Մշակութային

Դարիւշ Մեհրջուին ու նրա կինը՝ սպանութեան զոհ

«ԱԼԻՔ» – Իրանի անւանի ռեժիսոր Դարիւշ Մեհրջուին եւ նրա կինը՝ յայտնի սցենարիստ՝ Վահիդէ Մոհամմադիֆարը սպանւել են իրենց ամառանոցոմ:

«Խանէ սինեմա»-ի նախագահ Մոհամմադ-Մեհդի Ասղարփուրը ԻՍՆԱ-ին տւած հարցազրոյցում հաստատել է Դարիւշ Մեհրջուիի եւ նրա կնոջ՝ Վահիդէ Մոհամմադիֆարի սպանութեան մասին լուրը, որը չպարզւած հանգամանքներում տեղի է ունեցել Քարաջում գտնւող իրենց ամառանոցում:

Աղբիւրի համաձայն՝ դէպքը տեղի է ունեցել Զիբադաշտում (Մեշքին Աբադ), իսկ տեղի ունեցածի մասին ոստիկանութեանն է յայտնել Դարիւշ Մեհրջուիի դուստրը՝ Մոնա Մեհրջուին։

Նահանգային ոստիկանապետ Սարդար Հադաւանդն ԻՍՆԱ-ին տեղեկացրել է, որ  սպանութիւնը տեղի է ունեցել պարանոցի եւ մարմնի տարբեր հատւածներին հասցւած սառը զէնքի վնասւածքներից, սակայն  միջադէպի եւ դրա հեղինակների ու դրդապատճառների մասին այլ մանրամասներ դեռ պաշտօնապէս չի հրապարակւել:

Յիշեցնենք, որ Դարիւշ Մեհրջուին իրանական կինոյի «Նոր Ալիքի» ամենավառ ներկայացուցիչներից է, ով նկարահանել է «Համուն», «Մինայի շրջագիծը», «Կով», «Վարձւորները», «Սարա», «Փերի», «Լէյլա», «Մեհմանէ մադար», «Սանթուրի» եւ մի շարք այլ ֆիլմեր։

Նրա վերջին ֆիլմը «Լա-մինորն» էր, որը նկարահանւել է 2018 թւականին:

Մեհրջուին եղել է նաեւ «Ոսկէ Ծիրան» կինոփառատօնի մեծարւողների ցուցակում, ինչպէս նաեւ նոյն փառատօնի ժիւրիի անդամ:

Առնչւող Յօդւածներ

Back to top button