մարմնի առաջարկութիւնները:

Հանդիպման ընթացքում Նորայր Արամեանը ընդգծեց կրթական ոլորտում ներդրում ունենալու ապագայ դրական ազդեցութիւնը եւ այս ուղղութեամբ ֆոնդի գործունէութեան կարեւորութիւնը, որի համար նշեց, որ հարկ է աշխատանքները ներկայ պայմաններին համապատասխան եւ նպատակասլաց ուղղութեամբ առաջնորդել: Նա վստահեցրեց, որ Թեմական խորհուրդն իր հնարաւորութեան սահմաններում հովանաւորելու եւ նեցուկ է հանդիսանալու աշխատանքների ընթացքի դիւրացմանն ու սահունացմանը:

Ազգային առաջնորդարանի Հանրային կապի գրասենեակ

Առնչւող Յօդւածներ

Back to top button