Թեհրան

Հանդիպում-զրոյց իրանահայ գրականութեան շուրջ

Ուրբաթ, փետրւարի 23-ին, իրանահայ Գրողների միութեան նախաձեռնութեամբ, «Ռոստոմ» մշակութային համալիրում տեղի ունեցաւ գրական հանդիպում-զրոյց՝ միութեան վաղեմի անդամ բանաստեղծ-գրող Նորվանի հետ, նիւթը՝ «իրանահայ գրականութիւն»:

Բացման խօսքում միութեան փոխնախագահ Աշխէն Եղիայեանը ամփոփ կերպով անդրադարձաւ Նորվանի կենսագրականին ու գրական գործունէութեանը, ըստ որի, Նորվանը, բուն անունով Նորիկ Միքայէլեան, ծնւել է Ատրպատականի երբեմնի հայաբնակ՝ Ղարադաղ գաւառում, աւարտել է Երեւանի Պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1987-ին լոյս է տեսել նրա բանաստեղծութիւնների առաջին ժողովածուն՝ «Արթնութիւն» խորագրով, այնուհետեւ 1999-ին հրատարակւել է «Ու դեռ չքաղւած մի բուռ ընկոյզներ» գրքոյկը, ապա 2006-ին՝ «Այս տողերը տառապում են ջերմախտով» բանաստեղծութիւնների ժողովածուն: Իր գրչին է պատկանում նաեւ «Այստեղ ձիւները չեն հալւում» գիրքը:

Վերջերս հրատարակւել է Նորվանի «Թրասքիխէն» խորագրով պատմւածքը, որտեղ նկարագրւած է նոր հորիզոններ որոնող արտագաղթողների կեանքն ու ապրումները Վիեննայի ճամբարում:

Նորվանն ունի թարգմանութիւններ, այդ շարքից են՝ «Ես ցաւ եմ համընդհանուր»՝ լոյս տեսած 1992-ին եւ «Յազկերտի մահը»՝ 1999-ին: Թարգմանել է իրանցի ժամանակակից անւանի բանաստեղծ՝ Ահմադ Շամլուի բանաստեղծութիւնները: Իրանական բանաստեղծութեան հայերէն թարգմանութիւնների ընտրանին լոյս է տեսել Երեւանում 1992-ին:

Նորվանը եղել է «Հանդէս» գրական պարբերականի խմբագրական կազմի անդամ: Աշխատակցել է Իրանի հայերէն ռադիոժամի հետ՝ որպէս գրող, թարգմանիչ ու հաղորդավար: Դասախօսել է Թեհրանի Իսլամական Ազատ համալսարանի հայոց լեզւի ու գրականութեան ամբիոնում: Դասախօսել է նաեւ Թեհրանի Հայերէնագիտական երեկոյեան դասընթացներում: Տարիներ դասաւանդել է Թեհրանի հայոց դպրոցներում՝ հայ մատաղ սերնդին հաղորդակից դարձնելով մայրենի լեզւին ու գրականութեանը: Ներկայիս պաշտօնավարում է հայոց «Նայիրի-Սողոմոնեան» ազգային դպրոցում:

Նորվանը ակնարկեց գրեթէ անցեալ դարից սկիզբ առած իրանահայ գրականութեանը, որը հիմնականում չափածոյ ստեղծագործութիւններ են: Արձակի ոլորտը չի զարգացել, որի պատճառը առկայ պայմաններն են, երբ գրողը չի կարողանում ամբողջութեամբ նւիրւել գրականութեանը: Նշեց իրանահայ գրականութեան անդաստանում գործող մի քանի անուններ, ակնարկեց «Նոր էջ» գրական խմբին, շեշտեց նաեւ, որ իրանահայութիւնը մասամբ ամփոփւած է եղել իր մէջ եւ թարգմանական ոլորտին բաւարար ուշադրութիւն չի դարձրել: Ապա անցաւ զրոյցի բաժնին՝ անդրադառնալով դահլիճի արտայայտութիւններին ու հարցումներին: Ներկաների ցանկութեամբ անդրադարձաւ նաեւ իր վերջին գրքին՝ «Թրասքիխէն»-ին:

Վերջում, միութեան փոխնախագահը վարչութեան անունից գնահատական խօսք ասաց բանախօսին, ապա վարչականների ձեռամբ Շնորհակալագիր յանձնւեց շնորհալի միութենականին:

Կազմեց Է. Յ.

Առնչւող Յօդւածներ

Back to top button