Թեհրան

Նշանաւորւեց Հայ Համալսարանականների Ընդհանուր միութեան 80-ամեակը

Վարդան Վարդանեան. «Միութեանն անդամակցած ուսանողներից շատերին այսօր կարելի է երկրի յայտնի գիտաշխատողների շարքերում տեսնել»

«ԱԼԻՔ» – Ուրբաթ, դեկտեմբերի 15-ին, Հայ Համալսարանականների Ընդհանուր միութեան «Նիկոլ Աղբալեան» սրահում տեղի ունեցաւ նոյն միութեան 80-ամեակին նւիրւած հանդիսաւոր միջոցառումը, որին մասնակցող միութենականների շարքերն էին համալրել նոյն միութեանն անդամակցած աւագ սերնդի ներկայացուցիչները, անւանի գիտաշխատողները, միութեանն անդամակցող խորհրդարանի նախկին եւ ներկայ պագամաւորները, Թ.Հ.Թ. Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի ատենապետերը, հոգեւոր հայրերը, եւ ԻԻՀ-ում ՀՀ դեսպանութեան մշակութային հարցերով խորհրդականը:

Միջոցառումն ընթացք առաւ Հ.Հ.Ը.Մ.-ի պատմական անցեալի մասին պատմող Կարէն Մնացականեանի պատրաստած վաւերագրական ֆիլմով, որտեղ հիմնադիր սերնդի գործունէութեան մասին արւած անդրադարձով հանդէս եկան տարբեր շրջաններում վարչութեանն անդամակցած անդամներ եւ ազգային գործիչներ: Ֆիլմում յատուկ կարեւորութեամբ անդրադարձ կար նաեւ Իսլ. յեղափոխութեան յաղթանակին յաջորդած շրջանի մասին, որտեղ խիստ քաղաքականացւած տրամադրւածութեան ֆոնին հայ ուսանողներին յաջողւեց՝ մէկը միւսի կարծիքը յարգելու փորձաքարը յաղթահարելով առաջ շարժւել միութենական ոգով:

80-ամեակի յանձնախմբի անունից հանդէս գալով Լուսինէ Միքայէլեանը բացւած յայտարարելով յոբելեանական միջոցառումը, բեմ հրաւիրեց միութեան գործող վարչութեան նախագահ Խաչատուր Խաչատրեանին:

Միութեան նախագահը կարեւորելով ազգային մարմինների հետ կողք-կողքի քայլելու միութեան փորձը, նշեց նաեւ, որ նոյն միութեան յարկի ներքոյ իրականացւած աշխատանքների արդիւնքում համայնքային կեանք են մուտք գործել միութեանն անդամակցած բազմաթիւ ուսանողներ, ովքեր անհերքելի ներդրումն են ունեցել համայնքի զարգացմանն ու անհրաժեշտ նկատւող ծրագրերում:

Իսլ. խորհրդարանում 4 շրջան Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան ներկայացրած ճրտ. Վարդան Վարդանեանը, ով նաեւ Հ.Հ.Ը.Մ.-ի վարչութիւնը նախագահելու բազմամեայ փորձ է ունեցել, օրւայ բանախօսի հանգամանքում նշեց, որ երբ Երկրորդ Աշխարհամարտի բոցը դեռ սպառնում էր կլանել աշխարհը, իսկ Իրանը եւս յայտնւել էր պատերազմող ջրերի թատերաբեմում, բժշկագիտականի մի խումբ հայ երիտասարդներ, գիւղական շրջաններից Թեհրան տեղափոխւած հայերին բժշկական օգնութիւններ տրամադրելու նպատակով համախմբեցին ուժերն ու կամքը, առաջին աղիւսի օրինակով 1943 թւականին հիմքը դրեցին Հայ Համալսարանականների Ընդհանուր միութեանը:

Բանախօսը յուշեր պատմելով տարբեր ժամանակաշրջաններում միութեան որդեգրած ընթացքի եւ ուսանողութեան գիտակից կեցւածքի մասին, պատմեց, թէ ինչպէս է հնարաւոր դարձել յետյեղափոխական շրջանում հանդարդացնել ուսանող անդամների քաղաքական կրքերը, որոնք աւելի շատ ազդւած եւ պայմանաւորւած են եղել ժամանակի անցուդարձերից, քան քաղաքական-գաղափարական ենթատեքստ ունեցող ընդհարումներից:

Միջոցառման մէկ այլ հատւածում ներկաներին ներկայացւեց «Տաւիղ» երգչախմբի ստեղծման անցեալն ու պատմութիւնը, որի ընթացքում ներկաներն առիթ ունեցան վայելելու նաեւ երգչախմբի կատարումները:

«Տաւիղ» երգչախմբի հիմնադրման 35-ամեակի առիթով Հ.Հ.Ը.Մ. վարչութեան անունից յատուկ յուշանւէրով պարգեւատրւեց Արփի Սիմրոջեան-Նազարեանը: Անւանի խմբաւարին յուշանւէրը յանձնելու արարողակարգի համար միութեան վարչութեան նախագահի հետ միասին բեմահարթակ հրաւիրւեցին խորհրդարանի պատգամաւոր դոկտ. Արա Շահվերդեանը, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ Նորայր Արամեանը, ում ձեռամբ էլ տեղի ունեցաւ գնահատագրերի եւ յուշանւէրի յանձնումը:

Ընթացքում տեղի էր ունենում ուղերձների ընթերցում, որոնց շարքից կարելի է առանձնացնել միեւնոյն օրն ու պահին իր 60-ամեակը նշանաւորող Հ. Մ. «Սիփան» միութեան ուղերձը:

Ծրագրի պաշտօնական ելոյթները եզրափակւեց Տէր Արիստակէս քհնյ. Շահմիրեանի միջոցով ընթերցւած Սրբազան Հօր ուղերձով:

Հանդիսաւոր ծրագրի գեղարւեստական բաժինը վստահւած էր ժամանակին միութեանն անդամակցած արւեստի գործիչներին, համայնքիս կտրւածքով երգարւեստի երեւելիներին ու ասմունքողներին: Նոյն գծով երգային կատարումներով ելոյթ ունեցան Հանրի եւ Շաքէ Յարութիւնեանները, Լուիզա Աւետիսեանի դաշնամուրային նւագակցութեամբ:

Ասմունքային կատարմամբ հանդէս եկաւ Աննա Զարգարեանն, ում դաշնամուրային մենակատրումով յաջորդեց միութեան ներկայ սերնդից՝ Էնջելինա Ղարիբեանը:

Միջոցառման պաշտօնական բաժնի աւարտին Կազմակերպիչ յանձնախմբի միջոցով հատւեց 80-ամեակի առիթով պատրաստւած տորթը:

Առնչւող Յօդւածներ

Back to top button