Մշակութային

Լւացք

Կար մի փոքրիկ տղայ, որը չգիտէր ու չէր հասկանում, թէ ինչո՞ւ են մարդիկ պատերազմում ու իրար դաժանաբար սպանո՞ւմ, թէեւ լսում էր,- քարտէզներ, աշխարհագրական դիրքեր, երկրներ, ազգեր, պետութիւններ, տարածքներ, որոնք ունեն նաեւ պատմական բնոյթ, սահմաններ, որոնք ժամանակի ընթացքում փոփոխւել են եւ կարող է փոփոխւել, այդ սահմաններն են պատճա՞ռը:

– Բալես արի շորերդ փոխի, կեղտոտւել է, լւացք եմ անում, նոր շորեր հագի, կանչեց մայրը:

– Մամ, իսկ եթէ շորերիս հետ այս մեր երկրագունդն էլ գցէինք լւացքի մեքենան մաքրւէր կեղտից, յետոյ փռէինք չորանար նոր սահմաններով, սահմանների տեղերը փոխէինք, գուցէ մարդիկ նոր հարեւանութեամբ նոր սահմաններով, էլ չպատերազմէի՞ն իրար հետ…:

– Էհհ… բալես, միեւնոյնն է, մարդ արարածը իր պատմութեան ընթացքում թէկուզ սահմանները փոխւել են, բայց յաճախ մնացել է անհաշտ, թշնամաբար տրամադրւած հարեւան սահմանակից երկրի հետ աչքը նրա տարածքի վրայ, պատճառը սահմանը չի բալես, դա մարդկութեան գենետիկ դեֆեկտի պահանջն է, շատ ունենալը, ագահութիւնը, ամբողջն ունենալը, արի շորերդ փոխի, լւացք եմ անում:

Այդ փոքրիկ տղան էլ իր մտքում լւացք էր անում, երկրագունդն էր լւանում եւ մաքուր կեղտից, նոր սահմաններով փռել էր արեւին որ չորանայ:

Այդ փոքրիկ տղան չգիտէր, որ սկսած նախնադարեան մարդուց եղել է կենսական պահանջ իր տարածքն ու տեսադաշտը պատկերելը եւ պաշտպանելը ու ուրիշինը գրաւելը, չգիտէր, որ դա աւելի հրատապ դարձաւ պետութիւնների ձեւաւորման ժամանակաշրջանում, որ իւրաքանչիւր տիրակալ պէտք է թղթի վրայ տեսնէր իր տիրակալութեան տարածքը եւ ուղիներ փնտրել անյայտ տարածքների յայտնաբերման եւ նւաճողական արշաւանքներ ու պատերազմներ վարել այդ տարածքը իրենը դարձնելու համար: «Իրենը դարձնելու» հէնց այս պահանջներն էլ հիմք են դարձել քարտէզի գաղափարի ծագման եւ իրականացման համար: Սա իմն է, սա էլ է իմը, նա էլ է իմը:

Այդ փոքրիկ տղան չգիտէր, որ պատերազմները հետապնդել է եւ հետապնդում է սահմանակից հարեւան «հակառակորդի» տարածքները գրաւելու, իրենը դարձնելու եւ սեփական կամքը պարտադրելու նրան, հակառակ կողմին իշխելը եւ սեփական կամքը թելադրելն է, ուժի գործադրմամբ ազդել է միւսի վրայ, ստիպել նրան հրաժարւել իր ազատութիւնից, սեփականութեան իրաւունքից: Այդ փոքրիկ տղան չգիտէր, որ պատերազմը դա քաղաքականութեան շարունակութիւնն է այլ բռնի միջոցներով։ Քաղաքական ղեկավարութիւնից է կախւած, սկսել պատերազմը, եւ դադարեցնել պատերազմը:

Այդ փոքրիկ տղան չգիտէր, որ պատերազմը քաղաքական ղեկավարութիւնների կողմից ստեղծած մի վայր է, որտեղ իրենցից աւելի երիտասարդները, երկու հակառակորդ բանակների, ովքեր չեն ճանաչում միմեանց եւ առանձնապէս չեն ատում միմեանց, բայց սպանում են միմեանց հեռւից հեռու առանց իրար տեսնելու, հիմնւելով իրենց քաղաքական ղեկավարութիւնների կայացրած որոշումների վրայ, ովքեր միմեանց ճանաչում են եւ ատում են միմեանց, բայց չեն սպանում միմեանց, բայց նրանց յաջողւում է ատելութիւն սերմանել ու հրահրել մարդկանց, որ իրար ատեն եւ դաժանաբար ոչնչացնեն:

– Մամ, իսկ եթէ շատ-շատ տաք ջրով լւանաս երկրագունդը լւացքի մեքենայի մէջ, որ սամանները ջնջւեն ու սահմաններ չլինեն, որ երկրները սահմանների համար չպատերազմեն, այլ համերաշխ ու սիրով ապրեն իրար հետ այդպէս չի լինի՞…

– Չէ բալես, այդպէս չի լինի, գուցէ կը լինի, երբ պատերազմներ հրահրող մարդկանց ուղեղները շատ-շատ տաք ջրով լւանաս լւացքի մեքենայի մէջ, որ մաքրւեն իրենց գենետիկ դեֆեկտից, ագահութիւնից, իշխանութեան մոլուցքից եւ յարգեն միմեանց պատմական ժառանգութիւնը, մշակոյթը եւ ազատութիւնը:

– Վայյյ, ինչ լաւ կը լինի մամ, ու էլ մարդիկ իրար չեն սպանի՞…

– Չէ, այդ դէպքում էլ իրար չեն սպանի բալես, երբ մաքրւեն ու ազատւեն իրենց գենետիկ դեֆեկտից, բոլոր չարագործութիւնները այս Երկիր մոլորակի վրայ, դրանք մարդկութեան գենետիկ դեֆեկտի չար պտուղներն են:

– Դէ արի բալես, արի շորերդ փոխի, լւացք եմ անում:

Իսկ այդ փոքրիկ տղան իր մտքի մէջ լւանում էր ու լւանում երկրագունդը, որ մաքրի նրան մարդկութեան գենետիկ դեֆեկտի արտադրած չար աղբից:

ԱԼԻԿ ԱՍԱՏՐԵԱՆ

Առնչւող Յօդւածներ

Back to top button